Դեկտեմբերի 5-ը Սահակաշվիլիի համար՝ 17 լուսանկարներով: Իրադարձությունների ժամանակագրություն
Վրաստանի երրորդ նախագահ և ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին կալանավորվել էր այսօր առավոտյան նրա տանն անցկացրած խուզարությունից հետո: Խուզարությունն իրականացնում էր Ուկրաինայի գլխավոր դատախազությունը: Մինչ իրավապահները խուզարկում էին նրա բնակարանը, Սահաաշվիլին բարձրացել էր ութհարկանի շենքի տանիք և, ինչպես հաղորդում է Բի-Բի-Սին, սպառնում էր նետվել այնտեղից: Սահակաշվիլիի ֆեյսբուքյան էջում տանիքից ուղիղ հեռարձակում էր միացրած:
Ի վերջո հատուկջոկատայիններին հաջողվել էր ձերբակալել Սահակաշվիլիին, նրան իջեցրել էին տանիքից, ձեռնաշղթաներ հագցրել և ուժի կիրառմամբ միկրոավտոբուս նստեցրել:
Սակայն մեքենան չի կարողացել տեղից շարժվել. կես ժամում Սահակաշվիլիի տան մոտ հավաքվել էին նրա հարյուրավոր կողմնակիցները, որոնք շրջապատել էին միկրոավտոբուսը: Նրանք վանկարկում էին «Միշա», «Պորոշենկո-բարիգա» և «իմպիչմենտ», ինչպես նաև պնդում, որ Սահակաշվիլիի ձերբակալումը Մոսկվայի քաղաքականության մի մասն է:
Միկրոավտոբուսի շուրջը, որում գտնվում էր Սահակաշվիլին, շուտով բարիկադներ առաջացան: Սահակաշվիլիի կողմնակիցները փակեցին ճանապարհը բետոնե բլոկներով և ծակեցին մեքենայի անվադողերը:
Սահակաշվիլիի կողմնակիցների և Ազգային գվարդիայի միջև ձեռնամարտ սկսվեց: Ցուցարարները ծխագլանիկներ էին նետում, իսկ իրավապահներն արցունքաբեր գազ կիրառեցին:
Այդ գործընթացը շարունակվում էր մոտ երկու ժամ և ավարտվեց Սահակաշվիլիի կողմնակիցների հաղթանակով: Նրանք կարողացան Օդեսայի նախկին մարզպետին դուրս բերել մեքենայից՝ կոտրելով պատուհաններն ու պակելով դռները:
Միկրոավտոբուսից դուրս եկած Սահակաշվիլիի ձեռքին մնացել էր ձեռնաշղթան, մյուսով նա վերցրեց բարձրախոսն ու դիմեց իր կողմնակիցներին: Նա կոչ արեց հավաքվել Գերագույն Ռադայի դիմաց: Հանրահավաքի գլխավոր պահանջը նախագահ Պորոշենկոյի հրաժարականն էր:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հատուկ մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Սահակաշվիլին մեղադրվում է «պետության դեմ գործած ծանր հանցագործության համար»: Լուցենկոյի խոսքով՝ Սահակաշվիլին իր բողոքի ակցիաների համար ֆինանսավորում է ստացել նախկին նախագահ Յանուկովիչին մոտ կանգնած անձանցից: Նրա խոսքով՝ Սահակաշվիլին Ռուսաստանից կես միլիոն դոլար է ստացել:
Կիևի ժամով ցերեկվա ժամը երեքին Սահակաշվիլին արդեն ելույթ էր ունենում Ռադայի շենքի մոտ: Նա խոսում էր ուկրաինական իշխանությունում ներկայացված կոռուպցիոներների և ուկրաինացի ժողովրդին իր հավատարմության մասին:
Սահակաշվիլին ընդգծել է, որ Ռադայի առջև անցկացվող ակցիան խաղաղ է: «Ես ուկրաինացի ժողովրդի կողքին եմ լինելու, քանի որ այսօր դուք փրկեցիք իմ կյանքը», — ասել է Սահակաշվիլին ցույցին:
Ուկրաինայի իշխանությունները քաղաքացիներին զգուշացնում են, որ սադրանքներ են սպասվում: Ռադայի մոտ մոբիլիզացվել են իրավապահները: