Հոլիվուդում ֆիլմ է նկարահանվել Հյուսիսային Օսիայի բնակչի ողբերգական պատմության մասին
«Երկու անծանոթ անխզելիորեն կապվում են միմյանց կործանիչ ավիավթարից հետո», — գրված է փետրվարի 8-ին դուրս եկած«Հետևանքներ» (Aftermath) ֆիլմի անոտացիայում: Իրական դեպքերի՝ 2002թ-ին Բոդենի լճի վրա տեղի ունեցած աղետի վրա հիմնված ֆիլմում գլխավոր դերը խաղացել է Առնոլդ Շվարցենեգերը:
Հոլիվուդյան դրաման նկարահանվել է Հյուսիսային Օսիայում ծնված Վիտալի Կալոևի պատմության հիման վրա, որի ընտանիքը զոհվել է Գերմանիայի երկնքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով: Սակայն ֆիլմի գործողությունը տեղի է ունենում ԱՄՆ-ում: Առնոլդ Շվարցենեգերը խաղում է ավիավթարի հետևանքով զոհված ընտանիքի հոր դերը, որն ուզում է վրեժ լուծել: Դիսպետչերի դերում, որին գլխավոր հերոսը մեղադրում է իր հարազատների մահվան համար, Սքութ Մաքնեյրին է:
«Հետևանքներ» ֆիլմն էկրաններ կբարձրանա ապրիլի 7-ին:
- 2002թ-ի հուլիսի 1-ին «Բաշկիրիայի ավիաուղիներ» ռուսական ավիաընկերության ինքնաթիռը, որով Մոսկվայից Բարսելոն հանգստանալու էին թռչում երեխաներ, բախվել է DHL ընկերության բեռնատար ինքնաթիռին: Ինքնաթիռում եղած բոլոր ուղևորներն, այդ թվում՝ Կալոևի կինն ու երկու երեխաները, զոհվել են: Ավելի ուշ հետաքննությունն աղետի պատասխանատվությունը դրել է շվեյցարականSkyguide ընկերության վրա:
- 2004թ-ի փետրվարի 24-ին ավիադիսպետչեր Փիթեր Նիլսենը, որն աղետի պահին հերթապահություն էր իրականացնում Skyguide-ի դիսպետչերների սենյակում, սպանվել է Շվեյցարիայում իր տան շեմին: Սպանության կասկածով կալանավորվել է Վիտալի Կալոևը: Վերջինս հայտարարել է, որ նա Նիլսենին ցույց է տվել իր երեխաների նկարները և ցանկացել է, որ նա ներողություն խնդրի իրենից: Սակայն Նիլսենը հարվածել է Կալոևի ձեռքին և գցել նկարները: Վիտալի Կալոևի խոսքով՝ նա չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո: 2005թ-ին շվեյցարական դատարանը Կալոևին մեղավոր է ճանաչել սպանության համար և դատապարտել 8 տարվա ազատազրկման:
- 2007թ-ի նոյեմբերին Վիտալի Կալոևը վաղաժամ ազատ է արձակվել և վերադարձել Ռուսաստան: Երբ Օսիա է մեկնել, նրան խանդավառությամբ են դիմավորել հայրենակիցները: 2008թ-ին Կալոևը նշանակվել է Հյուսիսային Օսիայի շինարարության և ճարտարապետության փոխնախարար: