Եթե չփոխենք կորոնավիրուսի տարածման տեմպը, կունենանք հարյուրավոր զոհեր - վարչապետ
Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս երեք դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 67-ի։
«Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», — հաղորդում են առողջապահության նախարարությանից:
Մայիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 230-ով և հասել 5 271-ի։ Բուժվածների թիվն ավելացել է 255-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 2419: Շարունակում են բուժում ստանալ 2 758 մարդ:
- Հայաստանում կորոնավիրուսն առանց ախտանիշների տանող հիվանդները պարզապես կմեկուսացվեն տներում
- Քաղաքական գործիչները՝ կորոնավիրուսի մասին։ Ինչո՞ւ է Հայաստանը վարակվածների թվով առաջատարը տարածաշրջանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հորդորել է Հայաստանի քաղաքացիներին պահպանել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանոնները, պահել սոցիալական հեռավորությունը, դիմակ կրել, լվանալ ձեռքերը։
Նրա խոսքով՝ հունիսի վերջին կունենանք 30 000 հիվանդ հարյուրավոր զոհերով, եթե չփոխենք կորոնավիրուսի տարածման տեմպը Հայաստանում։
«Եթե մենք այս տեմպը չկոտրենք, ըստ մեր հաշվարկների՝ մայիսի 29-ին արդեն կունենանք տասը հազար հիվանդացության դեպք, իսկ հունիսի 12-ին կունենանք քսան հազար հիվանդացության դեպք, ինչը նշանակում է՝ մեր մահվան թվերը էականորեն կավելանան, որովհետև վերակենդանացման բաժանմունքներն ամբողջությամբ լցված կլինեն պացիենտներով, և մենք մարդկանց ուղղակի չենք կարողանա օգնություն ցույց տալ»: