Թաիլանդական քարանձավում մնացած 12 երեխաներից ութին փրկել են: Ամբողջ աշխարհն է հետևում գործողության ընթացքին
Փրկարարներն ազատել են Թաիլանդի քարանձավներից մեկում փակված 12 երեխաներից ութին: Փրկարար գործողությունը տևել է մոտ 10 ժամ, ինչը գերազանցել է փորձագետների սպասումները. նրանք կարծում էին, որ ամենալավատեսական կանխատեսումներով՝ գործողությունը ոչ պակաս, քան 12 ժամ կտևի, հաղորդում է CNN—ը:
Բոլոր փրկված երեխաները հոսպիտալ են տեղափոխվել:
Ավելի քան 2 շաբաթ առաջ ֆուտբոլի մանկական թիմը, որը կազմված է 11-16 տարեկան 12 տղաներից և նրանց մարզչից, կորել էր Թաիլանդի հյուսիսում գտնվող քարանձավում: Թիմի մարզիչը պարբերաբար իր սաներին էքսկուրսիաների էր տանում, այս արշավը դրանցից մեկն էր:
Անձրևների սեզոնին Թաիլանդի քարանձավները ջրով են լցվում, ինչի պատճառով թիմը չի կարողացել դուրս գալ քարանձավից, թեև նրանց գտնվելու վայրը հայտնաբերվել էր փրկարարների կողմից:
Փրկարարական գործողությունում մասնակցում է 40 թաիլանդացի և 50 արտասահմանյան մասնագետ: Գործողությունը միանգամից չէին կարող սկսել, քանի որ ջրի բարձր մակարդակի դեպքում երեխաներին և նրանց մարզչին հնարավոր չէր լինի դուրս բերել: Սակայն, քանի որ Թաիլանդում նոր աձրևներ էին սպասվում, որոնք ամբողջությամբ կարգելափակեին քարանձավում գտնվողներին, որոշում է կայացվել սկսել գործողությունը:
Հուլիսի 6-ին քարանձավում զոհվեց փրկարարներից մեկը, որը քարանձավ թթվածնային բալոններ էր հասցնում: Թայլանդացի Սաման Գունանին թթվածինը չի հերիքել, երբ նա սկսել է վերադառնալ:
Փրկարարները կվերսկսեն գործողությունը հուլիսի 9-ին: Քարանձավում նախկինի պես մնում է 8 երեխա և նրանց 25-ամյա մարզիչը:
Համաշխարհային հանրությունն ուշադիր հետևում է Թաիլանդում կատարվող իրադարձություններին:
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Իլոն Մասկն, իր օգնությունն է առաջարկել երեխաներին փրկելու գործում: Նա առաջարկել է իր հրթիռներից մեկի կորպուսից (նրա SpaceX ընկերությունը զբաղվում է հրթիռաշինությամբ) մինի-սուզանավ սարքել, որը կարող է հասնել քարանձավում փակված երեխաներին:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն քարանձավում հայտնված թիմին արդեն հրավիրել է Մոսկվայում հուլիսի 15-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին: