Վրաստանում ուզում են փակել հայտնի «Դեզերտիրների շուկան»
«Դեզերտիրների շուկան» փակվում է
Օգոստոսի 15-ից նախատեսվում է վեց ամսով փակել Թբիլիսիի, այսպես կոչված, «Դեզերտիրների շուկան»: Այդ տարածքում նախատեսվում է կառուցել երկհարկանի առևտրի կենտրոն: Հազարավոր առևտրականներ հայտնվել են եկամտի աղբյուրից զրկվելու վտանգի առաջ:
«Դեզերտիրների շուկան» կամ «Դեզերտիրկան» գտնվում է Թբիլիսիի կենտրոնում՝ երկաթուղային կայարանի մոտ, զբաղեցնում է մոտ երկու հեկտար տարածք: Սա ամենահայտնի մթերային շուկան է և Վրաստանի մայրաքաղաքի ոչ պաշտոնական տեսարժան վայրերից մեկը:
Օգոստոսի 14-ին Սոցիալական արդարության կենտրոնը հայտարարություն է արել, որում Վրաստանի կառավարությանը կոչ է արել չեղարկել որոշ առումով «պատմական» այս շուկայի փակման որոշումը, որից կախված է հսկայական թվով մարդկանց կյանք:
«Մենք միանում ենք շուկայի աշխատողների հիմնական պահանջին և կոչ ենք անում Թբիլիսիի քաղաքապետարանին մշակել շուկայի զարգացման ռազմավարություն և գործողությունների ծրագիր: Կարևոր է այդ գործընթացում ներգրավել նաև շուկայի աշխատակիցներին, շահագրգիռ մասնագիտական ու քաղաքացիական միավորումներին»,- գրում է Սոցիալական արդարության կենտրոնը:
Հայտարարության մեջ նշվում է, որ շուկայում աշխատում են հազարավոր ինքնազբաղ մարդիկ, այդ թվում՝ ֆերմերներ, բեռնափոխադրողներ, անհատ ձեռնարկատերեր: Նրանց մեծ մասը կանայք են, այդ թվում՝ սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ՝ միայնակ մայրեր, բռնի տեղահանվածներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և աշխատանքային միգրանտներ:
Հուլիսի 30-ին առևտրականները շուկան փակելու որոշման դեմ բողոքի ակցիա էին իրականացրել և պահանջել հանդիպում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: