Բանակցություններ Մոսկվայում՝ Բրյուսելից անմիջապես հետո. Միրզոյան-Լավրով հանդիպումը
Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում հանդիպել է իր ռուս գործընկերոջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բանակցությունների հաջորդ օրը։ Բրյուսելում քննարկվել էր ԵՄ-Հայաստան երկկողմ օրակարգը, բանակցություններ էին տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Հայաստանում ակտիվորեն քննարկվում էր եվրոպականից անմիջապես հետո նախատեսված հայ-ռուսական բանակցությունների հնարավոր օրակարգը, հատկապես, որ առաջիկա օրերին նախատեսվում է նաև Հայաստանի վարչապետի այցը Ռուսաստան, սպասվում են Փաշինյան—Պուտին բանակցություններ։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Մոսկվայում էր ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով։ Պաշտոնապես հայտարարվում էր, որ այցը նվիրվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Լավրովի հետ Միրզոյանի հանդիպման մանրամասները, ինչպես նաև փորձագիտական կարծիք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների և կողմերի դիրքորոշումների վերաբերյալ։
«Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է հաճախ ճշտել միմյանց դիրքորոշումները»
ՌԴ ԱԳՆ ղեկավարն այս հանդիպումը գնահատել է որպես Հայաստանի հետ համագործակցության ու դաշնակցության «ոլորտների ողջ շրջանակը քննարկելու հնարավորություն»։
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացմամբ, իսկ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը պահանջում է ավելի հաճախ ճշտել միմյանց դիրքորոշումներն ու գնահատականները, պարզել արդյո՞ք դրանք համահունչ են։
«Մենք շարունակելու ենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից օգնել ձեզ ամրապնդել ձեր պաշտպանունակությունը, ապահովել սահմանի պաշտպանությունը և, իհարկե, որպես հիմնական առևտրատնտեսական գործընկեր, որպես հիմնական օտարերկրյա ներդրող մենք կշարունակենք գնտրել նոր նախագծերի իրագործման հնարավորություններ, որպեսզի ապահովենք մեր առևտրի կայունությունը, ստեղծենք նոր արտադրական օբյեկտներ, աշխատատեղեր։
Եվ հիմա պատրաստվում է առաջարկների մեկ այլ փաթեթ, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ռուսական ներդրումների էական համալրմանը»,- ասել է Լավրովը։
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը նույնպես կենտրոնացած է բոլոր ոլորտներում դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման վրա.
«Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման մեջ։ Վստահ ենք, որ ապահովելով Արցախի ժողովրդի անվտանգությունը ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, կծառայի ԼՂ-ում հրադադարի ամրապնդմանն ու սադրանքների կանխմանը, բնականոն կյանքի վերականգնմանը, մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը»։
Սերգեյ Լավրովը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության և տարածաշրջանում անվտանգության մասին, հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների երեք խումբ է առկա՝ ստորագրված 2020 թվականի նոյեմբերին և 2021 թվականի հունվարին և նոյեմբերին։ Իսկ Ռուսաստանը մտադիր է ապահովել դրանց իրականացումը, «ներառյալ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Ղարաբաղում»՝ խստորեն պահպանելով դրա մանդատի մեջ նեռարված լիազորությունները։
Լավրովն անդրադարձել է ԼՂ շփման գծում վերջին սրացմանը, որի արդյունքում ադրբեջանական զինուժը գրավեց ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքներ։ Իրավիճակը սրվել է մարտի 24-ից, և մինչ այժմ հայկական կողմը ադրբեջանական զինուժից պահանջում է վերադառնալ իրենց ելման դիրքեր, բայց ապարդյուն։
Իսկ Հայաստանի վարչապետը Պուտինի հետ զրույցում խոսել էր պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորախմբի «գործողությունների կամ անգործության» հետաքննության անհրաժեշտության մասին։
Մինչդեռ Լավրովը Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ այս իրադարձությունների հանգամանքները պարզաբանում են պահանջում, և ռուս զինվորականները ուսումնասիրում են հարցը.
«Մեզ համար այս հանգամանքները լիովին պարզ չեն։ Չէի ցանկանա առաջ ընկնել և վերջնական դատողություններ անել։ Մենք համոզված ենք, որ մեր հայ ընկերները լիովին վստահում են ռուս խաղաղապահներին»։
Նա հույս է հայտնել, որ «խաղաղապահներին պատասխանատվության կանչելու, ծառայողական հետաքննություն սկսելու կոչերը չեն արտացոլում հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը այն հսկայական դերին, որը զորախումբը խաղում է կայունության պահպանման գործում»։
«Այսպես կոչված գործընկերները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով մեզ հետ չեն շփվի»
Լավրովի խոսքով՝ իր համար անհասկանալի է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա ճակատագիրը, որը մինչ 2020 թվականի պատերազմը զբաղվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Իսկ անորոշության պատճառը մյուս երկու համանախագահների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումն է, որոնք Ռուսաստանի հետ միասին հանդես էին գալիս որպես խաղաղ բանակցությունների միջնորդներ.
«Այս խմբում մեր ֆրանսիացի և ամերիկացի այսպես կոչված գործընկերները ռուսաֆոբական կատաղության մեջ, փորձելով չեղարկել Ռուսաստանի Դաշնության հետ կապված ամեն ինչ, հայտարարեցին, որ իրենք այս ձևաչափով չեն շփվելու մեզ հետ։ Սա նրանց իրավունքն է։ Եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և ամբողջ Անդրկովկասում իրենց շահերը, ապա դա նրանց ընտրությունն է»։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը նման մոտեցումը համարում է անպատասխանատու և կշարունակի նպաստել հակամարտող կողմերի միջև իր միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքներին։ Նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ստեղծման մասին պայմանավորվածությունը, որը համարվում է եվրոպական բանակցությունների գլխավոր ձեռքբերումներից մեկը, ավելի վաղ կայացել է Մոսկվայի միջնորդությամբ։ Սակայն, ինչպես ասել է Լավրովը, Շառլ Միշելի վերջնական հայտարարության մեջ Ռուսաստանն ընդհանրապես հիշատակված չէ.
«Ես շատ կուզեի, որ մեր եվրոպացի գործընկերները հասկանային, որ այս ուղղությունն արդեն ստեղծվել է երեք առաջնորդների կողմից 2020 և 2021 թվականներին [խոսքը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի մասին է — JAMnews], և որ նրանք այս ուղղությամբ որևէ խոչընդոտ, ամբարտակ և այլ բան չեն կառուցելու։
Մենք այսօր համոզվեցինք՝ ուժի մեջ է մնում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների որոշումը, որ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովը երկկողմանի է լինելու՝ ռուսական կողմի խորհրդատվական մասնակցությամբ։ Եվ պատճառը ոչ միայն այն է, որ ՌԴ Գլխավոր շտաբը քարտեզներ ունի, այլ նաև այն, որ այս տարածքում միասին ապրելը թույլ է տալիս հուսալ, որ այս ձևաչափով նման հարցերը մի փոքր ավելի արդյունավետ կլուծվեն»։
Մեկնաբանություն
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ պատասխանելով JAMnews-ի հարցին, հնարավո՞ր է ուկրաինական ճակատում Ռուսաստանի ձախողումների հետ կապված Հայաստանի վրա ճնշում գործադրվի, ասաց.
«Ռուսաստանի հաջողությունը կամ անհաջողությունն Ուկրաինայում շատ բարդ է գնահատել, և դրանից ելնելով նաև դիտարկել, թե ինչպիսին կլինի վարքագիծը Կովկասի, մասնավորապես՝ ՀՀ ուղղությամբ։ Բանն այն է, որ մենք չգիտենք՝ ՌԴ-ն ընդհանրապես ինչ էր ուզում Ուկրաինայի ուղղությամբ, ինչ է ուզում հիմա, այդ ուզածից ինչն է ստացվել, ինչը՝ ոչ, ինչն են ստիպված վերանայել և այլն։ Մենք այդ ամենին հետևում ենք պոստ ֆակտում և շատ դժվար է գնահատել հաջողվել-չհաջողվելը։։
Անկասկած, Ռուսաստանը Կովկասը դիտարկում է որպես իր կենսական շահերի գոտի, իսկ Հայաստանն այս տեսանկյունից համարվում է առանձնահատուկ նշանակություն ունեցող տարածք և պետություն։ Հետևաբար, Ռուսաստան ամեն ինչ անելու է, ձգտելու է, որ Հայաստանը խաղա իր հետաքրքրությունների դաշտում։ Հայաստանի համար շատ վտանգավոր է լինելու խաղալ հակառակ տրամաբանությամբ, այսինքն՝ ՌԴ դեմ, առավել ևս՝ ՌԴ թիկունքից։ Կարծում եմ՝ պաշտոնական Երևանը շատ լավ գիտակցում է դրա վտանգներն ու ռիսկերը։
Մյուս կողմից, գիտակցվում է, այսպես ասած, Արևմուտքի դեմ չխաղալու անհրաժեշտությունը։ Հավասարակշռության պահպանումը Հայաստանի օրակարգային գլխավոր խնդիրն է։
Արտգործնախարարների մակարդակով այսօրվա հանդիպմանը փորձ կարվի այս տիրույթում քննարկումներ ծավալել, ցույց տալ Մոսկվային, որ Հայաստանը բացարձակապես չի գործում թիկունքային խաղերի տրամաբանությամբ, քննարկել ՌԴ հետ այն ընդհանուր խնդիրներն ու հետաքրքրությունները, որոնք կան, այդ թվում՝ Արցախի անվտանգություն, կայունություն, ինչպես նաև Հայաստանի անվտանգային համակարգին վերաբերող խնդիրներ։
Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը Հայաստանի միանալու հնարավոր պարտադրանքի մասին հարցին Հակոբ Բադալյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, այս պահին Ռուսաստանը նման մտադրություն չունի։ Նա տեսանելի ապագայում ևս նման հեռանկար չի տեսնում.
«Իհարկե, խոսք կարող է լինել այն մասին, թե ինչպես են Երևանն ու Մոսկվան համակարգված աշխատելու ներկայիս իրավիճակում։ Հասկանալի է՝ Մոսկվայի համար կարևորագույն խնդիր է իր, այսպես ասած, ազդեցության գոտիներում իրավիճակի կառավարելիությունը։
Ներկայիս բարդ իրավիճակում Մոսկվան ձգտելու է, որ Հայաստանն առավելագույնս գործի իր շահերի և հետաքրքրությունների տիրույթում, իսկ Հայաստանի խնդիրն է, մի կողմից, աշխատել Մոսկվայի հետ՝ ըստ անհրաժեշտությունների, իրողություններից ու հանգամանքներից ելնելով, մյուս կողմից, նաև թույլ չտալ այնպիսի քայլեր, որոնք կդիտվեն բալանսի այնպիսի խախտում, որ արդեն բավական ռեակցիոն տրամադրություններ կառաջացնեն արևմտյան ուղղությամբ»։
Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում