Դրոշների պատմությունն ու Ռուսաստանի արտգործնախարարի այցը Երևան և Բաքու մեկ օրում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկ օրում՝ նոյեմբերի 21-ին, եղել են և՛ Երևանում, և՛ Բաքվում, որտեղ հանդիպել են այդ երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։
Երկու հանդիպումներից հետո Սերգեյ Լավրովը լրագրողներին բառացիորեն նույն բանն է ասել։ Գլխավոր միտքը հետևյալն էր․
«Բոլորը խոստովանել են, որ եռակողմ հայտարարությունը [Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 10-ի հայտարարությունը] այլընտրանք չուներ»։
- Կարծիք․ ինչո՞ւ խաղաղությունն Արցախում հուսալի չէ, և Ռուսաստանին անհրաժեշտ է Արևմուտքի աջակցությունը
- «Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է ազգային անվտանգությանը», — Երևանում ընդդիմության հերթական հանրահավաքն է
Երկու մայրաքաղաքներում Լավրովը զգուշացրել է նաև, որ հայտարարության վերանայման բոլոր փորձերն անհաջողության են դատապարտված։
Իսկ լրագրողների և սոցցանցերի օգտատերերի շրջանում ամենամեծ հետաքրքրությունն առաջացրել են ոչ թե հայտարարություններն, այլ երկու այցերի հետ կապված դրոշների պատմությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախարարների հանդիպմանը սրահում միայն Հայաստանի պետական դրոշն էր։
Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այդ նույն նախարարների հանդիպմանը դրոշներ ընդհանրապես չկային։
Մեկնաբանելով դրոշների հետ կապված քննարկումները՝ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողներին ասել է, որ արարողակարգի խախտում չի եղել։