Դավիթ-Գարեջի հնագույն վրացական համալիրը վերաբացվել է Ադրբեջանի կողմից մի քանի օրվա արգելքից հետո
Արևելյան Վրաստանի Դավիթ—Գարեջի հայտնի հնագույն քարանձավային համալիրի մուտքը վերաբացվել է ապրիլի 26-ին այն բանից հետո, երբ երեք օր ադրբեջանցի սահմանապահները փակել էին դրա մուտքն ու թույլ չէին տալիս այնտեղ մտնել ոչ միայն զբոսաշրջիկներին, այլ նաև տեղի վանականներին և քահանաներին։
Դավիթ—Գարեջիով է հենց անցնում վրաց—ադրբեջանական սահմանը։ Համալիրի մեծ մասն, այդ թվում՝ Ուդաբնո վանքը, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող սարի հարավ—արևմտյան լանջին։
Դավիթ—Գարեջին վաղուց է երկու երկրների միջև քննարկման առարկա դարձել, քանի որ այդ շրջանում սահմանազատում չի արվել․ ընդհանուր առմամբ, դա Վրաստանի և Ադրբեջանի 446կմ ընդհանուր սահմանի մեկ երրորդ մասն է։ Պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման վրաց—ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է դեռ 1996թ—ին, սակայն մինչ այսօր գործընթացը տեղից չի շարժվել։
• Ականները՝ վրաց-ադրբեջանական սահմանին
Սովորաբար սահմանի հետ կապված հարցը խնդիրներ չէր առաջացնում վանականների և զբոսաշրջիկների համար, որոնք գալիս են Դավիթ—Գարեջի։ Սակայն ապրիլի 22-ին Ադրբեջանն անսպասելիորեն փակել էր համալիրի մուտքը։
Այդ իրավիճակի պաշտոնական բացատրությունը Բաքուն չէր ներկայացրել։ Տեղեկության միակ աղբյուրը փաստացի վանքի վանահայր Կիրիոնն (Օնիանին) էր։
Նա Վրաստանի հանրային հեռուստատեսությանը պատմել էր համալիրի տարածք մուտք գործելու անհնարինության մասին և ասել, որ «ադրբեջանցի սահմանապահները վանքի մոտ ինչ—որ արահետներ են բացում»։
Հայր Կիրիոնի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից անսպասելի արգելքը կապված է սահմանի վիճելի հատվածների շուրջ որքան հնարավոր է շուտ պայմանավորվածության գալու անհրաժեշտության մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության հետ։ Այդ հարցը Զուրաբիշվիլին բարձրացրել էր 2019թ—ին Բաքու կատարած իր այցի ընթացքում։
Ապրիլի 26-ին համալիրի մուտքը վերաբացվել է, դա վրացի լրագրողներին հաստատել է հայր Կիրիոնը․
«Առավոտից կարող ենք ազատ տեղաշարժվել։ Ադրբեջանցի սահմանապահները դադարել են արահետներ գցել»։
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին լրագրողներին ասել է, որ խնդիրը լուծվել է այն բանից հետո, երբ ինքն անձամբ խոսել է Բաքվի իր գործընկերոջ հետ։