Դասերի հետաձգում, խուճապ, կատակներ, դավադրության տեսություններ․ թե ինչպես էին Բաքվում փոթորկի սպասում
Օդերևութաբանները մի քանի օր Բաքվի բնակիչներին նախապատրաստում էին ջերմաստիճանի կտրուկ նվազման, ուժեղ քամու և «վտանգավոր եղանակային պայմանների»։ Բաքվում մշտապես ուժեղ քամիներ են, և սովորաբար իշխանությունները ոչ մի միջոց չեն ձեռնարկում։ Այս անգամ այլ կերպ էր, և դա իրարանցում առաջացրեց բաքվեցիների շրջանում։
Զգուշության միջոցներ
Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության հիդրոօդերևութաբանության ազգային դեպարտամենտի տնօրեն Ումայրա Թագիեան մամուլում հետևյալ հայտարարությունով էր հանդես եկել․
«Աբշերոնի թերակղզում 30 մետր/վայրկյան և ավել արագությամբ ուժեղ քամի է սպասվում։ Դա նշանակում է, որ որոշ չոր ծառերի ճյուղեր կարող են կոտրվել և այլն։ Բնակչությունը պետք է ուշադիր լինի։ Տարեցները պետք է խուսափեն առանց անհրաժեշտության փողոց դուրս գալ, ծնողները երեխաներին չպետք է բակում առանց վերահսկողության թողնեն»։
• Միգուցե Բաքվում մարմարը չափազանց շա՞տ է
• Վրաստանում խուճապ է։ Տասներեք մահ «խոզի» գրիպի պատճառով
Այսպիսի միջոցներ են ձեռնարկվել․
— երկու օրով հետաձգել են դպրոցի դասերն ու փակել մանկապարտեզները,
— նավթագործներին ծովի պլատֆորմներից ափ են տարհանել,
— աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը գործատուներին հրահանգել է ապահովել բաց երկնքի տակ աշխատողների անվտանգությունը,
— անօթևանների ապաստաններն ուժեղացված աշխատանքային ռեժիմի են անցել։
Այս ամենը հասարակությունում խուճապ էր առաջացրել և ամենատարբեր վարկածներ ծնել։ Մարդիկ արդեն ոչ միայն ուժեղ քամու էին սպասում, այլ իսկական փոթորկի։
Բաքվեցիների արձագանքը
Հունվարի 16-ի երեկոյան սպասվող փոթորկի թեման ամենաքննարկվողն էր Բաքվում։ Քաղաքացիների արձագանքը կարելի է երկու մասի բաժանել․
— Կատակների ալիք սոցցանցերում։ Յուրաքանչյուրը փորձում էր ավելի զվարճալի կատակ հորինել «քամու թեմայով»։ Ոմանք առաջարկում էին փոթորկին անուն մտածել (ինչպես ամերիկյան տորնադոների դեպքում)։ Տարբերակները, հիմնականում, տեղական կոլորիտով էին։ Օրինակ՝ կանանց հին անուններ։
— Նախապատրաստություններ՝ ինչպես աշխարհի վերջից առաջ։ Ովքեր կարողացել են, չեղարկել են իրենց գործերը հունվարի 17-18-ին, մթերք պահուստավորել, պատշգամբներից հավաքել բոլոր ջարդվող իրերն ու երկու օրով պատրաստվել տնից դուրս չգալ։
Բացի այդ, իշխանությունների անսովոր պահվածքը տարբեր «դավադրությունների տեսություններ» է ծնել։ Ահա դրանցից ամենատարածվածը։
— Ուժեղ քամին կարող է հարևան Վրաստանից «խոզի գրիպի» վարակ բերել։ Առողջապահության նախարարությունը ստիպված էր պաշտոնապես հերքել այս վարկածը։
— Մարդկանց վախեցնում են, որպեսզի նրանք չգնան ընդդիմության՝ հունվարի 19-ին կայանալիք հանրահավաքին։ Մյուսները հակադարձում էին, թե հանրահավաքի դեմ ձեռնարկված միջոցները չափազանց արմատական են։ Հատկապես, որ շաբաթ օրվա համար կանխատեսվում է եղանակի բարելավում։
Հունվարի 17-ին Բաքվում օդի ջերմաստիճանը մոտ +4 աստիճան էր, իսկ քամու արագությունը՝ 15 մ/վրկ, երբեմն՝ 26 մ/վրկ։ Բոֆորտի սանդղակով այն դասակարգվում է որպես ուժեղ քամի։ Առավելագույնն՝ ուժեղ մրրիկ։ Բայց ոչ փոթորիկ (33 մ/վրկ)։ Բոլորը հիասթափված էին։
Հունվարի 17-ի ցերեկն արդեն խուճապ չկա, սակայն քամին շարունակում է դեռ քննարկվել և գրառումներ ծնել սոցցանցերում։