Երևանյան տոնավաճառների առևտրականները բողոքում են հարկային ծառայությունների կողմից ճնշման դեմ
Այսօր երևանյան տոնավաճառների հարյուրավոր առևտրականներ Հայաստանի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք բողոքում են հարկային ծառայությունների կողմից ապրանքաշրջանառության վերահսկման դեմ, որոնք պահանջում են փաստաթղթեր ներկայացնել գնված և վաճառված ապրանքի համար, իսկ չտրամադրած դրամարկղային կտրոնի դիմաց տուգանքով են սպառնում:
Առևտրականները հայտարարում են, որ այդ պահանջների բավարարման համար նրանք ստիպված են լինելու հաշվապահ վարձել, «բնակչության գնողունակության անկման պայմաններում լրացուցիչ աշխատատեղի ստեղծումը կբերի առևտրային կետի փակմանը»: Մանր առևտրականների համար դժվար է նաև թանկարժեք հսկիչ-դրամարկղային մեքենա ձեռք բերելը գնորդներին կտրոն տրամադրելու համար: Իսկ գնված ապրանքի համար փաստաթուղթ ներկայացնել ոչ միշտ է հաջողվում, քանի որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնցից առևտրականներն ապրանք են գնում, ոչ միշտ են հաշիվ-ֆակտուրա տրամադրում:
Տոնավաճառների առևտրականները բողոքում են, որ հարկային ծառայության աշխատակիցներն ամբողջ օրը հերթապահում են տոնավաճառի դռների մոտ՝ գնորդներից պարզելով, թե արդյոք վաճառողները նրանց գնված ապրանքի համար կտրոն են տրամադրել: Նրանք այդպիսի վերահսկողությունը «հարկային տեռոր» են անվանում:
Այսօր բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանն ու նույն կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության պետ Գարեգին Առաքելյանը:
Առևտրականներն առաջարկել են շրջանառությունից ֆիքսված հարկ նշանակել: Նրանց հետ հանդիպած կառավարության ներկայացուցիչները խոստացել են մինչև վերջնական որոշում ընդունելը ժամանակավորապես դադարեցնել առևտրային համալիրների ստուգումները: