ԵԽԽՎ-ն դատապարտել է երկու նոր մահապատիժները Բելառուսում
Եվրոռադիոյի նյութերի հիման վրա
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը դատապարտել է Բելառուսում երկու նոր մահապատժի վճռի կայացումը: «Ժամանակն է դադարեցնել դա», — ասված է ԵԽԽՎ մահապատժի չեղարկման և Բելառուսում իրավիճակի հարցերով հատուկ զեկուցողներ Իվա Քրյուշտանայի և Անդրեա Ռիգոնիի համատեղ հայտարարությունում:
«Խորհրդարանական վեհաժողոը կրկին և կրկին հաստատում է իր կողմից մահապատժի բացարձակ չընդունումը, որը դիտարկում է որպես կտտանքների և անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վարվելակերպի ակտ և անհերքելիորեն մարդու իրավունքների ամենալուրջ խախտում», — ասված է հայտարարությունում:
«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին միանալ աբոլիցիոնիստների եվրոպական ընտանիքին՝ մահապատժի անհապաղ մորատորիում ներդնելով: Բելառուսի Սահմանադրությունում և օրենսդրությունում ոչինչ չի խանգարում նախագահ Լուկաշենկոյին կամ խորհրդարանին անել դա», — հայտարարությունը մեջբերում է TUT.by-ը:
Հուլիսի 21-ին Մոգիլյովոյում գնդակահարման է դատապարտվել երկու «սև ռիելթոր»՝ Իգոր Գերշանկովն ու Սեմյոն Բերեժնոյը: Գործի ևս երկու մասնակից երկարատև ազատազրկման են դատապարտվել՝ Տատայանա Գերշանկովան՝ 24 տարվա, Բորիս Կոլեսնիկովը՝ 22 տարվա և մեկ ամսվա:
Այդ նույն օրը Բելառուսում մահապատժի մորատորիում մտցնելու կոչով հանդես է եկել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոչիանչիչը:
Բելառուսը եվրոպական միակ երկիրն է, որը մահապատիժ է կիրառում, սակայն պատրաստ չէ փոխելու իր օրենսդրությունը: Դա ԵԱՀԿ Խորհրդարանական ասամբլեայի նստաշրջանի մասնակիցների համար փաստարկելով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հղում է անում 20 տարվա վաղեմության հանրաքվեի արդյունքներին. «Մեզ կոչ են անում չեղարկել մահապատիժը: Մենք այդ առաջարկները լսում ենք և ոչ միայն լսում ենք: Սակայն ժողովրդի կամքին հակառակ, որը հանրաքվեի ժամանակ դրա պահպանմանը կողմ է քվեարկել, ոչ մի պետություն չի կարող գնալ: Ոչ մի քաղաքակիրթ եվրոպական պետություն»: