Բաքվի կենդանաբանական այգին հիմնովին կվերակառուցվի
Բաքվի կենդանաբանական այգում, որը գործում է արդեն 80 տարուց ավել, վերականգնողական և վերակառուցման աշխատանքներ կանցկացվեն: Այդ մասին հայտարարել է IDEA հասարակական միավորման ղեկավար, Ադրբեջանի նախագահի ավագ դուստր Լեյլա Ալիևան, որը վերջերս էր այգի այցելել:
Վերանորոգման և վերակառուցման աշխատանքների շրջանակում պլանավորվում է կրկնակի ընդլայնել կենդանաբանական այգու տարածքը: Կբարելավվեն կենդանիների պահպանման պայմանները: Պլանավորվում է տարբեր ժամանցային օբյեկտների շինարարություն: Կենդանաբանական այգում ժամանակակից դիզայնով ավելի բնական կենսապայմաններ կստեղծվեն կենդանիների համար: Կկառուցվի նաև հատուկ կարանտինային գոտի և վերականգնողական կենտրոն վիրավոր և հիվանդ կենդանիների համար:
«Ես ուզում եմ, որ մեր կենդանաբանական այգին գեղեցիկ և արժանավայել լինի, որ մարդիկ գան ու հաճույք ստանան: Ուզում եմ նաև, որ կենդանիների համար հարմարավետ պայմաններ լինեն», — Բաքվի կենդանաբանական այգու տնօրեն Ազեր Հուսեյնովի խոսքերն է մեջբերում «Sputnik.az»-ը:
Կենդանաբանական այգու տնօրենը պատմել է, որ հիմա ամենվատ պայմաններն ունեն վայրի կենդանիները, քանի որ վանդակները փոքր են: Առավել դժվար է արջերի, գայլերի և բորենիների համար: Հուսեյնովն ավելացրել է, որ, առաջին հերթին, կբարելավվեն այգում առկա կենդանիների պահպանման պայմանները, հետո արդեն պետք է մտածել նոր կենդանատեսակների ձեռքբերման մասին:
Բաքվի կենդանաբանական այգին բացվել է 1928 թ-ին: Այգու ընդհանուր մակերեսը կազմում է 4,25 հա: Ներկա պահին Բաքվի կենդանաբանական այգում 150 տեսակի մոտ 1200 կենդանի է պահվում: