Կորոնավիրուսն ու գործազրկությունն Ադրբեջանում․ 600 հազար մարդ նպաստ կստանա, իսկ թե քանի մարդ անտեսված կմնա, պարզ չէ
Լուսանկարը՝ Josh Appel
Երկու ամսվա համար $ 223.5 նպաստ կտրամադրվի Ադրբեջանի 600 հազար քաղաքացու, որոնք աշխատանքը կորցրել են կարանտինային ռեժիմի պատճառով։ Նպաստի չափը, որը հավասար է կենսաապահովման նվազագույն գումարին, և նպաստառուների թիվը որոշել է աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարությունը։
Նպաստի հայտերը լրացվել են առցանց, և այժմ այդ գործընթացն ավարտվել է։ Այս պահին գումար է ստացել 400 հազար մարդ, մնացած հայտերը դեռ ուսումանսիրվում են։
Թե քանի մարդ է իրականում գործազուրկ դարձել կարանտինի պատճառով, հայտնի չէ։
Դիմում ներկայացնելու իրավունք ունեին նրանք, ովքեր ունեին պաշտոնական և արդեն խզված պայմանագիր, և մարդիկ, որոնք ընդհանրապես ոչ մի տեղ գրանցված չեն, պետությունից ոչ մի նպաստ չեն ստանա։
Ամսական $113 (190 մանաթ) շատ համեստ գումար է Ադրբեջանի համար։ Հատկապես հաշվի առնելով այն, որ ոչ բանկային վարկերը, ոչ կոմունալ վճարումները չեն սառեցվել՝ չնայած հանրության բոլոր պահանջներին։
Համեմատության համար․ կարանտինային ռեժիմի խախտման տուգանքը ֆիզիկական անձի համար կազմում է նվազագույնը 100 մանաթ՝ կենսաապահովման նվազագույն պաշտոնական գումարի կեսից ավելին։

Տնտեսագետ Թոգրուլ Մաշալին կարծում է, որ կարանտինից տուժածների և այդպիսի օգնության կարիք ունեցողների իրական թիվը շատ ավելի մեծ է․
«Կառավարությունը շատ մոտավորապես է որոշել, թե քանի մարդու պետք նպաստ տա։ 600 հազար թիվը բառացիորեն օդից է վերցվել, և իրական պատկերը չի արտացոլում։ Ոչ քննարկումներ են անցկացվել, ոչ հետազոտություններ, ոչինչ։ Թե իրականում քանի գործազուրկ կա երկրում, մենք չգիտենք»։
Ապրիլի 26–ի երեկոյի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1645 մարդ, նրանցից 21–ը մահացել է, 1139–ն՝ ապաքինվել։
Մինչև մայիսի 4–ը երկրում կարանտինային ռեժիմ է գործում։ Փակ է ձեռնարկությունների, կազմակերպությունների և առևտրային օբյեկտների մեծ մասը։ Փակ է նաև մետրոն, այգիներն ու պուրակները։ Տնից դուրս գալու համար մարդիկ պետք է աշխատավայրից տեղեկանք ունենան, կամ իշխանություններից sms-թույլտվություն ստանան։
Ապրիլի 27–ից կարանտինային ռեժիմը մի փոքր մեղմել են․ մասնավորապես բացվել են խանութները (բացառությամբ առևտրի կենտրոնների խանութների), և տնից դուրս գալու թույլլտվությունը տրամադրվում է օրական 3 ժամով (նախկինում երկու ժամ էր)։