Ադրբեջանին Քարվաճառի շրջանի փոխանցումը հետաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը
Ադրբեջանին Քարվաճառի շրջանի փոխանցումը, որը պետք է տեղի ունենար այսօր՝ նոյեմբերի 15-ին, հետաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը։
Այս խնդրանքով Բաքվին է դիմել Հայաստանը Մոսկվայի միջոցով։ Որպես պատճառ են նշվել լոգիստիկ խնդիրները։
Ադրբեջանը համաձայնել է տասնօրյա հետաձգմանը։
Ադրբեջանին Քարվաճառի շրջանի փոխանցումը 2020 թ-ի նոյեմբերի 15-ին նախատեսված է եռակողմ համաձայնագրով, որը Հայաստանն, Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրել են նոյեմբերի 10-ին։
Ըստ համաձայնագրի՝ Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի և Ադրբեջանի վերահսկողությանը հանձնի Արցախի հարակից ևս երկու շրջան հետևյալ ժամանակացույցով․ մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։ Հակամարտության գոտու մնացած հատված ռուս խաղաղապահներ են մտցվել։
Համաձայնագրի այլ պայմանների թվում են․
• Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում համաձայնագրի ստորագրման պահին իրենց զբաղեցրած դիրքերում։
• Արցախի շփման գծի երկայնքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում՝ 1 960 զինծառայող։
• Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ են վերադառնում փախստականները։
• Կողմերը պետք է ռազմագերիների փոխանակում իրականացնեն։
• Բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում ապաարգեափակվում են։
• Ի՞նչը կանխորոշեց Արցախում պատերազմի ելքը։ Ռազմական փորձագետների գնահատականները
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում նոյեմբերի 15-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հաղորդել է, որ հայկական կողմի դիմումը նախագահ Իլհամ Ալիևին է հեռախոսով փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հայկական զինված ուժերը մինչև նոյեմբերի 25-ը ժամանակ են խնդրել մարդկանց տարհանման համար։ Քելբաջարի շրջանը մեծ տարածք է զբաղեցնում, և ռազմական տեխնիկան և այդ հողերում ապօրինի բնակեցված մարդկանց տարհանման համար միայն մեկ ճանապարհ կա։
Բացի այդ, Քելբաջար-Զոդ-Վարդենիս ճանապարհը բավականին նեղ է, տեղանքի ռելիեֆը բարդ է, և որոշ տեղերում այնտեղ արդեն ձյուն է եկել։
Ադրբեջանը մարդասիրական քայլ է կատարել Քելբաջարի շրջանում ապօրինի բնակեցված խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար, և նրանք այդ շրջանը կլքեն մինչև նոյեմբերի 25-ը», — ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Մինչև նոյեմբերի 20-ը հայկական ուժերը պետք է ազատեն Աղդամի շրջանը, իսկ մինչև դեկտեմբերի 1-ն Ադրբեջանին պետք է փոխանցվի Լաչինի շրջանը։ «Այս հարցերում ոչ մի հետաձգման մասին խոսք չի կարող լինել», — հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Հուսեյն Մահմուդովն այդ նույն ճեպազրույցում ասել է, որ ադրբեջանական բանակը Քելբաջարի շրջան է մտնելու երկու ուղղություններով՝ Ադրբեջանի Գյոյգյոլի և Դաշքեսանի շրջաններից։
«Բանակի առաջնահերթ խնդիրը Հայաստանի հետ Ադրբեջանի պետական սահմանի ամրապնդումն է», — հայտարարել է Մահմուդովը։
Գեներալը հավելել է, որ ադրբեջանական բանակն ուշադիր հետևում է հայկական զինուժի կողմից Քարվաճառի շրջանի ազատման իրականացմանը։