Արցախյան երկրորդ պատերազմի վետերաններն Ադրբեջանում բողոքում են խտրականությունից
Հունիսի 29-ին Արցախյան երկրորդ պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության անձնակազմի գլխավոր վարչության շենքի դիմաց։ Ցուցարարները բողոքում էին մեդալների շնորհման ժամանակ խտրականությունից, ինչպես նաև հաշմանդամություն և բուժում ստանալու հարցում խնդիրներից։
- Սահմանի խնդիր․ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է երկկողմանի բանակցություններ սկսել
- Արցախյան հակամարտությունն ու Հայաստանի նոր խորհրդարանը․ հայացք Բաքվից
- Հետպատերազմյան կյանքն Արցախում․ մարդիկ հեռացել են, որ վերադառնան
Հունիսի 26-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման օրը, երկրի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի հրամանագիր է ստորագրել Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներին մեդալներ շնորհելու մասին։ Պատերազմի մասնակիցները, որոնք իրենց անունները չեն գտել պարգևատրման ցուցակներում, բողոքի ակցիա են անցկացրել պաշտպանության նախարարության շենքի դիմաց և պահանջել իրենց մյուս խնդիրների լուծում։
«Աղդամից Լաչին ենք հասել, էլ ի՞նչ պետք է անեինք։ ․․․Ուր էլ դիմում ենք, ամենուր լռություն է»,- նշել է պատերազմի մասնակից Իսահ Յունուսովը և հավելել, որ ինքը կռվել է 877-րդ զորամասի կազմում։ Մարտերի ընթացքում նա ձեռքի կոտրվածք և այրվածք է ստացել ականի պայթյունի հետևանքով, բացի այդ, գանգուղեղային վնասվածք է ստացել։
«Բոլոր մեր փաստաթղթերը հաստատված են նոտարի կողմից, պաշտպանության նախարարության կողմից։ Մեր զինվորական գրքույկներում նշված է, թե որտեղ ենք կռվել, ամեն ինչ կա՝ Աղդամ, Ֆիզուլի, Քելբաջար, Շուշա, Լաչին։ Բայց ուր էլ գնում ենք, ոչ ոք ուշադրություն չի դարձնում ոչ մեր մեդալներին, ոչ էլ նրան, որ վետերաններ ենք»,- հավելել է նա Մեյդան Թի-Վի-ին տված հարցազրույցում։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տեղեկության համաձայն՝ բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունել են գերատեսչության պաշտոնյաները։
Ցուցարարների հետ հանդիպման ընթացքում նշվել է, որ պատերազմի մասնակիցները պարգևատրվում են՝ հաշվի առնելով նրանց մարտական ուղին և մարտերին վետերանների անմիջական մասնակցության հետաքննությունը։
Ակցիայի մասնակիցներին լսել են և համապատասխան զորամասերին հանձնարարություններ տվել դիտարկել հարցերը՝ հաշվի առնելով նրանց հայտարարությունները։