Երևանում ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը
Լուսանկարը՝ Pastinfo.am-ի
Սկզբում հայկական լրատվական գործակալությունները հաղորդեցին Երևանում Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին՝ վկայակոչելով նրա ընկեր Հայկ Խանումյանի կողմից այդ փաստի հաստատումը:
Այնուհետև հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության հաստատումը: Հաղորդվում է, որ «մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում այս պահին ձերբակալված է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը»:
ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվում է նաև, որ կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։
Ներկայացված է նաև փորձագետի եզրակացությունն այն մասին, որ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար։
Ներկայումս քննությունը փորձում է պարզաբանել զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։
Նախաքննությունը շարունակվում է։
Սամվել Բաբայանը Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարն է եղել 1993-1999թթ-ին:
1994թ-ին նա ստորագրել է հրադադարի ռեժիմի հաստատման փաստաթղթերը:
2000թ-ին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա գործող նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար: 4 տարուց հետո նրան ներում է շնորհվել:
Դեպքի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից, նախնական պայմանավորվածության համաձայն, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):