Բաքվում կալանավորվել է ընդդիմադիր կուսակցության ղեկավարներից մեկը
«Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության կառավարման անդամ Ազեր Գասիմլին կալանավորվել է 30 օրով «ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու» հոդվածով: «Ոստիկանության պնդմամբ՝ նա իբր անհասցե հայհոյել է փողոցում», — փաստաբան Էլչին Սադիղովի խոսքերն է փոխանցում Contact.az—ը:
Ինքը Գասիմլին, ինչպես նշում է փաստաբանը, իր կալանքի իսկական պատճառը համարում է մայիսի 28-ին Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ երթին մասնակցելը: Խաղաղ երթը, որի կազմակերպիչներից մեկը «Հանրապետական հայլընտրանք» կուսակցությունն էր, կանգնեցրել էր ոստիկանական շարասյունը առափնյա բուլվար մտնելիս:
Գասիմլիի կուսակիցները կարծում են, որ իշխանություններին վախեցրել է ընդդիմության կազմակերպած «ցույցը»՝ թեկուզև խաղաղ և այդպիսի անմեղ առիթով:
Ազեր Գասիմլիի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել որոշումը:
Գասիմլիի կուսակից Նաթիկ Ջաֆարլին սոցցանցերից մեկում կալանքի պատճառի այսպիսի վարկած է առաջ քաշել.
«Այս համակարգը չի ընդունում դրականը: Տոնական մթնոլորտ, ժպտացող մարդիկ և ցույցի ընտրազանգված. այս ամենը շատ է վախեցնում համակարգին: Իսկ երեկ հենց այդպիսի պատկեր էր. տոնական տրամադրություն, կրեատիվ երիտասարդություն, ժպտացող պոտենցիալ ցուցարարներ… Ըստ ձեզ՝ կարո՞ղ էր արդյոք կառավարությունը դա հանգիստ մարսել: Բնականաբար, ոչ»:
«Հանրապետական այլընտրանքը» չգրանցված ընդդիմադիր քաղաքական կուսակցություն է Ադրբեջանում: Կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը հիմա բանտում է. 2014թ—ին նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման հասարակական կարգի խախտմանը նպաստող գործողությունների կազմակերպման և իշխանության ներկայացուցիչներին դիմադրելու մեղադրանքով:
Միջազգային մակարդակում Իլգար Մամեդովը քաղբանտարկյալ է ճանաչվել, և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունները մի քանի անգամ անարդյունք պահաջնել են նրան ազատ արձակել: