ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կփակվի
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նախատեսվում է փակել եկող ամիսներին: Այս մասին հայաստանյան լրատվամիջոցներին հայտնել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գրասենյակից:
Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ն այլևս ներկայացված չի լինի, որովհետև Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որտեղ ԵԱՀԿ-ն դեռ ներկայություն ունի:
Իսկ գրասենյակի փակման պատճառը մանդատը չերկարաձգելու մասին որոշումն է, որին, ըստ գրասենյակի հայտարարության, դեմ է եղել Ադրբեջանը: Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան ու Ավստրիան ջանքեր են գործադրել պահպանելու այս միակ հարթակը տարածաշրջանում, բայց Ադրբեջանը դրան չի համաձայնել:
Ադրբեջանական կողմից պարզաբանել են, որ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում, մտահոգություն է առաջացնում: Վերջին տարիներին անհանգստության առիթ է դարձել ականազերծման հետ կապված Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ծավալած գործունեությունը: Սա ադրբեջանական կողմը որակել է որպես «հստակորեն հետկոնֆլիկտային վերականգնողական միջոցառում»:
Սակայն, ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ խոսքը ոչ թե ականազերծման ծրագիր իրականացնելու, այլ ընդհամենը՝ դրա մասին թրեյնինգ անցկացնելու մասին է եղել:
ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանն էլ գրասենյակի փակման մասին լուրի կապակցությամբ ասել է, որ Բաքվում ԵԱՀԿ առաքելությունը փակելուց հետո Ադրբեջանը թիրախավորել էր հայաստանյան գրասենյակի առկայությունը:
«Իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ: ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, և միայն Ադրբեջանն է, որ, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը, դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը»,- ասել է Բալայանը: