Պատերազմ Ղարաբաղում, Ադրբեջանն այն անվանում է «հակաահաբեկչական գործողություն». ԹԱՐՄԱՑՎՈՂ
-
Երևանում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով և ՌԴ-ին ուղղված մեղադրանքներով
Երևանն այս պահին: Կառավարության շենքի դիմաց, որտեղ ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցը, իրավիճակը սրվել է, ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել։
Ընդդիմությունը հարյուրավոր մարդկանց էր հավաքել Հանրապետության հրապարակում: Միաժամանակ ակցիա է տեղի ունենում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի մոտ։ Մի խումբ պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մյուսները մեղադրում են Ռուսաստանին։
Ընդդիմությունը հայտարարեց ազգային կոմիտեի ստեղծման մասին, որը կպահանջի կառավարության հրաժարականը։ «Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հեռացման փուլային ծրագիր է մշակվել, այն պարունակում է կետ՝ խորհրդարանում վարչապետին իմպիչմենտի ենթարկելու մասին»,- հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ, ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
-
Առնվազն 200 զոհ ունենք. Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400:
Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված տվյալով զոհերից տասը խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։
-
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է ժողովրդին
Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի ավելի քան 300 քաղաքացի դարձել է ականային ահաբեկչության զոհ։ Երեկվա ահաբեկչությունը այս կատեգորիայի իրադարձություն էր։
Նրա խոսքով՝ մինչ Լաչինի սահմանային անցակետի ստեղծումը Հայաստանից ապօրինի կերպով ականներ են բերվել Ադրբեջանի Ղարաբաղի շրջան և տեղադրվել տարբեր վայրերում։
«Հակաահաբեկչական միջոցառումների և դրանց հաջող ավարտի արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը։
Ամբողջությամբ ոչնչացվել է բանակի զգալի մասը, որը հայկական պետության կողմից ապօրինի տեղակայվել էր ադրբեջանական տարածքներում և դեռևս դուրս չի բերվել՝ չնայած Հայաստանի պարտավորություններին։ Ոչնչացվել և շարքից հանվել է ռազմական տեխնիկան:
Մինչ գործողության մեկնարկը, ես ևս մեկ անգամ լուրջ հանձնարարական տվեցի մեր բոլոր ռազմական կազմավորումներին՝ ապահովելու, որ հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ղարաբաղի տարածքում բնակվող հայ բնակչությունը հարձակման չենթարկվի, և քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի։ .
Ղարաբաղից հայկական ապօրինի զինված ուժերի դուրսբերման և զինտեխնիկայի հանձնման գործընթացն արդեն սկսվել է։
Ռեժիմ կոչվածը պետք է ծալի իր «դրոշները», դնի գրպանները և հեռանա մեր հողերից։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է:
Ղարաբաղի հայ բնակչությունն այժմ կարող է հանգիստ շունչ քաշել:
Եվլախում հայ համայնքի ներկայացուցչի հետ իմ ներկայացուցչի հանդիպմանը մենք մյուս կողմին կփոխանցենք համակեցության մեր ծրագրերը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
«Հայաստանն անսպասելիորեն քաղաքական կոմպետենտություն դրսևորեց Ղարաբաղի հետ կապված իրավիճակում։ Մենք դա տեսնում ենք։ Կարծում եմ, որ այսօր և երեկ տեղի ունեցած իրադարձությունները դրական ազդեցություն կունենան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի վրա։ Հայաստանի` երեկ և այսօր ցուցաբերած դիրքորոշումը խոստումնալից է»,- հավելել է նա։
-
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, «քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի»:
-
Ռուս խաղաղապահներ են զոհվել հրետակոծության հետևանքով
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մասին»։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ նրանց մեքենան կրակի տակ է հայտնվել դիտորդական կետից վերադառնալիս, և զինվորականների մահվան վայրում «աշխատում են ռուս և ադրբեջանցի քննիչներ»։ Թե քանի մարդ է զոհվել, չի հաղորդվում։
-
Meduza պարբերականը պատմում է, թե ինչպես է Կրեմլը պետական ԶԼՄ-ներին խորհուրդ տալիս լուսաբանել ԼՂ-ի դեպքերը
Meduza-ի ձեռք ի տակ է հայտնվել ձեռնարկ, որը սեպտեմբերի 19-ի երեկոյան նախագահական վարչակազմն ուղարկել է պետական և Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցների աշխատակիցներին։ Դրանում Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և արևմտյան երկրներին։
Ներկայացնում ենք պարբերականի հրապարակած տեքստը՝ Կրեմլի կողմից ուղարկված խորհուրդների մասին։
Meduza-ն պարզել է, թե ինչպես է Կրեմլը խորհուրդ տալիս պետական լրատվամիջոցներին լուսաբանել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները: Ամեն ինչում մեղավոր են Հայաստանն ու նրա արևմտյան «գործընկերները»։ Իսկ ռուս խաղաղապահները հերոսաբար փրկում են խաղաղ բնակիչներին հրետակոծությունից։
Պետական և Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցների աշխատակիցներին խորհուրդ է տրվում ընդգծել, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», և որպես այս թեզի հաստատում խորհուրդ է տալիս մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի հոկտեմբերին արած հայտարարությունները։
Սակայն այդ ժամանակ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղղակիորեն խոսել էին միայն իրենց երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման մասին։
Կրեմլում ռուս խաղաղապահների կարգավիճակը խորհուրդ է տրվում բնութագրել որպես «դիտորդական», իսկ կառավարամետ լրատվամիջոցների աշխատակիցները պետք է պատմեն «քաղաքացիներին տարհանելու» հարցում խաղաղապահների օգնության մասին։
Միևնույն ժամանակ, իշխանամետ ԶԼՄ-ների աշխատակիցներին խրախուսվում է խոսել այն հաջողությունների մասին, որոնց, իբր, հասնում են ռուսական զորքերը Ուկրաինայում։ Ձեռնարկի հեղինակները ռուսական բանակի «առաջադրանքը» ձևակերպում են հետևյալ կերպ. «Ուկրաինայի զինված ուժերի տեխնիկան և անձնակազմը շարքից հանելն է»։
-
Ռուս խաղաղապահները հայտարարում են, որ «օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանը»։ Տեսանյութ
ՌԴ ՊՆ-ն իր Telegram ալիքում հայտնում է, որ խաղաղապահների ճամբարում է «2261 խաղաղ բնակիչ, որից 1049-ը՝ երեխա», խոսքը մարտական գործողությունների գոտուց տարհանված ԼՂ բնակիչների մասին է։
Ռուսական խաղաղապահ զորախումբը հայտարարել է, որ «շարունակում է կատարել իր գործառույթները»՝ խաղաղ բնակչությանը հնարավոր օգնություն ցուցաբերել։
Հրապարակմանը կից ներկայացվել է հետևյալ տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են մարդիկ իրենց իրերով մտնում խաղաղապահների բազայի տարածք։
-
Իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն Երևանից
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ստեղծված իրավիճակը․
«Մի քիչ ժամանակագրություն
- Արցախում իշխանության են գալիս ռուսամետ-քոչարյանամետ ուժերը,
- Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսում՝ ռուսների ակնհայտ հովանու ներքո (ՌԴ արձագանքները վկա),
- Մեդվեդևը հայտարարում է, որ Հայաստանի իշխանություններին ինչ-որ վատ ճակատագիր է սպասվում,
- Ռուսաստանյան քարոզչամեքենան այս ամենի պատասխանատվությունը բարդում է Հայաստանի իշխանությունների վրա
- Երևանի քոչարյանամետ ուժերը փորձում են գրոհել կառավարության շենքը,
- Ունենալով Հայաստանից ավելի շատ տանկ ու հրետանի, Արցախի ռուսամետ-քոչարյանամետ իշխանությունները անգամ մեկ ամբողջ օր մարտ չվարած արդեն համաձայնվում են ամբողջական կապիտուլացիայի:
Ռուսաստանի մասով ամեն ինչ պարզ է, մարդիկ ուզում են հեղաշրջում անեն և Հայաստանը դարձնեն Բելառուս-2: Բայց ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանում կան ուժեր (որոնք Արցախում իշխանության եկան), որոնք Հայաստանի անկախությունն ու Արցախի գոյությունը ստորադասում են իշխանության գալու իրենց ցանկությանը:
Ու պարզապես արձանագրենք, որ այդ ուժերը Արցախում իշխանության գալու 10-րդ օրը ստացան պատերազմ, իսկ 11-րդ օրը ստորագրեցին ամբողջական կապիտուլացիա»։
-
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
«ԼՂ պաշտոնական էջերից տեղեկացանք, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Մենք ծանոթացանք տեքստին, և քանի որ այդ տեքստի ձևավորմանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետևյալն է, որ տեքստում հիշատակվում են ՀՀ զինված ուժերը, և խոսվում է ԼՂ-ից ՀՀ ԶՈՒ-ի մնացած ստորաբաժանումների մասին: Այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021 թ օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի:
Ամեն դեպքում մենք այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից նրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն
Վերջին տեղեկատվությունը, որ հաջողվել է ստանալ ԼՂ-ից, հետևյալն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է: Չեմ կարող ասել, որ զրոյացել է, բայց կտրուկ նվազել է»։
-
Վաղը տեղի կունենա Ադրբեջանի իշխանությունների և Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը
Ադրբեջանի նախագահի վարչակազմի հայտարարությունը
«Ադրբեջանի նախագահի վարչակազմի առաջարկով 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Եվլախում կկայանա հանդիպում Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերաինտեգրման հարցեր՝ Ադրբեջանի Սահմանադրության ու օրենքների հիման վրա»։
-
Ադրբեջանի ՊՆ․ «Հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է»
«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հաշվի առնելով Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների դիմումը, որը ստացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ժ. 13:00-ից դադարեցնել տեղային բնույթ ունեցող հակաահաբեկչական միջոցառումները հետևյալ պայմաններով՝
- Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում տեղակայված Հայաստանի զինված ուժերի կազմավորումներն ու ապօրինի հայկական զինված խմբավորումները վայր են դնում զենքերը, թողնում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները լքում են Ադրբեջանի տարածքը, հայկական անօրինական զինված խմբավորումները լուծարվում են։
- Միաժամանակ հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
- Վերոնշյալ գործընթացների իրականացումն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համաձայնեցմամբ»։
-
Արցախն ընդունեց կրակի դադարեցման առաջարկությունը
Քիչ առաջ Արցախի նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ որոշել են ընդունել ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
«Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ»,- հայտարարել է նախագահի աշխատակազմը։
Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ երեկ և այսօր ադրբեջանական կողմին հաջողվել է «մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների»։
-
Ադրբեջանը կրկնել է հրադադարի պայմանները
Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների հետ Եվլախում հանդիպելու պատրաստակամության մասին Ստեփանակերտից ստացված տեղեկություններից հետո Ադրբեջանի կառավարամետ լրատվամիջոցները կրկնել են նախօրեին ՊՆ կողմից հայտարարված հրադադարի պայմանները։
«Հրադադարի համար ապօրինի զինված խմբավորումները պետք է սպիտակ դրոշ բարձրացնեն, իսկ Ստեփանակերտի «պետական մարմինները» պետք է հայտարարեն իրենց ինքնալուծարման մասին»,- ասված էր հաղորդագրությունում։
Նշվում է, որ «հակաահաբեկչական գործողությունը» շարունակվում է։
-
«ՌԴ-ն դավաճանեց Հայաստանին 30 տարվա հաճախորդ-հովանավոր հարաբերություններից հետո». Արեստովիչը՝ ընթացող պատերազմի մասին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը Twitter-ում գրառում է հրապարակել Ղարաբաղում ընթացող պատերազմի մասին։ Կարծում է՝ Հայաստանը հնարավորություն ունի վերջ դնել Ռուսաստանի հետ կապերին և նորմալ հարաբերություններ կառուցել իր հարևանների հետ։
-
Առավոտյան Երևանը՝ ոստիկանների հետ ամբողջ գիշեր բախումներից հետո
Սեպտեմբերի 19-ի ամբողջ օրը և ողջ գիշեր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Հայաստանի մայրաքաղաքի երկու վայրերում՝ կառավարական շենքերի մոտ (նկարներում) և ՌԴ դեսպանատան մոտ։ Ցուցարարների մի խումբ պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և հայտարարվել է, որ նրան 48 ժամ կտրվի հեռանալու համար։ Մեկ այլ խումբ էլ Ռուսաստանին «ամոթ» է վանկարկել և փակել ՌԴ դեսպանատան բոլոր մուտքերրն ու ելքերը։ Այս առնչությամբ Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին։ Միայն առավոտյան հայ ոստիկաններին հաջողվել է բացել դեսպանատան մուտքը։
Ոստիկանության հետ բախումների ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է, ոմանք էլ բերման են ենթարկվել։
Լուսանկարները՝ JAMnews/Տիգրանուհի Մարտիրոսյան
-
«Շտապ դադարեցրեք ցեղասպանությունը». Արտակ Բեգլարյանի հայտարարությունը
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր հայտարարել է, որ «Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը»։
Արտակ Բեգլարյանը կարծում է, որ «այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ»։ Նա հայտնում է, որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում:
«Ժամանակը մեր դեմ է աշխատում, քանի որ ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար, այդ թվում՝ ռուսական ու ամերիկյան կողմերը, չեն ցանկանում կանգնեցնել պատերազմը. ինձ համար անառարկելի է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանցավոր կերպով լրիվությամբ աջակցում են Արցախի ժողովրդին հպատակեցնելու ադրբեջանական օրակարգին: Այսպիսի աշխարհաքաղաքական ծանր պայմաններում և նման ծայրահեղ անհավասար պատերազմում մեր հերոս տղաները պարզապես չեն կարող էական արդյունք ապահովել՝ միայն իրենց քաջության ու կյանքերի գնով: Մենք մնացել ենք լրիվ պաշարված ու միայնակ, նույնիսկ Մայր Հայաստանն է լքել Արցախին այս պայքարում:
Այսպիսի ակնհայտ փակուղում գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքեր փրկելը պետք է լինի, իսկ Արցախի ապագային առնչվող մնացած հարցերը պետք է քննարկել հրադադարից հետո՝ այնքանով, որքանով հնարավոր է՝ միջազգային հնարավոր երաշխիքներով: Ինձ համար շատ ծանր է նման տեքստ գրելը, բայց մենք պարտավոր ենք ճշմարտությունն ասել՝ հանուն Արցախի ժողովրդի ու հայրենիքի պատառիկների նույնիսկ մթագնած ապագայի: Յուրաքանչյուր պայքար պետք է որոշակի տեսանելի հեռանկար ունենա, առավել ևս, երբ կշեռքի մյուս նժարին դրված են հազարավոր մարդկային կյանքեր»,- գրել է Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում։
-
«Բնակչության անվտանգությունն առաջնահերթություն է». Արցախի նախագահի հայտարարությունը
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ «Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը»։ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում «քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը»։
«Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում»,- ասված է հաղորդագրությունում։
Շատերը ենթադրում են, որ խոսքը բնակչության տարհանման մասին է։
Սոցցանցերում քննարկվում է արցախցի ակտիվիստ Գևորգ Առստամյանի գրառումը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում դեռ շարունակվում է գոյամարտը, արկերի տարափը շարունակվում է: Ոչ հավաստի աղբյուրներից լսելով ,առավոտյան Արցախի ղեկավարությունը պիտի որոշում կայացնի՝ կամ մնում ենք, կամ գնում: Կարճ ասած՝ մնում ենք ինտեգրվում, կամ լքում մեր հայրենիքը»։
-
Հարձակում Տեփեքենդ գյուղի զորամասի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանական զինուժը հարձակվել է Թերթերի շրջանի Տեպեքենդ գյուղի (Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ) հայկական բանակի զորամասի վրա։
-
Նախորդ գիշերվա իրադարձությունների մասին․ տեղեկություններ ԼՂ-ից և Երևանից
- Գիշերը ադրբեջանական զինուժը շարունակել է հրետանի և անօդաչու թռչող սարքեր կիրառել ԼՂ քաղաքների և գյուղերի ուղղությամբ, գնդակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները։ ԼՂ օմբուդսմենը հայտնել է, որ ժամը 05.00-ի սահմաններում կրակի տակ է հայտնվել շտապօգնության մեքենան, որում եղել է 8 մահացածի դի, իսկ վարորդը վիրավորվել է։
- Աճել է զոհերի և վիրավորների թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Ըստ ԼՂ օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։
- Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ասել է. «Վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ն և ԵՄ-ն դեէսկալացիայի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բաքուն դրժեց ռազմական գործողություններից զերծ մնալու իր խոստումը. Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հրետակոծությունը և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, միայն այդ կերպ է հնարավոր կայուն խաղաղություն։ Մենք աջակցում ենք ԵՄ-ի գլխավորությամբ ընթացող բանակցություններին»:
- «Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում։ Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և բնակիչների իրավունքների և անվտանգության մասին քննարկումները պետք է վերսկսվեն։ Ես սերտ կապի մեջ եմ վարչապետ Փաշինյանի հետ»,- X-ի իր էջում գրել է Մակրոնը։
- ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ ասաց. «Այսօր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին։ Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և ընդգծել, որ ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության։ Նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»։
- «Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի լկտի հարձակումը ևս մեկ անգամ ապացուցում է այնտեղի հայ բնակչությանը ոչնչացնելու Ալիևի չարամիտ մտադրությունը։ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է գործեն»,- հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը:
- ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակվել է Նահանգների կոչը՝ անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները ԼՂ-ում։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն ասել է, որ «ուղիղ երկխոսությունը վեճերի լուծման միակ տարբերակն է»։
- Վաղ առավոտյան հրապարակված տվյալներ իրավիճակի վերաբերյալ
- ԼՂ-ից հայտնում են, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են․ «Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս:
- Հայաստանի կառավարության շենքի մոտ և ՌԴ դեսպանատան մոտ, որտեղ նախօրեին բողոքի ցույցեր էին տեղի ունեցել՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, իրավիճակը հանգիստ է։ Կառավարության շենքի մոտ, որտեղ ցուցարարները պահանջում էին վարչապետի հրաժարականը, ուժեղացվել է անվտանգությունը։ Դեսպանատան շենք տանող ճանապարհն ապաշրջափակված է։ Բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 16 մարդ։ Հայաստանի ոստիկանությունը հայտնել է, որ 11-ը բերման են ենթարկվել կառավարության շենքի մոտից, 5-ը՝ ՌԴ դեսպանատան մոտից։
-
Նախորդ գիշերվա իրադարձությունների մասին․ տեղեկություններ Բաքվից
- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Պետդեպարտամենտի հաղորդմամբ՝ նա Ալիևին կոչ է արել «դադարեցնել հակաահաբեկչական գործողությունը Ղարաբաղում»։
- Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը՝
«Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հետախուզադիվերսիոն խմբերը նախապես ահաբեկչական նպատակներով ականներ են տեղադրել, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ և ոստիկաններ են զոհվել, ինչպես նաև կրակել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի ականանետերով և հրաձգային զինատեսակներով։
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այդ գործողությունները, այդ թվում՝ սեպտեմբերի 9-ին, այսպես կոչված, «նախագահական ընտրությունների» անցկացումն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, հանդիսանում են Հայաստանի ու նրա կողմից ստեղծված ու աջակցություն ստացող տխրահռչակ անջատողական կառույցի կանխամտածված սադրանքների շարունակություն, ինչն ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանության դեմ։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ նման սադրիչ գործողությունները կանխելու համար Ադրբեջանը ստիպված է եղել տարածաշրջանում տեղային բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ սկսել։ Նա ընդգծել է, որ հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ խաղաղ բնակիչներն ու ենթակառուցվածքները չեն գնդակոծվում, շարքից հանվում են միայն լեգիտիմ ռազմական թիրախները։
Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ վերաինտեգրման հարցերը քննարկելու համար Ադրբեջանի նախագահի վարչակազմը մի քանի անգամ երկխոսության է հրավիրել Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակչության ներկայացուցիչներին, սակայն նրանք հրաժարվել են։ Սակայն տեղային հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում նրանք կրկին հրավիրվել են երկխոսության։ Նախագահն ասել է, որ զենքերը վայր դնելու և զինաթափվելու դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կդադարեցվեն։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կոչ է արել հասնել կրակի դադարեցման և հայտարարել է Բաքվի և Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսությանը ԱՄՆ-ի աջակցության մասին»։
- Ադրբեջանի ՊՆ-ի առավոտյան հայտարարությունը
«Սեպտեմբերի 19-ից Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող տեղային հակաահաբեկչական միջոցառումները հաջողությամբ շարունակվում են։
Չեզոքացվել են Հայաստանի զինված ուժերի կազմավորումներին պատկանող մարտական դիրքեր, մարտական մեքենաներ, հրետանային և զենիթահրթիռային կայաններ, էլեկտրոնային պատերազմի կայաններ և այլ զինտեխնիկա»։
-
Երրորդ պատերազմ Ղարաբաղում, օր առաջին, սեպտեմբերի 19, Բաքվից և Երևանից գլխավոր իրադարձությունների մասին