Արդյո՞ք փոխվում է Վրաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
2019թ-ի սկզբից տեղի ունեցած մի քանի իրադարձություն փորձագետների ուշադրությունը սևեռել են Ադրբեջան-Հայաստան-Վրաստան եռանկյունու վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի համատեքստում։ Քննարկումների առիթ են դարձել, մասնավորապես․
• հունվարին Վրաստանի հայկական գյուղում հայերի կողմից ղարաբաղյան պատերազմի մասնակցի արձանի բացումը․ Ադրբեջանում և վրացական սոցցանցերում շատերը վրդովվեցին, իսկ փորձագետները խոսում էին այն մասին, որ Վրաստանը խախտել է չեզոքության սկզբունքը ղարաբաղյան հակամարտության հարցում։
• Ադրբեջանում վրացիների և Վրաստանում ադրբեջանցիների իրավունքների մասին վրացի պատգամավորի փետրվարյան սկանդալային ելույթը․ իրավապաշտպանները պատգամավորին մեղադրեցին Վրաստանի քաղաքացիների հանդեպ էթնիկական հատկանիշով խտրականության համար։
• Վրաստանի նախագահի հայտարարությունները փետրվարի 27-ին Բաքու և մարտի 13-ին Երևան կատարած այցերի ընթացքում։ Սալոմե Զուրաբիշվիլին համեմատել էր վրաց-աբխազական և ղարաբաղյան հակամարտություններն ու ասել, որ բոլորի հիմքում էլ օկուպացիան է։ Եվ կրկին քննարկում էր առաջացել այն մասին, որ Վրաստանը խախտել է իր չեզոքությունը Հայաստանի և Ադրբեջանի՝ ղարաբաղյան հակամարտության կողմերի հանդեպ։
Արդյո՞ք փոխվում է Վրաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Այս մասին մենք հարցրել ենք Բաքվի, Երևանի և Թբիլիսիի փորձագետներին։
Ադրբեջան
Էլհան Շահինօղլու, «Ատլաս» հետազոտական կենտրոնի տնօրեն․
«Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանում հայտարարեց, որ Վրաստանը շահագրգռված է Վրաստանում բնակվող հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղությամբ։ Զուրաբիշվիլիի այս խոսքերը պետք է համատեքստում դիտարկել․ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմի դեպքում հավանաբար սրացումներ կլինեն Վրաստանի ադրբեջանցիների և հայերի միջև։ Նոր պատերազմի դեպքում Վրաստանը չի կարողանա հեռու մնալ։
Ցավոք, Զուրաբիշվիլին Երևանում արած իր հայտարարություններում չկրկնեց այն, ինչ ասել էր Բաքվում՝ այն, որ հակամարտությունները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Այսինքն՝ Բաքվում նա մի բան ասեց, Երևանում՝ մեկ այլ բան։
Բաքվում ևս մեկ հարց էր առաջացրել այն, որ Զուրաբիշվիլին Հայաստանի նախագահին հրավիրել էր Բաթումում նախատեսվող Վրաստան-Եվրամիություն կոնֆերանսին։
Հարավային Կովկասում բոլոր հիմնական տրանսպորտային հաղորդակցություններն անցնում են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով՝ շրջանցելով Հայաստանը։ Այդ պատճառով էլ, եթե Հայաստանը մասնակցի այդ կոնֆերանսին, հարցականի տակ կդրվի Ադրբեջանի մասնակցությունը։ Քանի որ Ադրբեջանը չի մասնակցում տարածաշրջանային նախագծերին, որոնց մասնակցում է Հայաստանը։
Այդ պատճառով էլ Վրաստանը պետք է ընտրություն կատարի»։
Շահին Ռզաև, JAMnews-ի քաղաքական մեկնաբան․
«Վրաստանի նախագահը նոմինալ ֆիգուր է։ Իշխանությունը «Վրացական երազանք» կուսակցության ձեռքերում է, այդ պատճառով էլ Վրաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխման մասին խոսելը ճիշտ չէ։
2012թ-ին «Վրացական երազանքի» իշխանության գալը մերձեցրեց Ադրբեջանին ու Վրաստանին։ Վրաստանի նախորդ ղեկավարությունն ավելի արևմտամետ էր, այդ պատճառով էլ կարծես աչքի փուշ լիներ Ադրբեջանի և Հայաստանի ավտորիտար ղեկավարների համար։ 2012թ-ից հետո պայմանավորվածություններ ձեռք բերելը, այդ թվում՝ անձնական մակարդակով, ավելի հեշտացավ։
Օրինակ, ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգումն ավելի դժվար է պատկերացնել Սաակաշվիլիի իշխանության տարիներին։
• Մուխտարլի․ «Ես Ադրբեջանի նախագահի և վրացի օլիգարխի բիզնես-շահերի զոհն եմ»
Հարաբերությունների համար լուրջ փորձություն էր Ջավախեթիի շրջանում հայ ազատամարտիկի արձանի բացումը, ընդ որում, միջոցառմանը ներկա էին Վրաստանի պաշտոնատար անձինք։
Տարբեր վարկածներ հնչեցին, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ։ Մասնավորապես, խոսվում էր այն մասին, որ երրորդ երկիր Վրաստանում իրավիճակի ապակայուացման պլան է մշակվել միջէթնիկական թշնամանք սերմանելու ճանապարհով։
Իմ կարծիքով՝ այստեղ ավելի շատ հետևյալ ասացվածքն է համապատասխանում․ «Չարժե խորը իմաստ փնտրել այնտեղ, որտեղ ամեն ինչ կարելի է բացատրել տարրական հիմարությամբ»։
Իսկ ինչ վերաբերում է Վաստանի նախագահի մյուս հայտարարություններին, օրինակ, «օկուպացիայի» մասին, ապա հարկ է հիշել, որ Սալոմե Զուրաբիշվիլին նախկինում էլ էր նման սայթաքումներ թույլ տալիս։ Վրաց-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի փոփոխություն էլ չկա, հատկապես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»։
Հայաստան
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան․
«Ադրբեջանը փորձում է Վրաստանը դիտարկել որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու պլացդարմ՝ օգտագործելով այնպիսի առիթներ, ինչպիսին է հուշարձանի տեղադրումը։ Այստեղ առանցքային դեր է խաղում պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը։ Թբիլիսին չպետք է նման բան թույլ տա, քանի որ դա Վրաստանի ինքնիշխանության հարցն է։ Արդյունքում Ադրբեջանը Վրաստանին թելադրելու հնարավորություն կստանա։
Բաքվում Սալոմե Զուրաբիշվիլիի առած հայտարարությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու մասին աննախադեպ չէր։ Նման հայտարարություններ նախկինում էլ են եղել այլ երկրների կողմից, սակայն, ըստ էության, այդ հայտարարությունները ոչ մի անմիջական կապ չունեն Ղարաբաղի հետ։
Աննախադեպ էր ղարաբաղյան հակամարտությունն աբխազականին և հարավօսականին հավասարեցնելը։ Վրաստանի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա ոչ մի անգամ այդ հակամարտությունները չի հավասարեցրել։ Չի հացասարեցրել նաև ոչ մի միջազգային կառույց։ Ղարաբաղն ընդհանրապես ոչ մի բանի չի հավասարեցվում՝ հաշվի առնելով դրա նրբությունները։
Այդ տեսանկյունից Սալոմե Զուրաբիշվիլին մեծ դիվանագիտական և քաղաքական ձախողում է թույլ տվել։ Եվ, առաջին հերթին, նրա այդ ոչ ադեկվատ հայտարարությունը Վրաստանի շահերից չի բխում։ Միաժամանակ մենք հասկանում ենք, որ դա ընդամենը սահմանափակ լիազորություններով նախագահի հայտարարություն է, և սա շատ կարևոր է։ Երևանը երբեք թույլ չի տվել, որ Թբիլիսին կասկածի Աբխազիայի և Հարավային Օսիայի հանդեպ նրա քաղաքականության վրա։
Հայ-վրացական հարաբերություններն առանցքային են ողջ Կովկասի անվտանգության համակարգում։ Հայաստանն ու Վրաստանն, անկախ իրենց տարբեր արտաքին քաղաքական ուղղվածությունների, ռազմավարական առումով գտնվում են անվտանգության և շահերի միևնույն նավում։
Լայն իմաստով Վրաստանն իր եվրաատլանտյան ուղղվածությամբ և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու ձգտումով կարող է շատ կարևոր զսպող դեր խաղալ ողջ Կովկասի անվտանգության համակարգում, ինչը կարող է ազդել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա գոնե կայունության ապահովման համար»։
Ջոնի Մելիքյան, քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն․
«Կարևոր է նշել, որ հուշարձանը տեղադրվել է 1990-ական թվականներին, այն վերջերս պարզապես վերականգնվել է։ Վրաստանի իշխանությունները վերահսկում էին իրավիճակն ու թույլ չէին տալիս իր երկրի տարածքում էթնիկական կոնֆլիկտ հայերի և ադրբեջանցիների միջև։ Նրանք ապագայում էլ կանեն ամեն ինչ, որ այդ հակամարտությունը չանցնի իրենց տարածք։
Ինչ վերաբերում է Բաքվում Սալոմե Զուրաբիշվիլիի արած հայտարարություններին։ Դեռևս 1900-ականներից Հայաստանի և Վրաստանի միջև որոշակի ջենթլմենական համաձայնություն կա տարբեր հարթակներում միմյանց դեմ չքվեարկելու և չբարձրացնելու հարցեր՝ դրանով իսկ շրջանցելով երկու երկրների համար տհաճ իրավիճակները։ Ստացվում է, որ, ցավոք, այդ պայմանավորվածությունն այլևս չի գործում։
Սալոմե Զուրաբիշվիլիի և Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հանդիպման ընթացքում հիշատակվեց, որ Երևանում ոչ միանշանակ են ընկալել Վրաստանի նախագահի Բաքվում արված հայտարարությունն «օկուպացված տարածքների մասին»։ Եվ դա յուրօրինակ մեսիջ էր, որն ուղղված էր պաշտոնական Թբիլիսիին։ Թբիլիսին չպետք է մոռանա, որ Հայաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։
Միրզոյանն ընդգծել է նաև, որ Թբիլիսին պետք է հավատարիմ մնա հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ իր նախկին մոտեցմանը, որը հիմնված էր մի քանի միջազգային սկզբունքների վրա։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ գլխավոր դեր է խաղում ԵԱՀԿ Մինսկի խումբն, իսկ Վրաստանն այդ կազմակերպության անդամ է, այդ պատճառով էլ պետք է հավատարիմ մնա բոլոր սկզբունքներին՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարծքային ամբողջականություն»։
Վրաստան
Թոռնիկե Շարաշենիձե, Հանրային կապերի վրացական ինստիտուտի պրոֆեսոր․
«Ես Վրաստանի նախագահի գործողություններում և հայտարարություններում ոչ մի քաղաքական համատեքստ չեմ տեսնում։ Նա պարզապես մեկնում է այն բոլոր տեղերն, ուր կարող է, և ոչինչ ավելին։ Նրանում, որ նա սկզբից Ադրբեջան է մեկնել, հետո՝ Հայաստան, ակնհայտորեն ոչ մի ռազմավարություն չկա։ Այն, ինչ նա ասել է Բաքվում՝ Ղարաբաղն անվանելով օկուպացված տարածք, իսկ հետո Երևան մեկնել, բացարձակ անհավանական է։
Այդ ամենը նշանակում է, որ նա ընդհանրապես ոչինչ չի հասկանում վրացական քաղաքականությունից։ Ցանկացած նորեկ, ում հետաքրքրում է Վրաստանի արտաքին քաղաքականությունը, գիտի, որ Ղարաբաղի հարցում Վրաստանը խիստ չեզոքություն է պահպանում։ Ես չեմ կարող հիշել ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի, առավելևս՝ նախագահի, որը նման հայտարարություն արած լինի և Հայաստանի կամ Ադրբեջանի կողմն անցնի։
Զուրաբիշվիլիի հայտարարություններին չի կարելի լուրջ վերաբերվել։ Նրա համար այդ բոլոր այցերը պարզապես «ճամփորդություն» են։
Աստված հեռու պահի, եթե նրա հայտարարությունները կառավարության քաղաքականության մաս լինեին։ Սակայն, իհարկե, նրա հայտարարություններն ինչ-որ առումով փչացնում են երկրի իմիջը։
Ինչ վերաբերում է Վրաստանի դերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Կարևոր որևէ դեր խաղալու համար Վրաստանը տարածաշրջանում պետք է լուրջ ազդեցություն ունենա, պետք է լինեն հեղինակավոր առաջնորդներ, որոնց խոսքը լսում են։ Ոչ մեկը, ոչ մյուսը Վրաստանը չունի։ Այնտեղ շատ ավելի ուժեղ երկրներ են մոդերացնում գործընթացն ու նույնիսկ նրանց մոտ չի ստացվում։
Պետք չէ մոռանալ նաև ռուսական գործոնը։ Ռուսաստանն ազդեցիկ է, և նա հետաքրքրված չէ Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցում։
Միակ բանն, ինչ Վրաստանը կարող է այս պահին անել, այս հակամարտությունում չեզոքություն պահպանելն ու հակամարտության վերսկսում թույլ չտալն է։ Եվ դա վերաբերում է նաև Ջավախեթիում հուշարձանի տեղադրման պատմությանը։ Այն, ինչ այնտեղ տեղի ունեցավ, այն քաոսի արդյունքն է, որը երկրում ընդհանուր առմամբ տիրում է»։