Բաքվում սկսել են տուգանել օդն աղտոտող ռեստորաններին
Ադրբեջանի բնական ռեսուրսների և բնապահպանության նախարարությունը սկսել է տուգանել այն ռեստորանները, որոնք ծխի մաքրման սարքեր չունեն:
Այս տարվա մարտին Բաքվի բոլոր ռեստորանները զգուշացվել են, որ պետք է այդպիսի սարքեր ձեռք բերեն մինչև սեպտեմբեր: Սակայն, ինչպես փոխանցում է Report-ը, 88 ռեստորան մինչ այժմ դա չի արել:
Իսկ բնապահպանության նախարարությունը գործի է անցել. ռեյդերի ընթացքում նախարարության ներկայացուցիչները չափում են, թե որքան է ռեստորանի ծուխն աղտոտում մթնոլորտն ու, ըստ այդմ, տուգանքներ են նշանակում միջինում մինչև 3500 մանաթ (մոտ 2058 դոլար):
Ռեյդերը կատարվում են ոչ միայն ռեստորաններում, այլ նաև այսպես կոչված «հանդիսությունների սրահներում»: Դրանք ռեստորանային տիպի հատուկ հաստատություններ են՝ հարյուրավոր մարդ տարողունակությամբ հսկայական դահլիճներով հարսանիք նշելու համար: Իսկ ադրբեջանական հարսանիքները զուգակցվում են մեծ տոնախմբությամբ, այնպես որ, այդ հանդիսությունների սրահներն առանձնապես շատ են ծուխ արտանետում:
Ինչպես նշում է շրջակա միջավայրի մոնիթորինգի ազգային դեպարտամենտի տնօրեն Ռամալ Բագիրովը, նախարարությունը որոշել է «մարդասիրություն ցուցաբերել» և տուգանքից ազատել այն ռեստորանները, որոնք դեռ զտող ֆիլտրեր չեն գնել, սակայն արտադրողների հետ պայմանագրեր են կնքել և սպասում են, որ ստանան դրանք: Իսկ եթե նրանք, այնուամենայնիվ, զտիչներ չտեղադրեն, ստիպված կլինեն արդեն տասնյակ հազար մանաթ վճարել:
Ըստ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Իրադա Իբրահիմովայի՝ որոշ ռեստորաններից արտանետվող ծուխն ուժեղ աղտոտում է օդն ու անհանգստություն պատճառում շրջապատի մարդկանց: Իսկ այդպիսի ռեյդերի հիմնական նպատակը ոչ թե այդ ռեստորաններին պատժելն է, այլ, ի վերջո, խնդիրը լուծելը: «Եթե բանը միայն տուգանքները լինեին, մենք ոչ մի նախազգուշացում չէինք անի», — հավելում է Իբրահիմովան: