Բանտային հիվանդանոցում կախվել է Ադրբեջանի ամենահայտնի բանտարկյալը
Ցմահ բանտարկյալ, ոստիկանության նախկին գնդապետ—լեյտենանտ Հաջի Մամեդովն ինքնասպանություն է գործել Բաքվի բանտային հիվանդանոցում:
Առաջնային վարկածի համաձայն՝ Մամեդովը կախվել է հիվանդասենյակում՝ օգտագործելով սավանը:
Մոտ մեկուկես տարի առաջ դատապարտյալը տեղափոխվել էր մասնագիտացված բանտային հիվանդանոց տուբերկուլյոզի բուժման համար: Ավելի ուշ նրա մոտ թոքերի քաղցկեղ էր ախտորոշվել:
Ներկա պահին դատախազության աշխատակիցները դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացնում: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել 125-րդ հոդվածի համաձայն (ինքնասպանության հասցնելը), պարզվում են ինքնասպանության հանգամանքներն ու պատճառները:
Հաջիի քույրը՝ Արիֆա Մամեդովան, Meydan.tv-ին ասել է, որ եղբոր հետ խոսել է ընդամենը մեկ շաբաթ առաջ, և այդ ժամանակ վերջինս ասել է, որ իր վիճակը նորմալ է, ապաքինվում է:
Երկու տարի առաջ Մամեդովը դիմել էր նախագահ Իլհամ Ալիևին նոր հետաքննություն սկսելու թույլտվություն տալու խնդրանքով: Ինչպես հաղորդել է դատապարտյալի քույր Արիֆա Մամեդովան, ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը ճնշում էր գործադրում Մամեդովի վրա և արգելում դատարանում գործի կարևոր կողմեր բացահայտել: Սակայն Մահմուդովին աշխատանքից ազատելուց և ազգային անվտանգության նախարարության լուծարումից հետո Մամեդովի մոտ հույս է ծագել, որ գործը կվերանայվի, գրում է minval.az-ը:
Այդ կապակցությամբ դատապարտյալն անգամ ցանկացել է հանդիպել կտտանքների դեմ կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուդովի հետ և նրան կարևոր բան պատմել, սակայն չի հասցրել, իրավապաշտպանը մահացել է:
Դեպքի վայրում դատաբժշկական փորձագետների մասնակցությամբ փորձաքննություն է անցկացվել: Հանգուցյալի բանտախցի խուզարկման ժամանակ գրություն է հայտնաբերվել, որում նա հարազատներից և այն հաստատության աշխատակիցներից, որտեղ ինքը գտնվում էր, ներողություն է խնդրում և նշում, որ ոչ ոքի հանդեպ չարացած չէ: