Ընտրություններում կատարված կեղծիքների դեմ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը հացադուլ է հայտարարել
Կիսվել
Կիսվել
Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ Էլման Գուլիևը փետրվարի 27–ին հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է չեղարկել Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների արդյուքնները։
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններըկայացել են փետրվարի 9–ին։ Դրանցում հերթական անգամ հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը։ Տեղի անկախ դիտորդների և միջազգային կազմակերպությունների մեծ մասի կարծիքով՝ դրանք ոչ ժողովրդավարական են եղել, բազում խախտումներ են եղել։ Անկախ թեկնածուներն ու ընդդիմադիր կուսակցություններն արդեն բողոքի մի քանի ակցիա են անցկացրել՝ պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները, սակայն դրանք բոլորը ցրել է ոստիկանությունը։
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության երիտթևի ղեկավար Էլման Գուլիևը նույնպես իր թեկնածությունն էր առաջադրել որպես պատգամավոր։ Նրա ընտրատարածքից ընտրվել էր իշխող կուսակցության թեկնածու Սաբինա Հասիևան։
Իր բողոքի հացադուլն ընդդիմադիրն անցկացնում է «Մուսավաթի» շտաբ–բնակարանում։
«Ես այլ ելք չունեմ, քան ընտրությունների արդյունքների չեղարկման հասնելը հացադուլի միջոցով։ Մեր բողոքները ձևականորեն են հետաքննվել, մեր խաղաղ բողոքի ակցիաները ցրվել են ոստիկանության կողմից։ Մեզ՝ պատգամավորի թեկնածուներիս, ապօրինի ձերբակալել են։ Ընտրական հանձնաժողովը, մինչև վերջ չհետաքննելով բոլոր բողոքները, դրանք ուղարկել է Սահմանադրական դատարանի հաստատմանը։ Հացադուլը կեղծիքների դեմ բողոք արտահայտելու վերջին հուսահատ փորձն է», – Գուլիևի խոսքերն է մեջբերում«Կավկազսկի ուզելը»։
Գուլիևն ասում է, որ առաջին իսկ օրն իրեն զորակցելու է եկել ավելի քան 200 մարդ։
Սրանից առաջ «Մուսավաթի» անդամները հացադուլ արդեն հայտարարել էին՝ որպես իշխանությունների այս կամ այն գործողությունների հետ անհամաձայնության նշան, սակայն, որպես կանոն, որոշ ժամանակ անց դադարեցրել են այն առողջական վիճակի վատթարացման պատճառով։
Էլման Գուլիևը (կենտրոնում) նրան զորակցելու եկած համախոհների հետ։ Պատի վրա գրված կարգախոսները՝ «Ոչ՝ կեղծված ընտրություններին» և «Ազատ ընտրություններ» (Facebook)