Բաքվի քաղաքային իշխանությունները հրաժարվել են տարածք տրամադրել «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության համագումարի համար
«Հանրապետական այլընտրանք» կուսակցության (ՌԵԱԼ) հոկտեմբերի 29-ին նշանակված հիմնադիր համագումարը հետաձգվում է: Պատճառը Բաքվի մշակույթի և զբոսաշրջության վարչության, մի շարք այլ հաստատությունների կողմից կազմակերպիչներին համագումարի համար տարածք տրամադրելու մերժումն է։
Այդ մասին հայտարարվել է ՌԵԱԼ—ի այսօրվա մամուլի ասուլիսին:
Բաքվի քաղաքային իշխանությունները մերժել են համագումարի համար տարածքի տրամադրման վերաբերյալ ՌԵԱԼ—ի խնդրանքը: Պատասխան նամակում ասված է, որ բոլոր առաջարկվող վայրերում միաժամանակ կինոֆիլմերի ցուցադրություն է տեղի ունենալու:
Հիմնադիր համագումարի անցկացման նախաձեռնող խմբի անդամները կրկին կդիմեն պետական մարմիններին նոյեմբերի 4,5,11,12,18,19,25,26-ին կամ դեկտեմբերի առաջին շաբաթվա վերջին համագումար անցկացնելու համար տարածքի տրամադրման խնդրանքով:
ՌԵԱԼ—ը վճռական է տրամադրված մինչև այս տարվա վերջ համագումար անցկացնելու հարցում՝ անկախ պաշտոնական կառույցների պատասխանից:
Դրանից երկու օր առաջ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես իրազեկել է Ադրբեջանին իրավաբանական գործողություններ սկսելու իր մտադրության մասին, որոնք կապված են Իլգար Մամեդովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարման ապահովման անհրաժեշտության հետ:
«Այսօրվա ժամանակավոր բանաձևում կոմիտեն Ադրբեջանին մինչև նոյեմբերի 29-ը հնարավորություն է տվել գրավոր տեսքով ներկայացնել իր կարծիքը: Եթե մինչև այդ պահը ՄԻԵԴ—ի վճիռը չիրագործվի, նախարարների կոմիտեն դեկտեմբերի 5-ին կքննարկի ևս մեկ միջանկյալ բանաձև, որի համաձայն գործը վերադարձվելու է Եվրոպական դատարան», — ասված է հայտարարությունում:
- ՌԵԱԼ—ը ստեղծվել է 2009 թ—ին, և դեմ է հանդես եկել երկրի նախագահի պաշտոնում երկու ժամկետից ավել մեկ անձի գտնվելուն:
- Շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը կալանավորվել է 2013թ—ի հունվարին Իսմայիլիի շրջանում անկարգությունների կազմակերպման կասկածելի մեղադրանքով և դատապարտվել 7 տարվա ազատազրկման:
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա կալանքը ոչ իրավաչափ և քաղաքականապես մոտիվացված է համարել և վճռել է անհապաղ ազատ արձակել նրան: Ստրասբուրգի դատարանի այդ որոշումն ընդունվել է 2014թ—ի մայիսին և մինչև հիմա ի կատար չի ածվել: