Դատապարտված ադրբեջանցի բլոգերին թույլ չեն տալիս այցելել ծանր հիվանդ մորը
Երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին թույլ չեն տալիս այցելել վերակենդանացման բաժանմունքում գտնվող ծանր հիվանդ մորը:
2017թ-ին Մեհման Հուսեյնովը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ոստիկանության հասցեին հնչեցրած զրպարտության համար: Նրա դեմ բողոք է ներկայացրել Բաքվի Նասիմինի շրջանի ոստիկանության վարչության պետ Մուսա Մուսաևն այն բանից հետո, երբ բլոգերը հայտարարել է, որ նախորդ ձերբակալության ժամանակ այդ վարչության աշխատակիցների կողմից խոշտանգումների է ենթարկվել:
Մոտ 10 օր առաջ Մեհմանի մայրը՝ Ֆիրանգիզ Հուսեյնովան, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և այժմ գտնվում է կոմայի մեջ: Մեհմանի փաստաբան Շահլի Գումբատովայի խոսքով՝ օրենքը նման դեպքերում զավակին թույլ է տալիս կարճ ժամանակով լքել բանտը նրան տեսակցելու համար, սակայն արդարադատության նախարարությունը հապաղում է պատասխանել իրենց ներկայացրած խնդրագրին:
«Կանոնակարգի համաձայն՝ նման խնդրագրերը դիտարկում են 7 օրվա ընթացքում: Սակայն տվյալ դեպքում, երբ մերձավոր ազգականի կյանքին իրական վտանգ է սպառնում, խնդրագիրը պետք է ուսումնասիրել շատ կարճ ժամկետում », — ասում է փաստաբանը:
Ինչպես հաղորդում է Բի-Բի-Սին, արդարադատության նախարարությունում իրենց ասել են, որ «խնդրանքը կուսումնասիրվի և դրան պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով»: Սակայն հայտնի չէ, թե արդյոք մինչ այդ կենդանի կմնա Մեհման Հուսեյնովի մայրը։ Ավելի ուավելի շատ մարդ է Ֆեյսբուքում պահանջում թույլ տալ նրան այցելել մորը:
Մեկնաբանություններ.
«Ես այստեղ չեմ քննարկելու՝ արդյոք նրան օրինական են նստեցրել, թե ոչ, քանի որ առանց այդ էլ գիտենք, թե ինչպես են մեզ մոտ աշխատում այդ «օրենքները»: Սակայն այստեղ ժողովրդի պատվի հարց է, կարծում եմ»:
«Խեղճ տղա և մայր: Մի՞թե նա այդպես էլ չի տեսնի իր մորը»:
«Իսկ մեր երկրում ի՞նչն է օրինական: Այս ո՞ւր ենք հասել: Նման խնդրանքը մերժե՜լ: Մարդ չեն դրանք»: