Մարտեր Արցախում։ Թարմացվում է։ Սեպտեմբերի 30-ի տվյալներ, ռեպորտաժներ, տեսանյութեր, լուսանկարներ
-
Ղարաբաղում հրապարակվել են 23 զոհերի անունները
Այսպիսով, հայ զինծառայողների շրջանում զոհվել է 103 մարդ։
Նրանց մեծ մասը մինչև 25 տարեկան է։ -
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել «օտարերկրյա ահաբեկիչներին և վարձկաններին»
Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանությունում ասվում է, որ տեղեկություններ են ստացվում ղարաբաղյան հակամարտության գոտի «ապօրինի զինված կազմավորումների զինյալների տեղափոխման մասին, մասնավորպաես՝ Սիրիայից, Լիբիայից՝ մարտական գործողություններին անմիջականորեն մասնակցելու նպատակով»։ Եվ սա սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար։ «Շահագրգիռ պետությունների ղեկավարություններին կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ», — ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Հայաստանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմից վարձկաններ են կռվում Սիրիայից և Լիբիայից։
-
Հայկական ստորաբաժանումներն Ադրբեջանի ԶՈւ մարտական դիրք են գրավել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ղարաբաղից նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ համառ մարտերը շարունակվում են։
Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ մարտական դիրք է գրավվել, հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
-
Ադրբեջանում զինվորներին անվճար միրգ ու քաղցրավենիք են առաջարկում
Ադրբեջանի ճանապարհներին, որոնք ճակատագիծ են տանում, գործարարները ճամփեզրին արկղեր են դրել և զինվորականներին բացարձակ անվճար առաջարկում են միրգ, քաղցրավենիք և ջուր։
«Զինվորների համար», — գրված է այդ ինքնաշեն վաճառասեղանների վրա։
-
Ադրբեջանի ԱԳՆ․ «Հայաստանը մտադիր էր հակամարտությունում երրորդ կողմերի ներգրավել»
Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունները տարածաշրջանում վերջերս սրված հակամարտությանն իբր Թուրքիայի մասնակցության մասին ստահոդ են և սադրիչ բնույթ են կրում, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Ներկա պահին ադրբեջանական կողմն ադեկվատ միջոցներ է ձեռնարկում՝ ի պատասխան Հայաստանի շարունակական ռազմական սադրանքների։ Ադրբեջանական բանակը բավականաչափ պատրաստված է և ուժեղ՝ իր ժողովրդի և հողերի պաշտպանության ապահովման համար։
Ինչ վերաբերում է Թուրքիայի դերին, ապա նա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և սկզբունքները հարգելու կողմնակից է։
․․․Իբր թուրքական ռազմաօդային ուժերի F-16-ի կողմից Հայաստանի ՍՈՒ-25 ռազմական ինքնաթիռի խոցման մասին կեղծ տեղեկությունների տարածման միջոցով Հայաստանը մտադիր էր համակարտությանը երրորդ կողմեր ներգրավել։
Ակնհայտ է, որ հայկական կողմը նպատակ ունի շեղելու միջազգային հանրության ուշադրությունն իր ագրեսիվ քաղաքականությունից և ռազմական հանցագործություններից, որոնք միտումնավոր կատարում է՝ հրետակոծելով Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունն», — ասված է նախարարության հայտարարությունում։
-
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել ճակատագծից
«Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները», — Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
Բաքվի բնակիչը վաճառել է իր ամառանոցն ու բանակին մոտ 30 հազար դոլար նվիրաբերել
Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտերի մեկնարկից ի վեր խոշոր ընկերություններն ու շարքային քաղաքացիները ներգրավվել են Ադրբեջանի զինված ուժերի օգնության հիմնադրամին միջոցներ փոխանցելու արշավին։
Բաքվի բնակիչ, գործարար Խանլար Հուսեյնովը վաճառել է մայրաքաղաքի ծայրամասում տեղակայված իր ամառանոցն ու նշված հիմնադրամին փոխանցել 50 հազար մանաթ [$29 412]։
-
Իլհամ Ալիևը դիմել է հայ ժողովրդին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է մարտերում վիրավորված զինծառայողներին Բաքվի Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։
Նրանց առջև իր ելույթի ժամանակ Ալիևը դիմել է հայ ժողովրդին․
«Վստահ եմ, որ հայ ժողովուրդն ինձ ճիշտ կհասկանա։ Մենք հայ ժողովրդի հետ խնդիր չունենք։
Ադրբեջանը բազմազգ պետություն է և այստեղ շատ ժողովուրդներ, այդ թվում՝ հայերը, խաղաղ են ապրում։
Ադրբեջանում հազարավոր հայերն են ապրում։ Նրանք մեր երկրի քաղաքացիներն են։ Սակայն մեր գործն արդար է։ Մենք իրավացի ենք և պատմական կտրվածքով, և միջազգային իրավունքի և արդարության տեսակետից։ Ադրբեջանցի զինվորներն ու սպաները կռվում են իրենց հողերի համար։ Այսօր Ֆիզուլիում և Ջաբրայիլում, օկուպացված մյուս տարածքներում դաժան մարտեր են ընթանում, և մենք կորուստներ ենք կրում, մեր մարտիկները վիրավորվում են։ Սակայն սա պայքար է հանուն արդարության։ Պատմական ճշմարտությունն ու միջազգային իրավունքը մեր կողմից են»։ -
Հայփոստը զինծառայողների համար ծանրոցներն անվճար կառաքի
Անվճար կառաքվեն ցանկացած ծավալի և քաշի առաքանիները։
«Ծանրոց ուղարկել ցանկացողները կարող են դա անել փոստի ցանկացած բաժանմունքում՝ նշելով Արցախի 61 հասցեն», — ասված է հաղորդագրությունում։
Փոստային ծառայությունը տրամադրել է նաև անհրաժեշտ պարագաների ցանկը։ Դրանց թվում են՝ անձնական հիգիենայի պարագաներ․ ատամի մածուկ և խոզանակ, օճառ, սափրվելու պարագաներ, զուգարանի թուղթ, ստերիլ բինտ, քնապարկեր, գուլպաներ և անդրավարտիք։
-
Ադրբեջանում կասեցվել են բանակ զորակոչված անձանց վարկային մարումները
Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի, ինչպես նաև կահույքի վաճառքի ադրբեջանական խոշորագույն ցանցային խանութները հայտարարել են մասնակի զորակոչի շրջանակում բանակ զորակոչված անձանց վարկային մարումների կասեցման մասին։
-
Ֆրանսիայի նախագահ․ «Մենք չենք ընդունելու Ղարաբաղի վերագրավումը»
«Ֆրանսիան նախկինի պես բավականին մտահոգ է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերագրավման վերաբերյալ Թուրքիայի վերջին կոչերի առնչությամբ։ Մենք դա թույլ չենք տալու», — Ռիգայում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը դիմել է Հայաստանին և հայերին՝ նշելով, որ «Ֆրանսիան իր դերը խաղալու է»։
«Մենք դա քննարկելու ենք մեր ռուս և ամերիկացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ՝ Եվրախորհրդում իրավիճակը ներկայացնելուց առաջ», — ընդգծել է Մակրոնը։
-
«Մենք Թուրքիա չենք»․ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հակամարտության կարգավորմանը երկրի մասնակցության մասին
«Մենք Թուրքիա չենք, այլ Ռուսաստան։ Սա պետք է հասկանալ բառի ուղղակի իմաստով», — հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին հարցին՝ նա ասել է․
«Սա մեր պատմությունն է, հակամարտությունների կարգավորման մեր մեթոդները նույնպես իրենց պատմությունն ունեն։ Բացարձակ չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի կամ այլ երկրի մեթոդաբանությունը։ Մենք տարբեր հռետորաբանություն ունենք, և հայտարարություններն են տարբերվում»։
Թուրքիայի հետ համեմատությունները կապված էին Իլհամ Ալիևի վերջին հայտարարության հետ, թե հենց Թուրքիան է Ադրբեջանի անվտանգության երաշխավորը։
-
Ադրբեջանում 14 խաղաղ բնակիչ է զոհվել հայկական կողմի սադրանքի հետևանքով
Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տեղեկությունների համաձայն՝ հայկական կողմի սադրանքի հետևանքով 14 խաղաղ բնակիչ է զոհվել։
Եվս 46 մարդ վիրավորվել է, նրանք հոսպիտալացվել են։
-
Երեք խաղաղ բնակիչ է զոհվել Ղարաբաղի Մարտակերտի շրջանում Ադրբեջանի կողմից ռմբակոծման հետևանքով
«Թշնամին թիրախավորել է Մարտակերտ քաղաքն ու կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Ցավոք, երեք մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ», — հաղորդում է Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
Զոհերի մասին տվյալները հստակեցվում են։
-
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել շփման գծից
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել։ «Հակառակորդի դիրքերը զանգվածային հրետակոծության տակ են», — կադրերն է մեկնաբանում գերատեսչությունը։
-
Ռազմական փորձագետը՝ շփման գծում տիրող իրավիճակի մասին
Ղարաբաղյան հակամարտության գոտում գիշերային մարտերն այնքան ինտենսիվ չեն եղել, որքան նախորդ օրերին, հաղորդում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մարտերն այժմ էլ ընթանում են։ Մեր ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են իրենց դիրքերը»։
Զոհերի մասին տեղեկությունը լրացուցիչ կտրամադրվի։ Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը նույնպես զոհեր ունի։
-
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ուղերձով դիմել է կամավորներին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ուղերձով դիմել է կամավորներին, որոնք դիմում են ճակատագծում ադրբեջանական բանակի ռազմական գործողություններին մասնակցելու խնդրանքով։
Պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին բարոյապես աջակցելու համար և հիշեցրել, որ այդ նպատակով անհրաժեշտ է դիմել ոչ թե զորամասեր, այլ բնակության վայրերի զինկոմիսարիատներ։
-
Հայաստանը հերքել է Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու հավանականությունը
Այս մասին Հայաստանի վարչապետը հայտարարել է ռուս լրագրողների հետ հանդիպմանը։ Սակայն Գերմանիայի կանցլերի և Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների հետ հեռախոսազրույցների ժամանակ նա նրանց ուշադրությունն է հրավիրել «Թուրքիայի պահվածքի» և հակամարտությանը ներգրավվածության վրա։
«Անկարան փաստացի անկայունություն է մտցնում Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում, հիմա էլ փորձեր են արվում Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնել։ Վստահ եմ, որ սա չի կարող չանհանգստացնել միջազգային հանրությանն», — ասել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասել է նաև, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի անքակտելի մասն է, դրա ներուժը պետք է օգտագործվի։
«Արդյո՞ք այդպիսին է ներկայիս իրավիճակը։ Հասականալի է, որ ոչ։ Սակայն միանգամայն կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ բազայի ներուժը պետք լինի օգտագործել», — ասել է Փաշինյանը։
Նա պատասխանել է նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի և ՍՈՒ-30ՍՄ կործանիչների կիրառման հնարավորության մասին հարցին․
«Մեզ համար առաջնահերթություն է մեր քաղաքացիների և մեր երկրի անվտանգության ապահովման հարցը։ Միաժամանակ մենք իրավիճակը չվատթարացնելու խնդիր ունենք»։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում էր, որ ստիպված է ավելի մեծ հեռավորության խոցման հարվածային համակարգեր կիրառել, քանի որ Ադրբեջանն արդեն օգտագործել է ռեակտիվ համակարգեր և մեծ տրամաչափի հրանետային միջոցներ։
-
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել չխախտել քաղաքացիական բնակչության իրավունքները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ որոշում է կայացրել։
Սեպտեմբերի 27-ին այդ պահանջով ՄԻԵԴ էր դիմել Հայաստանի կառավարությունը։ Դա կապված էր Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով և Հայաստանի Վարդենիսի շրջանի ուղղությամբ մասշտաբային ռազմական գործողությունների մեկնարկի հետ։ Հայաստանը պահանջել է ստիպել Ադրբեջանին դադարեցնել հարձակողական ռազմական գործողություններն, ինչպես նաև մարդկանց, քաղաքացիական օբյեկտների և բնակավայրերի ուղղությամբ թիրախավորված կրակը։
Ընդ որում, ՄԻԵԴ որոշման մեջ կոչ է հնչում երկու հակամարտ կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, «զերծ մնալ ցանկացած միջոցներից, մասնավորապես, ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ նրանց կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելուն»։
Որոշման համաձայն՝ որն ընդունել են ՄԻԵԴ 7 դատավորները, երկու երկրներն էլ պետք է սեղմ ժամկետներում դատարանին տեղեկություններ ներկայացնեն իրենց պարտավորությունների կատարման մասին։
-
Հայկական զինված ուժերը հրետակոծում են Թարթառ քաղաքն․ Ադրբեջանի պաշտպանության նախարարություն
Սեպտեմբերի 30-ի առավոտյան ժամը 8-ից հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի Թարթառ քաղաքը, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Կան վիրավորներ։
-
Նորություններ, ռեպորտաժներ, լուսանկարներ/տեսանյութեր Ղարաբաղում 2020 թ-ի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ
Սեպտեմբերի 27-ի առավոտյան 7-ին մասշտաբային ռազմական գործողություններ են սկսվել Լեռնային Ղարաբաղի շուրջ և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին։ Հաղորդվում է երկու կողմից տասնյակ զոհերի և հարյուրավոր վիրավորների մասին ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում։