Թուրքիայում ձերբակալվել է Լոնդոնում բնակվող հայտնի ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը
Ինտերպոլի գծով միջազգային հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Գուրբան Մամեդովը, որը Լոնդոնում է բնակվում, ձերբակալվել է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից։ Պաշտոնական Բաքուն նրան մեղադրում է իշխանության տապալման կոչերի համար։
YouTube–ում պոպուլյար AzeriFreedom ընդդիմադիր ալիքի հեղինակ Գուրբան Մամեդովի ձերբակալության մասին հայտնել է նրա որդին՝ Գոշգար Մամեդովը։
2020 թ–ի սեպտեմբերի 8–ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տեղեկություններ է հրապարակել Գուրբան Մամեդովին և Եվրոպայում բնակվող ևս մի քանի ադրբեջանցի ընդդիմադիրներին Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով մեղադրման մասին։ Այդ հոդվածները վերաբերում են իշխանության բռնազավթման և իշխանության կառույցների ներայացուցիչներին չենթարկվելու կոչերին։
Բաքվի Նասիմինի շրջանային դատարանը նրանց կալանքի մասին վճիռ էր կայացրել և նշված ընդդիմադիր գործիչների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել։
Ադրբեջանում հարսանեկան սկանդալից և իշխանությոնների կողմից «գորշ կարդինալ» Ռամիզ Մեհթիևի նկատմամբ 2020 թ–ի օգոստոսին վերաբերմունքի կտրուկ փոփոխությունից հետո երկրի լրատվամիջոցները Բաքվում անշարժ գույքի ցանկ էին հրապարակել, որը պատկանում է Գուրբան Մամեդովին։ Նրանք պնդում են, որ Մամեդովն այդ բնակարաններն ու ոչ բնակելի տարածքները Մեհթիևից է ստացել՝ որպես շնորհակալություն արտասահմանում ընդդիմադիր գործունեության համար։
Այդ լուրերի հրապարակումից մի քանի օր անց ցուցակում նշված բնակարաններն ու ոչ բնակելի տարածքները դատարկվել են, Մամեդովի այնտեղ բնակվող ազգականներին դուրս են արել, իսկ շենքերը քանդել։