«ՀՀ արտաքին քաղաքական կուրսը պետք է որոշել հանրաքվեով»․ կարծիք Երևանից
Արտաքին քաղաքական կուրսի հանրաքվե ՀՀ-ում
«Ռուսաստանի հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքից դուրս գալու որոշումը չպետք է կայացնի մեկ մարդ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- այս կարծիքին է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով՝ վարչապետը պետք է հայտարարի, որ ինքը «փոխլրացման քաղաքականության կողմնակից է», սակայն երկրում այլ հասարակական տրամադրություններ են, ուստի որոշել է հարցը դնել հանրաքվեի։
Քաղաքական գործիչն «Ազատության» եթերում ասել է՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր Փաշինյանին ներկայացրել է առաջարկ՝ երկրի արտաքին քաղաքական կուրսը որոշել հանրաքվեով, որը կանցկացվի մինչև նոյեմբեր՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Նրա փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարն «ինչ-որ բաների հետ համաձայն է եղել, ինչ-որ բաների հետ՝ ոչ»։ Վարչապետի հետ ունեցած զրույցներից այլ մանրամասներ, սակայն, Սարգսյանը չի հայտնել։
Հիմնավորելով հանրաքվեի անցկացման իր առաջարկը՝ նկատել է՝ Սահմանադրությամբ ևս ամրագրված է՝ «վերպետական կառույցների միանալու դեպքում պարտադիր պիտի անցկացվի հանրաքվե, իսկ Եվրամիությունը վերպետական կառույց է»։
ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ «վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»։ Նշվում է, որ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
«Ռուսները պատերազմում են մեր դեմ, պետք է լքել ՀԱՊԿ-ը»
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասում է՝ առաջին անգամ վարչապետին Հավաքական անվտանգության կազմակերպությունից դուրս գալու առաջարկ է արել 2020 թ․-ի նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Դրանից հետո ևս բազմիցս քննարկել են թեման։ Ասում է՝ ամեն անգամ Փաշինյանն արել է որոշ մեկնաբանություններ և սխալ կլինի ասել, թե «դրանք օբյեկտիվ չեն»։
Ակնարկել է՝ Հայաստանն ունի գործընկերներ, որոնք վերապահումներ ունեն ՀԱՊԿ-ը, ինչպես նաև ԵԱՏՄ-ն լքելու կոնկրետ ժամկետի շուրջ, Երևանին հորդորում են «զգուշավորություն պահպանել»։
Դրանք, ըստ Սարգսյանի, այն երկրներն են, որոնք ծանրագույն պահերին օգնել և օգնում են ՀՀ-ին, ուստի նրանց հակառակ ինչ-որ բան անելը պետք է «լուրջ հիմնավորում» ունենա։ Հիշատակել է, մասնավորապես՝ Ֆրանսիայի անունը։
«Պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Համոզված եմ՝ դրանից չի նեղանա ոչ Մակրոնը, ոչ ԱՄՆ-ն։ Դա մեր որոշելիքն է։ ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում մնալով մենք ավելի մեծ ռիսկերի տակ ենք, քան այդ կառույցներից դուրս գալու դեպքում»,- նշել է նա և հավելել, որ այդ քայլը «հաստատ կողջունվի» նաև գործընկերների կողմից։
Չի բացառում, որ որոշմանը կհետևեն ընդհուպ մինչև տնտեսական պատժամիջոցներ, բայց նաև շեշտում է․
«Ռուսները մեր մասով որոշում կայացրել են՝ պատերազմում են մեր դեմ, մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք, թե դուրս չգանք, իրենք նման քայլեր անելու են։ Մենք ի՞նչ ուղղություն ենք պահում՝ մնո՞ւմ ենք ռուսների հետ, ինչպես Լեռնային Ղարաբաղը մնաց մինչև վերջին օրը, թե՞ գնում ենք դեպի Արևմուտք»։
Սարգսյանի խոսքով՝ Մոսկվան փորձում է ՀՀ-ում իշխանափոխության հասնել, որպեսզի որոշումներ կայացնեն մարդիկ, որոնք կսերտացնեն ՌԴ հետ կապերը, իսկ արտաքին աշխարհի հետ կշփվեն այնքան, որքան հնարավորություն կտրվի։ Ըստ նրա՝ այդ մոտեցումը կիսում է նաև հայաստանյան ընդդիմությունը։
Կարծում է՝ գործող իշխանություններն առաջնորդվում են մեկ այլ մոտեցմամբ՝ հաղորդակցվել աշխարհի հետ այնքան, որ չթշնամանան ռուսների հետ։ Քաղաքական գործիչն առաջարկում է երրորդ ուղին՝ հնարավորինս մեծացնել զարգացած աշխարհի հետ շփումները, դուրս գալ ռուսական ազդեցությունից, սակայն «մինչև վերջ չթշնամանալ»։
Ի՞նչ կտա Երևանին հանրաքվեն
Սարգսյանի խոսքով՝ արտաքին քաղաքական կուրսի որոշման հարցով հանրաքվե անցկացնելն ու արևմտյան կուրս որդեգրելը կլուծի մի շարք խնդիրներ․
«ՀՀ անվտանգային համակարգը գոնե դիվանագիտական մակարդակում մի աստիճանով կբարձրանա, այսինքն՝ Հայաստանի վրա հարձակվելը կնշանակի հարձակվել դեպի Եվրոպա գնացող պետության վրա»։
Բացի այդ, հեշտ կլինի վիզաների ազատականացումը, կտրուկ կավելանան Հայաստանում օտարերկրյա ներդրումները։ Կարծում է՝ եվրոպական առաջատար պետությունների «լուրջ ճնշումների» ներքո կվերանան նաև ռազմական խոչընդոտները։ Նկատի ունի, մասնավորապես՝ Հունգարիայի խոչընդոտման պատճառով ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության չտրամադրումը։
«Հայաստանի զարգացումը հնարավոր է միայն Արևմուտքի հետ»
Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանը տարածաշրջանի երկրներից որոշակի առավելություններ ունի, որոնց վրա էլ պետք է հիմնվի։ Շեշտում է՝ կարող է դառնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար, ամենաբարեկեցիկ և տնտեսապես զարգացած երկիրը։ Ըստ նրա՝ այդ ամենն ապահովելու համար երկիրն ունի ինչպես բացառիկ ունակություն ունեցող մասնագետներ, այնպես էլ բնական ռեսուրսներ․
«ՀՀ-ն կարող է դառնալ տարածաշրջանի ամենաարագ զարգացող երկիրը։ Դա միայն Արևմուտքի հետ լինելով է հնարավոր»։
Քաղաքական գործչի գնահատմամբ՝ Ռուսաստանը կողմ չէ ժողովրդավարությանը, պատրաստ չէ նաև Հայաստանում ներդրումներ անել, տեխնոլոգիաներ կիրառել և ոչ միայն։
«Ռազմական պոտենցիալն էլ իրեն է պետք, մեզ չի կարող տրամադրել։ Հետևաբար, տարածաշրջանային բալանսն ու մեր անվտանգությունն ապահովել չի կարող։ ՀՀ զարգացումը դեպի Արևմուտք է»,- հայտարարել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արտաքին քաղաքական կուրսի հանրաքվե ՀՀ-ում