Բաքվում ապամոնտաժում են ապօրինի ցանկապատերը
Բաքվի գործադիր իշխանությունը սկսել է ճամփեզրերին և մայթերին կառուցած ապօրինի ցանկապատերի ապամոնտաժումը: Այս ցանկապատները խանգարում են մարդկանց նորմալ տեղաշարժին։ Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն շրջայցեր է անցկացրել ադրբեջանի մայրաքաղաքի բոլոր թաղամասերում։
Ապամոնտաժումը սկսվել է Խաթայի թաղամասից, որտեղ այդպիսի յոթ ցանկապատ է ապամոնտաժվել։ Դրանք հիմնականում ինքնաշեն ցանկապատեր են՝ մետաղական թիթեղներից, որոնցով առանձնացվում էր փողոցի մի մասն այն առևտրային նպատակով օգտագործելու համար։ Օրինակ, չայխանա բացելու համար։ Այնպես որ, ինչպես Report կայքին հաղորդել է Գործադիր իշխանության վերահսկողության բաժնի պետ Զուլֆալի Իսմայիլովը, դա նաև ապօրինի փողոցային առևտրի դեմ պայքարի միջոց է։
Սակայն անհասականալի է, թե ինչպես են այդ ապօրինի օբյեկտներն ընդհանրապես հայտնվել։ Պաշտոնյաները պնդում են, որ դրանց տերերը պարզապես վերցրել ու ցանկապատել են պետական հողն առանց որևէ թույլտվության։
Վերջերս Բաքվի նախկին քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովը լքել է իր պաշտոնը և դարձել փոխվարչապետ, քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Էլդար Ազիզովը։
Սոցցանցերի օգտատերերը կարծում են, որ այս երկու փաստերը՝ քաղաքապետի փոփոխությունն ու ապօրինի շինությունների աամոնտաժումն, ուղղակիորեն փոխկապակցված են։
«Հաջիբալան էլ էր այդպես սկսում․ քանդում էր բոլոր կրպակները, որոնք կառուցվել էին նախորդ քաղաքապետի օրոք», — հիշում են ոմանք մեկ տասնամյակից ավել վաղեմության իրադարձությունները։
«Ազիզովը մաքրում է Աբութալիբովի «կառավարման» հետքերը, որպեսզի իր գործունեության համար դաշտ բացի», — ենթադրում են մյուսները։