Ի՞նչ է տեղի ունեցել արցախյան մարտադաշտում։ Ռազմական փորձագետների գնահատականները
Ի՞նչը կանխորոշեց Լեռնային Ղարաբաղում պատերազմի ելքը․ թուրքական բանակի արդյունավետ ո՞ճը։ Թե՞ հայ զինվորականների զարմանալի անհոգությունը։ Այս հարցի մասին իրենց կարծիքով Բի-Բի-Սիի ռուսական ծառայության հետ կիսվել են ռազմական փորձագետները։
Որտե՞ղ բեկում եղավ
Հադրութը բուն Լեռնային Ղարաբաղի տարածքի առաջին շրջկենտրոնն էր և առաջին քաղաքն ադրբեջանական ստորաբաժանումների ճանապարհին, որտեղ խաղաղ բնակիչներ էին մնացել։
Հենց Հադրութի անկումից իրավիճակը փոխվեց․ ադրբեջանական զորքերը սկսեցին ավելի ինտենսիվ առաջ շարժվել, հայերը՝ նահանջել։
«Առաջին աղետն այն էր, որ Հադրութը, չգիտես ինչու, առանց լուրջ դիմադրության թողեցին, և սա կանխորոշեց մնացածը», — ասել է հայ ռազմական փորձագետը, որը չի ցանկացել նշել անունը։
Պատերազմի ելքը վճռեց Շուշի քաղաքի անկումը, կարծում է լրագրող և Հանրային ռադիոյի նախկին ղեկավար Մարկ Գրիգորյանը։
«Շուշին ողջ Արցախի բանալին է։ Այն կենտրոնն է, որից վերահսկվում է նաև Ստեփանակերտը [Արցախի մայրաքաղաքը]։ Այդպես էր նաև առաջին պատերազմի ժամանակ, սակայն այն ժամանակ սպառազինության մակարդակը բոլորովին այլ էր, այդպես եղավ նաև այժմ», — ասել է Գրիգորյանը։
Ո՞վ և ինչպե՞ս էր պատրաստվել պատերազմին
«Սպառազինության վրա Ադրբեջանի ծախսերն ավելի իմաստալից էին, պլանավորումն՝ ավելի մանրակրկիտ։ Նրանք փողը քամուն չէին տվել, ուշադիր հաշվի էին առել ռազմական գործում առկա բոլոր նորագույն միտումները, գնել էին այն, ինչ պետք է, ուսումնասիրել էին Մերձավոր Արևելքում պատերազմի փորձը։ Ներկայիս պատերազմին նրանք նախապատրաստվել էին, ինչպես հարկն է, և սա վերաբերում է ոչ միայն հակամարտության ռազմական, այլ նաև քաղաքական, տնտեսական, պրոպագանդիստական կողմին», — կարծում է ռուս ռազմական փորձագետ Վասիլի Կաշինը։
2010-ականների կեսից սկսած՝ Հայաստանը նույնպես սկսեց ավելի շատ փող ծախսել սպառազինության վրա։
Որոշ գնումներ, ճիշտ է, տարակուսանք և նույնիսկ քննադատություն էին առաջացնում Հայաստանում։ Այսպես, շատերն են անիմաստ համարում 2019 թ-ին ՍՈՒ-30ՍՄ ռուսական չորս կործանիչների գնումը։ Այդ ինքնաթիռներն ավելի արագ են և հզոր, քան ադրբեջանական ՄԻԳ-29-երը, ինչպես նաև՝ չափազանց թանկ, սակայն դրանց մարտունակությունն ավելորդ էր ղարաբաղյան մարտական գործողությունների թատերաբեմի համար։
Եվս մեկ գնում, որի շուրջ Հայաստանում սկանդալ տեղի ունեցավ, Հորդանանից «Օսա ԱԿ» զենիթահրթիռային համալիրների մատակարարումն էր։ Փորձագետները հարցականի տակ էին դնում երրորդ երկրներից բավականին հին համալիրների գնման շարժառիթները, եթե Հայաստանը կարող էր ուղղակիորեն Ռուսաստանից գնել նույնատիպ ժամանակակից սպառազինություն։
Դրոնների վճռորոշ դե՞րը
Հակաօդային պաշտպանության ոլորտի մասնագետ Միխայիլ Խոդարյոնոկի խոսքով՝ Ղարաբաղի և նրա թիկունքում կանգնած Հայաստանի դեպքում հազիվ թե հնարավոր լիներ զարգացած հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծել։
Լեռնային Ղարաբաղում առկա ՀՕՊ-ն, ըստ փորձագետի, հաշվարկված էր հարվածային ուղղաթիռների և գրոհիչների համար, սակայն երկնքում դրան դիմակայում էին ոչ մեծ դրոնները։
Թուրքական բանակի արդյունավետ ոճը
Ռուսական «Հայրենիքի զինանոց» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկու կարծիքով՝ ադրբեջանական բանակը գործում էր զգույշ՝ հիմնվելով հանգամանալից հետախուզական տվյալների, հեռահար կրակային խոցման և ԱԹՍ-ների հարվածների վրա․ «Մենք այստեղ չտեսանք հրետանու, կրակային գրոհներով, տանկերով և այլնով հարձակում»։
Մուրախովսկին նշել է, որ Ադրբեջանի ԶՈՒ գործողություններում նկատվում էր թուրքական բանակի ոճը, որը նույն մարտավարությունն է կիրառել 2018 թ-ին սիրիական Աֆրին քաղաքում և Իդլիբ ավանում, որտեղ թուրք զինվորականները «Ձիթենու ճյուղ» հաջող գործողությունն են իրականացրել։
Հայկական պաշտպանության թերությունները վաղուց էին երևում
«Հայկական կողմն ակնհայտորեն լուրջ չէր մոտեցել պաշտպանության նախապատրաստմանը, երկարաժամկետ ամրաշինությանը, քողարկմանը, հետախուզությանը։ Ընդ որում, բոլոր այս թերությունները հայկական պլանավորման մեջ երևում էին դեռևս Ադրբեջանի հետ նախորդ սրացումների ժամանակ՝ սկսած 2016 թ-ից, սակայն նրանք ոչ մի եզրակացություն չէին արել», — ասել է Վասիլի Կաշինը։
«Մի կողմը շատ լավ էր նախապատրաստվել, սրան էր եկել տասնամյակներով, մյուս կողմն ավելի թույլ էր և մի կերպ էր պատրաստվել», — ամփոփում է փորձագետը։