Արցախյան կոնֆլիկտը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները
Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Բանակցություններն անցել են ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի հավաքի շրջանակում։
Հաղորդվում է, որ Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Արցախյան հակամարտությանն առնչվող հարցեր, ինչպես նաև 2020թ․ նոյեմբերի 9-ի՝ Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը։
- «Ադրբեջանի նկրտումները կարող են տարածաշրջանը կանգնեցնել նոր պատերազմի առջև»․ Գարեգին Բ
- Հայաստան-Իրան-Ադրբեջան. տրանսպորտային միջանցքների «պատերազմ»: Հայացք Երևանից
- Հայաստանը բացել է իր օդային տարածքն Ադրբեջանի համա՞ր։ Կարծիքներ Երևանից և Բաքվից
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նախարար Բայրամովը հանդիպմանը ներկայացրել է շրջանում հետպատերազմյան իրավիճակի և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը։ Նա ընդգծել է 2020 թ․ աշնանն ու 2021 թ․ հունվարին ստորագրված եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացման կարևորությունը։
«Հայտարարվել է, որ Ադրբեջանում պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հիման վրա։ Այս առնչությամբ կարևորվել է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային ճանապարհների բացման մասին պայմանավորվածությունների կյանքի կոչումը», — ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Բայրամովը խոսել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում առկա ականների վտանգի մասին, ինչը սպառնալիք է մարդկանց կյանքի համար։ Նա ընդգծել է Հայաստանի կողմից ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզների տրամադրման անհրաժեշտությունը։
«Նախարարը պատմել է նաև վերականգնողական աշխատանքների մասին, որոնք իրականացվում են ազատագրված տարածքներում», — ասված է հաղորդագրությունում։
Տեղեկություններ Երևանից
Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ միտված կրակի դադարեցմանը, և արցախահայության անվտանգության ապահովման համատեքստում կարևորել է ՌԴ խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։
«Միաժամանակ, նախարար Միրզոյանը կողմերի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ դեռևս իրականացված չեն, և այս համատեքստում ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը», — ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Անդրադառնալով Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը։ Պաշտոնական Երևանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում։