Երևանում բացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ
Այսօր Երևանում բացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Դրա նպատակը մայրաքաղաքի բնակչության և գյուղացու միջև առանց միջնորդների հարթակ ստեղծելն է:
Այս տարի շուկայում իրենց արտադրանքը ներկայացրել է 120-130 ֆերմեր, ովքեր հիմնականում Հայաստանի այն մարզերից են, որտեղ բերքն արդեն հասունացել է:
Գյուղացիներին շուկայում իրենց ապրանքը ներկայացնելու համար տրամադրվում են ոչ միայն անվճար տաղավարներ, այլև կշեռքներ, որպեսզի նրանք լրացուցիչ ծախսեր չանեն:
Ի դեպ, առավոտյան տոնավաճառ է այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Վերջինս եկել էր ոչ ի պաշտոնե, այլ իր տան համար գնումներ կատարելու նպատակով:
Առևտրականներից հարցուփորձ է արել՝ ծիրանի, վարունգի գինը, համտեսել որոշ մրգեր, հետո իր տան համար առևտուր արել: Լրագրողները ֆիքսել են, որ նախարարն իր հետ ապրանքի ցուցակ է ունեցել: