«Եթե Հայաստանն ընդունի ռուսական պլանը, Կրեմլը կերաշխավորի՞ անվտանգությունը»․ Փաշինյան
Փաշինյանը՝ ռուսական «խաղաղության ծրագրի» մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ին ելույթ է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում և մի շարք քաղաքական հայտարարություններ արել։ Կարևոր դրվագները՝ համառոտ։
ՀԱՊԿ իրականում գոյություն չունի
2021 թվականի հունվարին ՀԱՊԿ-ի շրջանակներում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանի սահմանի խախտումը կարմիր գիծ կդառնա իր դաշնակիցների համար։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ստեղծվել և գործում է Ռուսաստանի հովանու ներքո, ունի 6 մշտական անդամներ՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան։
2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանը խախտեց Հայաստանի սահմանը Սոթք-Խոզնավար հատվածում։ Հայաստանը պահանջեց ակտիվացնել ՀԱՊԿ համապատասխան մեխանիզմները։
[ՀԱՊԿ-ն] ի պատասխան ասաց՝ այո, բայց սահմանը կարծես թե սահմանազատված չէ։
Բայց եթե կազմակերպության անդամ երկրներից մեկը, պարզվում է, սահման չունի, ապա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի էլ չկա։ Ինչը նշանակում է, որ նման կազմակերպություն էլ չկա։
Հայաստանի դիրքորոշումը՝ կա ինչպես սահման, այնպես էլ պարտավորություններ
Հայաստանի և Ադրբեջանի միջև կա պետական սահման, որը Խորհրդային Միության վարչական սահմանն է, և այն խախտվել է։
ՀԱՊԿ-ն ունի պարտավորություններ, Ռուսաստանն էլ երկկողմ ձևաչափով պարտավորություններ ունի, և նրանք պետք է կատարեն դրանք։
- Ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն․ տեղեկություններ Հայաստանի ԱԽ քարտուղարից
- «Կրեմլը որոշել է Հայաստանին զրկել անկախությունից». կարծիք Երևանից
- «Նշանակությունը սիմվոլիկ է, ոչ թե պրակտիկ»․ ԵՄ առաքելությունը սահմանին
Ղարաբաղի հարցը․ արևմտյան և ռուսական տարբերակները, որքանո՞վ են դրանք երաշխավորված
Ամբողջ համաշխարհային հանրությունը, աշխարհի բոլոր երկրները, առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս։
Միաժամանակ փորձում են հայ հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե Ղարաբաղի հարցում կա ռուսական առաջարկ, որը դրական է Հայաստանի համար, իսկ Արևմուտքից կա առաջարկ, որը չի համապատասխանում նրա շահերին։
Կան նաև պնդումներ, որ Հայաստանի կառավարությունը մերժում է ռուսական ծրագիրը և ընդունում է արևմտյան ծրագիրը։ Բայց սա իրականության հետ կապ չունի։
Արևմուտքի առաջարկներից մեկն էլ հայ-ադրբեջանական խնդիրը կարգավորելն է՝ առանց Ղարաբաղի մասին հիշատակելու։
Ռուսական ծրագրի հիմնաքարն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության երաշխավորը։
Եվ Հայաստանը 2021 թվականի հունվարին, այնուհետև նաև 2022 թվականի սեպտեմբերին համաձայնել է ռուսական այս ծրագրին։ Եվ եթե դա դրվի հիմքում, ապա Փաշինյանը պատրաստ կլինի Պուտինի և Ալիևի հետ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, ինչպես նաև փաստաթուղթ Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարացնելու մասին:
«Սա եռակողմ փաստաթուղթ է, և եթե Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնության գան, մեծամասնություն կկազմեն»,— ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանը՝ ռուսական «խաղաղության ծրագրի» մասին