Թբիլիսիում շարունակվում է «Մի՛ սպանիր» ակցիան: Ոստիկանությունը ձերբակալում է ակցիայի մասնակիցներին
Հունիսի 11-ին ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի 6 մասնակցի: Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ նրանց թվում են ակցիաների կազմակերպիչներ Զվիադ Կուպրավան և Լաշա Ցուցկիրիձեն: Նրանց ձերբակալել են ենթադրաբար այն ժամանակ, երբ ոստիկանությունն ակցիայի մասնակիցների վրանները Ռուսթավելիի պողոտայի երթևեկելի մասից տեղափոխելիս է եղել նախկին վայր՝ խորհրդարանի հրապարակ:
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հունիսի 11-ին ձերբակալվածները չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին, նրանց մանր խուլիգանության համար մեղադրանք է առաջադրվել, ձերբակալվածներից մեկին էլ՝ դիմադրություն ցուցադրելու համար: ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը հետախուզման մեջ է եղել, ևս մեկը՝ «պայմանական ժամկետի մեջ»:
13:00-ի սահմաններում իրավապահները սկսել են մաքրել Ռուսթավելի պողոտայի երթևեկելի մասը, ինչը բողոքի ակցիայի մասնակիցների դիմադրությանն է արժանացել։ Ցուցարարները այդ վրանները երթևեկելի մաս էին տեղափոխել հունիսի 10-ին: Այս ձևով Խորավա փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի և Պանկիսիի կիրճում հատուկ գործողության հետևանքով սպանված Թամերլան Մաչալիկաշվիլիի հայրերը շարունակել են բողոքի ակցիան՝ պահանջելով պատժել իրենց որդիների սպանության համար մեղավորներին: Նրանք չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ցույցը մինչև իրենց պահանջները չկատարվե:
Ակցիայի մասնակիցները պահանջում են պատժել մեղավորներին, պատասխանատվության ենթարկել նախկին գլխավոր դատախազին, ինչպես նաև այն դատախազներին, որոնք անմիջականորեն վարում էին Դավիթ Սարալիձեի և Թամերլան Մաչալիկաշվիլիի մահվան հետ կապված գործերը, պահանջում են նաև ներքին գործերի և արդարադատության նախարարների հրաժարականն, իսկ գլխավոր դատախազի պաշտոնում հասարակական հատվածի թեկնածուի նշանակում են ուզում:
«Ես ու Զազան [Սարալիձե] այստեղ ենք, որպեսզի այն մարդիկ, ովքեր մեզ անդառնալի ցավ են պատճառել, ձեզ բոլորիդ էլ ցավ չպատճառեն: Մենք հասնելու ենք նրան, որ բոլոր մեղավորները, ողջ հանցավոր խումբը պատժվի», — հայտարարել է Մալխազ Մաչալիկաշվիլին:
«Ես տեղիցս չեմ շարժվելու, քանի որ որդուս մարդասպանները պատժված չեն: Թող իմ դեմ զրահապատ մեքենա դուրս բերեն, թող ինձ ճխլեն…», — ասում է Զազա Սարալիձեն:
Ուշ երեկոյան Ռուսթավելի պողոտայում մոբիլիզացվել էին ոստիկանությունն ու հատուկջոկատայինները: Նրանք մասնակիորեն վերականգնել էին ավտոմեքենաների երթևեկությունը, սակայն երթևեկելի մասում՝ խորհրդարանի շենքի մոտ, նախկինի պես 3 վրան կա: Այդ հատվածով մեքենաները նախկինի պես չեն կարող տեղաշարժվել: