Երևանում 360 երեխա հիվանդանոցում բուժում է ստանում
Երևանում այս պահին մոտ 360 երեխա հիվանդանոցում բուժում է ստանում: Երեխաներին հոսպիտալացրել են սուր շնչառական վիրուսային վարակներներով, կան նաև թոքաբորբով հիվանդ փոքրիկներ: Նրանք հիմնականում մինչև 2 տարեկան են:
Մեծ մասը հիվանդանոց տեղափոխելու կարիք չունեին, բուժվողների թվում չկան ծանր հիվանդներ: Բժիշկները բացատրում են, որ երեխաների միայն 10 տոկոսը կհոսպիտալացվեր, եթե հիվանդությունը չհամընկներ տոների հետ, երբ պոլիկլինիկաները չեն աշխատում ողջ ծանրաբեռնվածությամբ:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը տեղեկացրել է, որ այս տարի հիվանդ երեխաների թիվն ավելի քիչ է, քան նախորդ տարիներին:
«Անցյալ տարի այս ժամանակ բաժանմունքում ոչ մի ազատ տեղ չկար: Այս տարի այդպես չէ»,- ասել է Դալլաքյանը:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական ու հատուկ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանի խոսքով, իրավիճակը բնական է՝ սեզոնային և խուճապի առիթ չկա: Նրա կարծիքով, դպրոցների և մանկապարտեզների փակման մասին դեռևս չարժե խոսել, քանի որ հիվանդացել են հիմնականում ամենափոքր տարիքի երեխաները: