Բողոք Հայաստանում, Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր։ LIVE նոյեմբերի 10-11-ի իրադարձությունները
-
«Հրադադարը կնքվել է, քանի որ զինվորները շրջափակման մեջ հայտնվելու սպառնալիքի տակ էին»․ Արցախի նախագահ
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում դիմել է ժողովրդին՝ մեղավորներ չփնտրելու կոչով։ Նա հայտարարել է, որ մեկ անգամ չէ, որ զգուշացրել է մարդկային ռեսուրսների սուր պակասի մասին։ Նախագահը կոչ է արել «դավաճաններ չփնտրել»․
«Մենք Ստեփանակերտի պաշտպաններ չունեինք, քանի որ զինվորականներն առաջնագծում էին։ Որտե՞ղ էին կամավորները, աշխարհազորը, իմ սիրելի ստեփանակերտցիները, որոնք այժմ մեղավորներ են փնտրում։ Մի քանի տասնյակ, առավելագույնը 100-200 մարդ կար։ Մենք պետք է 60-հազարանոց զո՞րք կանգնեցնեինք […]։ 18-20-տարեկանները [ժամկետային զինծառայողները] չէին կարող պայքարել 6, 7, 8 պետության դեմ»։
Նախագահը կոչ է արել բոլոր արցախցիներին տուն վերադառնալ։ Նրա խոսքով՝ մոտ օրերս այստեղ կլուծվի ենթակառուցվածքների, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի հարցը․
«Այսօր մենք խոստանում ենք, որ որևէ սոցիալական խնդիր չի լինելու․․․ Մենք վերջնական որոշում չունենք, թե ինչ անել։ Սակայն ուզում ենք վստահեցնել, որ ճանապարհներն անվտանգ են լինելու։ Դուք կհամոզվեք, որ մենք ապրելու ենք Արցախում և ապրելու ենք ավելի լավ, քան այլ վայրում, քանի որ մեզ այլ վայրում չեն սպասում, ոչ մի երկրում չեն սպասում»։
-
Հայաստանի խորհրդարանում արտահերթ նիստ կանցկացվի
Նիստի գումարման համար անհրաժեշտ ստորագրությունների քանակն արեդն հավաքվել է և ներկայացվել խորհրդարանի քարտուղարություն։
Օրակարգն արդեն հայտնի է․ պատգամավորները պահանջում են չեղարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը։
Նիստը կկայանա 20.00-ին։
-
Երևանում ցուցարարները վարչապետին մինչև կեսգիշեր ժամանակ են տվել ինքնակամ հրաժարականի համար
Ակցիայի մասնակիցներն արդեն խորհրդարանի շենքի մոտ են։ Ցուցարարների թիվը չի կրճատվում։
«Դաշնակցության» ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ հաջորդ քայլը խորհրդարանի արտահերթ նիստի գումարումն է։
««Իմ քայլի» բոլոր պատգամավորները մինչև 00:00-ն ժամանակ ունեն։ Եթե նրանք խորհրդարան չգան այդ ժամին, մենք 00:30-ին ասուլիս կտանք և կներկայացնենք մեր հետագա քայլերը», — հայտարարել է նա։
-
Երևանում ցուցարարները հասել են խորհրդարանի շենքի մոտ
Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը, փակ է։ Ազգային ժողովի մոտ փշալարերով մեքենաներ և ջրցաններ են կանգնած։ Խորհրդարանի դարպասների մոտ երեք շարքով ոստիկաններ են կանգնած։
Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներն ուզում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց սկսել։
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հավաքվածներին ասել է, որ մտնում է ԱԺ։
««Իմ քայլի» (իշխող դաշինք) մեր գործընկերներն ինձ հետ անհատկան զրույցների ժամանակ ասել են՝ սկսեք Փաշինյանի պաշտոնանկությունն, իսկ մենք վերջի պահին կմիանանք։ Վերջին րոպեին սպասել պետք չէ։ Մենք ձեզ բոլորիդ սպասում ենք Ազգային ժողովի շենքի մոտ», — հայտարարել է Զոհրաբյանը։
-
«Պատերազմը պարտվել է ոչ թե բանակն, այլ պետությունը»․ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար
Արցախում հրադադարի մասին որոշումը ճիշտ էր, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ «բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ էր ստեղծվել Հայաստանի և Արցախի շուրջ»։
Սակայն Արցախի վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարությունն Օհանյանն «անբարենպաստ փաստաթուղթ» է համարում։
«Պատերազմը պարտվել է ոչ թե բանակն, այլ պետությունը․․․ Պատասխանատվությունը պետք է կրի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը»։
-
Հայաստանի կառավարության շենքի մոտ ոստիկանական լրացուցիչ ուժեր են հավաքվել
Հազարավոր ցուցարարներ են հավաքվել կառավարության շենքի մոտ։ Նրանք բղավում են՝ «Նիկոլ, հեռացիր»։
Հերթով ելույթ են ունենում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները։ Նրանցից ոմանք կոչ են անում ոչինչ չկոտրել և չվնասել, քանի որ դա «պատկանում է պետությանն, այլ ոչ թե Փաշինյանին»։
Կառավարության շենքի պատի երկայնքով ոստիկանները մի քանի շարք են կազմել՝ մուտքը փակելու համար։
-
Ցուցարարներն Ազատության հրապարակից ուղևորվեցին դեպի Հայաստանի կառավարության շենք
Ցուցարարները պահանջում են Ագային ժողովի արտահերթ նիստ գումարել, որին կքննարկվի ռազմական դրության չեղարկման հարցն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը։
-
Հայաստանում ոստիկանական տարբեր բաժանմունքներ է տեղափոխվել արդեն 129 մարդ
Սա ժամը 14.30-ի տվյալներն են։
Այժմ ոստիկանությունն այլևս ոչ ոքի չի կալանավորում։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մեծ մասին Ազատության հրապարակից հեռացրել են դեռևս հանրահավաքի մեկնարկից առաջ։
-
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել են ԱԱԾ
Նախագահի գրասենյակում տեղեկությունն արդեն հաստատել են։ Այսօր ժամը 16.00-ին Սարգսյանը կգնա ԱԱԾ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը մյուս ընդդիմադիր առաջնորդների հետ միասին հանրահավաք է անցկացրել Երևանի կենտրոնում Արցախի վերաբերյալ համատեղ հայտարարության ֆոնին։
-
Հայաստանի վարչապետի հրաժարականի մասին ընդդիմության պահանջին միացել է Լեռնային Ղարաբաղի չորս կուսակցություն
Դա «Արցախի դեմոկրատական կուսակցությունն» է, «Արցախի արդարություն կուսակցությունը», «Միասնական Հայրենիքն» ու «Դաշնակցությունը», երևանյան հանրահավաքին հաղորդել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով՝ արցախյան կուսակցությունների ներկայացուցիչները պահանջում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
-
Ընդդիմադիր կուսակցությունները ներկայացրել են իրենց գործողությունները
Արցախը փրկելու համար պետք է երեք քայլ անել, հայտարարել է «Դաշնակցություն» կուսակցության Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Առաջինը՝ ստեղծել Հայրենիքի փրկության կոմիտե, ինչը մենք արդեն արել ենք։ Երկրորդը՝ անհապաղ պահանջել Նիկոլ Փաշինյանի և իշխանության հրաժարականը։ Երրորդը՝ փրկել դավաճանաբար ծախված մեր հողերը»։
-
Երևանում ոստիկանությունը բռնի ուժով մարդկանց հեռացնում է հանրահավաքից
Երևանում ոստիկանությունը բռնի ուժով մարդկանց հեռացնում է հանրահավաքից
Ոստիկանները մարդկանց ավտոմեքենա են նստեցնում և տանում տարբեր բաժանմունքներ։
Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները կոչեր են անում, ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ հեռացիր», «Նիկոլ դավաճան»։
Ցուցարարների քանակն ավելանում է։ Ոստիկանությունը ներքին զորքեր է ներգրավել։
-
Երևանում ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում՝ բողոքելով Արցախի դեմ եռակողմ համաձայնագրից
Մի քանի հարյուր մարդ է հավաքվել ընդդիմության հանրահավաքին Երևանի կենտրոնական հրապարակում, նրանք բողոքում են Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության դադարեցման համաձայնագրի դեմ, որը նոյեմբերի 10-ին ստորագրել են Հայաստանն, Ադրբեջանն ու Ռուսաստանը։
«Ճակատում իրենց արյամբ հողն ու պետականությունը պաշտպանող զինվորների և մեր բոլորի մեջքի հետևում դավաճանական համաձայնագիր է ստորագրվել։ Մենք պետք է միավորվենք և բացառենք ներքին անկարգությունն ու սադրանքները», — ասված է 17 ընդդիմադիր կուսակցությունների այսօրվա համատեղ հայտարարությունում։
Ոստիկանությունը զգուշացրել է, որ ռազմական դրության պայմաններում, որը դեռևս գործում է Հայաստանում, հանրահավաքների կազմակերպումն արգելված է։ «Ռազմական դրության պայմաններում գործադուլների, հանրահավաքների մասնակցելու համար նախատեսված է նվազագույն աշխատավարձի 400 և 700-պատիկի չափով տուգանք (400-700 հազար դրամ, կամ մոտ 800-1500 դոլար)», — ասված է դատախազության
հայտարարությունում»։ -
Երևանում ցույցի մասնակցելու համար մինչև $1500 տուգանք է սպառնում
Նոյեմբերի 11-ին ժամը 13:00-ին հայկական ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի դեմ։
Հայաստանում դեռևս գործում է ռազմական դրությունն, այդ պատճառով էլ դատախազությունը երկրի քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ հանրահավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ դրանց մասնակցելուց։
«Ռազմական դրության պայմաններում գործադուլների, հանրահավաքների մասնակցելու համար նախատեսված է նվազագույն աշխատավարձի 400 և 700-ապատիկի չափով տուգանք (400-700 հազար դրամ, կամ մոտ 800-1500 դոլար)», — ասված է դատախազության հայտարարությունում։
-
Երևանում ցուցարարները հարձակվել են Սորոսի հիմնադրամի գրասենյակի վրա
Տեսանյութում երևում է, թե ինչպես են գրոհի մասնակիցները կոտրում «Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստան»-ի (Սորոսի հիմնադրամ) գրասենյակի դռները՝ կոչ անելով «կոտրել ամեն ինչ»։
Նախօրեին գիշերը Փաշինյանի կառավարության «պարտվողական քաղաքականության» դեմ բողոքողները հարձակվել էին Երևանում «Ազատություն» ռադիոկայանի խմբագրության գրասենյակի վրա։
-
Ղարաբաղում պատերազմի դադարեցումը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հաղթանակն է, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Պատերազմը դադարեցնելու, դա վերահսկելու և ապահովագրելու համար այնտեղ այժմ ռուս խաղաղապահներ են տեղակայվում, նրանք ապահովելու են ռազմական գործողությունների շարունակության բացակայությունը», — հայտարարել է նախագահի մամուլի խոսնակը։
-
«Արցախի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է բանակի խորհրդով»․ Հայաստանի վարչապետ
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ զինվորականներն առաջարկել են կանգ առնել, քանի որ «մենք ունենք հարցեր, դրանց լուծման հեռանկարներ չկան»։
Ֆեյսբուքում իր ուղիղ եթերի ժամանակ նա նշել է, որ առաջնագծում կռվողներին փոխարինողներ չեն եղել, նրանք մեկ ամիս հանգստանալու հնարավորություն չեն ունեցել։ Արդյունքում՝ Հայաստանի և Արցախի ղեկավարությունը որոշում է կայացրել այն մասին, որ պետք է հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմը, այլապես հետևանքներն ավելի ծանր են լինելու։
«Ես կայացրել եմ անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում», — հայտարարել է Փաշինյանը։ Նա նշել է, որ հրադադար չի կնքվել ռազմական գործողությունների սկզբում, քանի որ այն «ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջանների հանձնում»․
«Իսկ մենք չէինք կարող նման քայլի դիմել, քանի որ հավատում էինք, որ կարող ենք այնպես անել, որ ոչ թե մենք հետաքրքրված լինենք հրադադարով, այլ հակառակորդին այն պարտադրել կարողանայինք։ Ցավոք, դա տեղի չունեցավ»։
-
Ալիևի գիշերային ուղերձը ժողովրդին
Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո, չնայած ուշ ժամին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձով դիմել է ժողովրդին։
«Այս հայտարարությունը պատմական նշանակություն ունի։ Պետք է նշեմ, որ այս հայտարարությունը ստորագրվել է տեսակոնֆերանսի ձևով, առաջին փուլում երեք երկրների ղեկավարները պետք է հայտարարությունը ստորագրեին տեսակոնֆերանսի միջոցով։ Սակայն վերջին պահին Հայաստանի վարչապետը հրաժարվել է դա անել։ Դա որոշ առումով կարելի է հասկանալ, քանի որ այս հայտարարությունը փաստացի նշանակում է Հայաստանի ռազմական կապիտուլյացիա», — հայտարարել է Ալիևը։
«Այս հայտարարությունը թույլ է տալիս առանց արյուն թափելու ազատագրել դեռևս օկուպացիայի տակ գտնող մեր մյուս շրջաններն՝ Աղդամը, Լաչինը, Քելբաջարը։ Կարճ ժամկետ է տրվել, այդ շրջանները վերադարձվում են մինչև այս ամսվա վերջ», — հավելել է Ադրբեջանի նախագահը։
«Դուք, հավանաբար, ուշադրություն եք դարձրել այն փաստին, որ այս հայտարարությունում ոչ մի խոսք չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Իսկ ո՞ւր են հայկական կողմի պահանջներն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղին պետք է անկախություն տրամադրվի։ Երբ ես նրանց ինքնավարություն առաջարկեցի, նրանք ասացին՝ ոչ, դա «անկախ պետություն է»։ Նրանք արդեն երկար տարիներ ապրում են որպես «անկախ պետություն» և պետք է անկախանան Ադրբեջանից․․․ Կարգավիճակը գրողի ծոցն է գնացել, հօդս է ցնդել, այն չկա և չի լինելու։ Քանի դեռ ես եմ նախագահը, չի լինելու», — ընդգծել է նա։
-
«Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում»․ Արցախի նախագահ
Արայիկ Հարությունյանն ուղերձով դիմել է ժողովրդին, որում հայտարարել է, որ պատերազմի 43 օրվա ընթացքում հայկական կողմը կորցրել է Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլուն, Զանգելանը, Հադրութի շրջանի հիմնական մասը, Մարտունու և Ասկերանի շրջանների մի մասը և ամենագլխավորը՝ Շուշի քաղաքը։ Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում, ասել է նախագահը, քաղաքից երկու-երեք կիլոմետր հեռավորության վրա․
«Անօդաչու թռչող սարքերը մեծ կորուստներ էին հասցնում Արցախի Պաշտպանության բանակին։ Հարց է, թե ինչու հայկական բանակը նման սպառազինություն չի ստեղծել»։
Դրա համար պատասխան են տալու բոլոր նրանք, ովքեր պաշտոններ են զբաղեցրել վերջին տասնամյակների ընթացքում, նշել է Հարությունյանը։
-
Ղարաբաղյան հակամարտության գոտու քարտեզը․ ի՞նչ տեսք ունի այն համաձայնագրի ստորագրումից հետո
Սա ղարաբաղյան հակամարտության գոտու քարտեզն է, այսպիսի տեսք ունի այն գիշերը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայնագրի ստորագրումից հետո։
- • Կապույտ գույնով նշված են տարածքները, որոնք արդեն վերահսկում է Ադրբեջանը մեկ ու կես ամիս տևած մարտերից հետո։
- • Կարմիրով՝ այն շրջանները, որոնք պետք է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնեն մինչև2020 թ-ի դեկտեմբերը։
- • Կանաչով՝ շրջանները, որտեղ ռուս խաղաղապահներ կտեղակայվեն։
-
Ռուս խաղաղապահների ավտոշարասյունն արդեն դուրս է եկել Գորիս քաղաքից և ուղևորվում է Արցախ
Ռուսական Russia Today հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ռուս խաղաղապահների ավտոշարասյունը դուրս է եկել Հայաստանի Գորիս քաղաքից և ուղևորվում է Արցախ։ Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը համաձայնագրի պայմաններից մեկն է, որը գիշերը ստորագրել են Հայաստանն, Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Պայմանների թվում է Ադրբեջանին հարակից շրջանների վերադարձը, ադրբեջանցի փախստականների վերադարձը։
-
Հայաստանի նախագահը չի իմացել Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Արցախի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ գիշերը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Արցախի շուրջ համաձայնագրի ստորագրման և պատերազմի դադարեցման պայմանների մասին նա իմացել է լրատվամիջոցներից։ Նախագահը հայտարարել է, որ իր հետ ոչինչ չի քննարկվել, և ինքը ոչ մի բանակցությունների չի մասնակցել։ Այդ պատճառով էլ Արմեն Սարգսյանը քաղաքական խորհրդատվություններ է նախաձեռնել՝ «կարճ ժամկետներում որոշումներ համաձայնեցնելու և համազգային շահերը պաշտպանելու նպատակով»։
-
«Պատերազմը չի ավարտվել, բայց ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը»․ Հայաստանի ՊՆ և ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությունը
«Պատերազմը լիարժեք չի ավարտվել, մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են, բայց մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը»։ Հայաստանի պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարույթունն արվել է այսօր առավոտյան այն բանից հետո, երբ գիշերն Ադրբեջանի և Ռուսաստանի հետ Արցախում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել։
Հայ զինվորականները հայտարարել են, որ «արել են հնարավորն ու անհնարինը հակառակորդին դիմագրավելու համար», որ «հայկական բանակը կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության, ինչպես նաև մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ»։
«Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ»։
-
Արցախի մասին համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև
Նոյեմբերի լույս 10-ի գիշերը համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև Արցախում ռազմական գործողությունների դադարեցման, հարակից շրջաններն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու և Արցախ փախստականների վերադարձի մասին։ Համաձայնագիրը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Երևանում, ընդդիմությունն այն անվանել է «Արցախի փաստացի հանձնում Ադրբեջանին»։
• Համաձայնագրի ամբողջական տեքստը, Փաշինյանի ելույթն ու երևանյան ցույցերի տեսանյութը