Ընդդիմության ցույցը Բաքվում․ կեղծ մասնակիցներ, դիմակայություն ոստիկանության հետ, 30 ձերբակալված
Բաքվի կենտրոնում կայացել է Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային ընդդիմադիր խորհրդի (ԺՈՒԱԽ) ցույցը։ Իշխանությունն արտոնել է միայն 50 հոգու մասնակցություն, սակայն եկել էր ավելի շատ մարդ։ Արդյունքում ոստիկանությունը ցրել է «ավելորդներին»։ Շուրջ 30 մարդ է ձերբակալվել՝ ըստ նախնական տվյալների։
• Թբիլիսյան ցույցերի կիսաճամայկացի մասնակիցը
Նախապատմություն․ պայքար արևի տակ տեղի համար
Նախկինում ընդդիմությունը հանրահավաքներն անցկացնում էր «Մեհսուլ» մարզադաշտում Բաքվի ծայրամասային թաղամասերից մեկում։ Այն քաղաքի ուրվագծում միակ վայրն էր, որտեղ իշխանությունները թույլ էին տալիս հավաքվել։
Սակայն սեպտեմբերի սկզբին մարզադաշտը փակվել է կապիտալ վերանորոգման։
Ազգային խորհուրդը փորձել է թույլտվություն ստանալ հանրահավաքը քաղաքի մեկ այլ մասում կենտրոնին մոտ անցկացնելու համար։ Հանրահավաքի թեման պետք է լինեին քաղբանտարկյալները, կոռուպցիան և իշխանությունների ուղղված այլ պահանջներ։
Սակայն իշխանություններն ընդդիմությանն առաջարկել են հավաքվել Լոքբաթանում՝ Բաքվին մոտ գտնվող ավանում։ ԺՈՒԱԽ-ը հրաժարվել է քաղաքից դուրս անցկացնել հանրահավաքը։
Արդյունքում, հաջողվել է ոչ թե հանրահավաքի արտոնություն ստանալ, այլ Բաքվի գործադիր իշխանության շենքի մոտ գտնվող փակուղում փոքր ցույցի։ Այդ առնչությամբ ԺՈՒԱԽ-ը որոշել է փոխել թեման։ Ցույցը նվիրված էր հավաքների ազատությանը։
Ցույց՝ կեղծ ցուցարարների մասնակցությամբ
Ցույցը սկսվել է սեպտեմբերի 8-ին 15:00-ին։
Ցույցի որոշ չկայացած մասնակիցներ պնդում են, որ իշխանությունները նախապես այնտեղ են ուղարկել կեղծ մասնակիցների, որպեսզի 50 մարդու քանակը լրանա՝ և ուրիշ ոչ ոքի այնտեղ մտնել թույլ չտալու համար «օրինական հիմք» լինի։
Հօգուտ այս վարկածի է խոսում նաև այն, որ ոստիկանների մոտ կանգնած մի քանի անձինք պաստառ էին պարզել «Իլհամ Ալիև, մենք Ձեզ հետ ենք» գրառմամբ։ Դա զայրացրել է ընդդիմադիրներին, նրանցից երկուսը պատռել են պաստսառը, և նրանց ձերբակալել են։
Ցույցն ավարտվել էր պահանջով, որ իշխանությունները առաջնորդվեն Սահմանադրությունով ու կատարեն հավաքների ազատության ապահովման միջազգային պարտավորությունները։
Հաջորդ հանրահավաքը նշանակված է հոկտեմբերի 19-ին։
Ականատեսների պատմածը
«14:55-ին մոտեցա ցույցի անցկացման վայր։ Ողջ թաղամասը հատուկջոկատայիններ էին շղթայել։ Շուրջ 30 մարդ էր փորձում ցույցին մասնակցել, սակայն ոստիկանությունը նրանց հետ էր մղում։ Երկուսին ձերբակալեցին աչքիս առաջ»։
«Երբ մոտենում էի ցույցի անցկացման վայրին մոտ այգուն, այնտեղ մի քսան մարդ կար, որոնց հեռացրել էր ոստիկանությունն ու հաատուկջոկատայինները։ Այգուց դուրս էին վռնդում նաև մարդկանց, որոնք պարզապես նստարանին նստած էին։ Իմ ներկայությամբ չորս մարդ ձերբակալվեց։ Ինձ թվաց, որ ցրելուն մասնակցում էին քաղաքացիական հագուստով ուժայիններ․ նրանք ինչ-որ բան էին քննարկում ոստիկանության հետ, ուշադիր զննում և լուսանկարում էին ներկաներին»։