Օգնություն Հայաստանի կառավարությունից՝ Արցախում ռազմական գործողություններից տուժածներին
Արցախում ռազմական գործողություններից տուժածները միանվագ նպաստ կստանան Հայաստանի կառավարությունից։ Արդեն հաստատվել է զոհվածների ընտանիքներին և հաշմանդամություն ստացած զինծառայողներին ֆինանսական օգնության տրամադրման չափը։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 5-ական միլիոն դրամ, իսկ հաշմանդամություն ստացածներին՝ 3, 2 և 1 մլն դրամ՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամության դեպքում։
- Անավարտ ղարաբաղյան պատերազմ․ հոգեբանական խնդիրների փուլ
- Անվճար կոմունալ ծառայություններ, Եվրամիության օգնություն և նպաստաներ՝ Հայաստանի կառավարությունից․ օգնություն արցախցիներին
Բացի այդ, Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներն, ում տները վնասվել են պատերազմի ընթացքում, վերանորոգման համար գումար կստանան։ Ընդհանուր առմամբ, այդպիսի 75 տուն կա։ Դրանց մեծ մասը գտնվում է Սյունիքի մարզի գյուղերում, փոքր մասը՝ Գեղարքունիքում։
Մեկ ընտանիքի նոր բնակարան կտրամադրվի, քանի որ հրետակոծության հետևանքով տունը չափազանց լուրջ է վնասվել։
Հայաստանի կառավարությունը նաև 30 հազար դրամի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի նրանց, ովքեր իրենց տանն ապաստան են տվել Արցախի այն տարածքներից տեղահանվածներին, որոնք պատերազմից հետո անցել են Ադրբեջանին։ Այդ գումարը տրամադրվելու է ընդունվող ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անձի համար։ Եթե բնակարանը տրամադրվում է Արցախում, ապա ընդունող ընտանիքին ուղղված աջակցությունը կկազմի 45 հազար դրամ (90 դոլար)։
Հաղորդվում է, որ սա ժամանակավոր օգնություն է, որը հաշվարկված է վեց ամսվա համար։ Այն ստանալու համար պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնել ssa.am կայքում։
Հայաստանի կառավարությունում նախապատրաստվել է նաև պատերազմին մասնակցած ուսանողների 2020 թ․ երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման մասին նախագիծը։ Այս արտոնությունը կստանան նաև այն ուսանողները, որոնք պատերազմի մասնակցի ընտանիքի անդամ են։
Այս մասին դեկտեմբերի 3-ին կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս հարցով որոշումը կընդունվի կառավարության արդեն հաջորդ նիստին։