«Արցախը Հայաստան է, և վերջ»․ Հայաստանի վարչապետ
«Արցախը Հայաստանն է, և վերջ»․ Հայաստանի վարչապետի այս արտահայտությունը դարձել է Լեռնային Ղարաբաղում անցկացված միջոցառման կարգախոսը։ Այն մեջբերում էին ինչպես հայկական լրատվամիջոցներն, այնպես էլ Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթի օգտատերերը։
Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ շաբաթ հատուկ հայտարարել էր, որ մտադիր է ծրագրային ելույթով հանդես գալ Յոթերորդ համահայկական խաղերի բացմանը։ Այդպես նա մարդկանց ուշադրությունը նախապես հրավիրել է մարզական միջոցառմանը, որը Լեռնային Ղարաբաղում սկսվելու է օգոստոսի վեցին, և ուշադրություն գրավել իր ելույթին։
Պատմում ենք, թե այդ ինչ խաղեր են, նաև ինչ քաղաքական հայտարարություններով են այստեղ հանդես եկել Հայաստանի վարչապետն ու Լեռնային Ղարաբաղի նախագահը։
• Բարձրահունչ ռազմական հայտարարություններ Հայաստանի վարչապետից և պաշտպանության նախարարից
• Նիկոլ Փաշինյան. ընդդիմադիր, որը Հայաստանի վարչապետ դարձավ
Հակիրճ՝ Համահայկական խաղերի մասին
Համահայկական խաղերը խորհրդանշում են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և բազմամիլիոնանոց աշխարհասփյուռ հայերի միասնականությունը։
Այս տարի Համահայկական խաղերն անցկացվում են «Միասնություն՝ սպորտի միջոցով» կարգախոսով։ Դրանց կմասնակցի 5300 մարզիկ աշխարհի 35 երկրի 161 քաղաքից։
Ի սկզբանե Համահայկական խաղերն անցկացվում էին երկու տարին մեկ (1999-2003թթ-ին), սակայն երրորդ խաղերից հետո որոշվել է խաղաշրջանն օլիմպիական դարձնել (4 տարին մեկ)։ Վեց անգամ դրանք անցկացվել են Հայաստանում, այս անգամ միջոցառումը եկել է Ղարաբաղ։
Ինչ է ասել Հայաստանի վարչապետը
Իր ելույթը Փաշինյանը սկսել է այն կարգախոսի վանկարկումից, որը հաճախ հնչում էր 2018թ-ի «թավշյա հեղափոխության» ժամանակ՝ «Միացում»։
Նրա խոսքով՝ ժամանակն է հրաժարվել «անջատողականությունից», որը երկար ժամանակ բնորոշ է եղել հայությանը։
«Մենք պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի», — ընդգծել է Փաշիյանը։
Նա նշել է, որ երբ խոսվում է անցյալ տարվա «ժողովրդական հեղափոխության» մասին, դրա տակ պետք է հասկանալ «համահայկական հեղափոխությունը»։ Քանի որ այն տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև ողջ հայության շրջանում։ Եվ դա, իր հերթին, նշանակում է, որ հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են․
«Հեղափոխությունը դեռ պիտի շարունակվի Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»։
Փաշինյանը նաև կոչ է արել մեկտեղել ջանքերը համահայկական գաղափարների իրականացման, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացման և ուժեղացման համար։
Այդ նպատակին հասնելու համար, ըստ Փաշինյանի, կարևոր պայման է սփյուռքի ներուժի ներգրավումը։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ հայրենադարձությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է․
«Դեպի Հայաստան ներգաղթ հարուցելը մեր կառավարության ծրագրային առաջնահերթություններից է»։
Ինչ խնդիրներ պետք է լուծի կառավարությունը
Իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի բավական հնչեղ հայտարարություններ է արել։ Եվ դրանք անտարբեր չեն թողել մարդկանց, որոնք հավաքվել էին Ստեփանակերտի հրապարակում։
Ըստ վարչապետի՝ հայկական կառավարությունն արդեն վաղուց աշխատում է Հայաստանի զարգացման հիմնախնդիրների վրա, «որոնք պետք է համախմբեն մեր ազգային ներուժը, կենտրոնացնեն մեր ազգային ռեսուրսները՝ այդ նպատակներին հասնելու համար»։
Մինչև 2050թ-ը պետք է հետևյալ նպատակներն իրականացվեն․
• Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու,
• ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ,
• լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը,
• վերացնել աղքատությունը։
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը պետք է արդյունաբերական երկիր դառնա։ Եվ մոտակա երեսուն տարում, նրա կարծիքով, պետք է լուծել նաև հետևյալ խնդիրները․
• 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը,
• ունենալ 10 մլրդ ԱՄՆ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10000 աշխատող ստարտափ,
• 7-ապատկել միջին աշխատավարձը,
• բանակի մարտունակության ցուցանիշով մտնել աշխարհի առաջատար երկրների առաջին քսանյակը։
Վարչապետը չի շրջանցել նաև կրթության և առողջապահության ոլորտները․
«Ապահովել առողջապահական ծառայությունների 100տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել։ Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել»։
Կառավարության ղեկավարը հաղորդել է նաև, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը պլանավորվում է հասցնել 15 միլիոնի։
Գլխավոր խնդիրների ցանկը Փաշինյանն ավարտել է սպորտի ոլորտով։ Այստեղ վարչապետը խոստացել է «Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»։
Իր ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց է տվել, որին ինքն էլ պատասխանել է․
«Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է, և վերջ»։
Խոսքը՝ Ղարաբաղի նախագահին
Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Բակո Սահակյանը։
Ղարաբաղի առաջնորդն արձանագրեց, որ, ի հեճուկս ամեն ինչի, արցախցիներն իրականացնելու են իրենց նպատակները․
«Աշխատանք տանել Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ այդ կերպ մոտենալով ընդհանուր հայրենիքի մասին երազանքին։ Մեր հնարավորությունների շրջանակում մենք աշխատանք ենք տանում մեր հայրենիքի ամրապնդման համար։ Ողջունում եմ բոլորին, ովքեր գիտակցում են միասնականության կարևորությունն ու նպաստում դրա ամրապնդմանը, հայրենիքի ամրապնդմանն ուղղված պայմանների ստեղծմանը»։