Ինչո՞ւ է Աբխազիայի բերքի փառատոնը դարձել որկրամոլության տոն ռուս զբոսաշրջիկների համար
Բերքի փառատոն Աբխազիայում
Աբխազիայի սոցիալական ցանցերում քաղաքացիներն ահազանգում են՝ ավանդական բերքահավաքի փառատոնը՝ Լիխնաշտան, վերածվել է գաստրոնոմիկ ներկայացման: Ռուս զբոսաշրջիկների կողմից սեղաններից անվճար ուտելիք հավաքելու տեսանյութերը առաջացրել են լայնածավալ վրդովմունք, որը հասնում է խուճապի։
Լիխնաշտան աշնանային բերքահավաքի ավանդական փառատոն է, որը նշվում է հոկտեմբերի կեսերին Աբխազիայի Գուդաուտայի շրջանում: Գյուղացիները ցուցադրում են իրենց արտադրանքը և ներկաներին հյուրասիրում ավանդական աբխազական խոհանոցի ուտեստներով։ Հյուրասիրությունն ուղեկցվում է ժողովրդական փառատոներով, ձիասպորտի մրցումներով, նետաձգությամբ և այլ զվարճանքներով:
Աբխազների համար սա շատ կարևոր տոն է՝ դարավոր պատմությամբ, սակայն վերջին տարիներին տեղացիները ավելի ու ավելի հաճախ են բողոքում, որ ագահ և անդաստիարակ զբոսաշրջիկների համար այն վերածվել է շվեդական սեղանի։
Զբոսաշրջության մասին հայտնի բլոգի հեղինակները բացատրում են, որ որոշ տուրիստական գործակալություններ և չարտոնագրված ուղեկցորդներ այս օրը կազմակերպում են գաստրոտուրեր՝ սեղաններին դրված ուտելիքը ներկայացնելով որպես «անվճար նվեր», առանց զբոսաշրջիկներին բացատրելու տոնի էությունը կամ վարքագծի կանոնները։
Արդյունքում, զբոսաշրջիկները, իսկ Աբխազիայում դրանք հիմնականում ռուսներ են, երբեմն ոչ միայն անսահմանափակ քանակությամբ են ուտում սեղաններին դրված ուտելիքը, այլև փորձում են որքան հնարավոր է շատ տանել իրենց հետ՝ ամեն ինչ լցնելով տոպրակների մեջ և նույնիսկ գողանալով դեկորների ուտելի տարրերը։
Շատ տեղացիներ նախընտրում են առհասարակ չմասնակցել փառատոնին՝ այս ամբողջ խայտառակությունը չտեսնելու համար։ Սոցցանցերում քննարկում են, թե ինչ անել, որպեսզի տոնը լիովին չմեռնի։ Տարբերակներից մեկը զբոսաշրջիկների մասնակցությունն արգելելն է։
Տոնական միջոցառումների կազմակերպման մասնագետ Խիբլա Վոզբան կարծում է, որ նման արմատական միջոցներ ձեռնարկել պետք չէ։ Ըստ նրա՝ խնդիրը ոչ թե հյուրերի, այլ տանտերերի մեջ է։ Ասում է, որ այսօր փառատոնն ինքնին մեծամասամբ դարձել է գաստրոնոմիկ միջոցառում, ուստի պետք է վերականգնել դրա նախնական՝ առավելապես մշակութային ձևաչափը.
«Ինչո՞ւ ներկայիս ձևաչափը չի գործում։ Եթե փառատոնի հիմնական տարրը անվճար սնունդն է, ապա դա է, որ գրավում է նրանց, ովքեր գալիս են հյուրասիրվելու համար։ Եվ ոչ մի ուղերձ չի կարող լուծել այս խնդիրը։ Պետք է փոխել կառուցվածքը»։
Կարծում է՝ շեշտը պետք է դրվի ոչ թե սննդի և հյուրընկալության, այլ պատմական տարրի վրա։ Ի վերջո, այն վայրը, որտեղ անցկացվում է փառատոնը, շատ հետաքրքիր, սրբազան վայր է, որտեղ աբխազ ժողովուրդը հավաքվել է անհիշելի ժամանակներից՝ համատեղ կարևոր հարցեր լուծելու համար։
«Ես առաջարկում եմ Լիխնաշտա փառատոնը վերաուղղել ազգագրությանը և պատմությանը և այն դարձնել Աբխազիայի ամենամեծ միջոցառումը, որտեղ այցելուները կարող են տեսնել մեր ավանդույթները, մշակույթը և ծեսերը, ինչպես նաև ծանոթանալ մեր ժողովրդի հին պատմությանը։ Գաստրոնոմիան մնում է, բայց դադարում է լինել գլխավոր», — գրում է Խիբլա Վոզբան։
Նրա խոսքով՝ փառատոնի կենտրոնական տարրը կարող է լինել մասնագետների կողմից բեմադրված թատերական ներկայացումը՝ հագեցած պատմության վերակառուցմամբ։
Կարող է անցկացվել նաև «ազգագրական անգրագիտության վերացման» ծրագիր՝ պատմելով և բացատրելով հին ավանդույթները։ Եվ փառատոնի մասնակիցներից կարող են գանձվել վճարներ, որոնք կուղղվեն հանրապետության մշակութային ժառանգության պահպանմանը, օրինակ՝ պատմական հուշարձանների վերականգնմանը կամ թանգարանների աջակցությանը։
Վոզբան հասկանում է, որ այս վերափոխումը տարիներ կտևի և դժվար կիրագործվի, բայց համարում է, որ դրան արժե ձգտել.
«Առաջին սեզոնները կհանդիպեն դիմադրության. և՛ հյուրերը, և՛ կազմակերպիչները ստիպված կլինեն հրաժարվել իրենց սովորույթներից: Սակայն արդյունքը կլինի միջոցառում՝ այլ լսարանով, բեմում այլ վարքագծով և լրատվամիջոցներում այլ կերպարով: Լիխնաշտան կդառնա փառատոն, որի համար մարդիկ կգան Աբխազիա՝ նույնիսկ ամառային սեզոնից դուրս»:
Նա հավելում է, որ յուրաքանչյուր դարաշրջան այս փառատոնին տվել է իր իմաստը, և այսօրվա խնդիրն է Լիխնաշտային վերադարձնել իրեն արժանի իմաստը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Բերքի փառատոն Աբխազիայում