Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն ասել է, որ այսպիսի հայտարարությունից հետո իրեն բացարձակ չի հետաքրքրում լրագրողի հետագա ճակատագիրը" />

Աֆղան Մուխտարլի. Ադրբեջանի նախագահի և ազդեցիկ վրացի գործարարի «բիզնես-շահերի զոհն եմ»

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն ասել է, որ այսպիսի հայտարարությունից հետո իրեն բացարձակ չի հետաքրքրում լրագրողի հետագա ճակատագիրը

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին պնդում է, որ իր առևանգումը Թբիլիսիից տեղի է ունեցել ազդեցիկ գործարար Բիձինա Իվանիշվիլիի (Վրաստանի նախկին վարչապետ) անմիջական մասնակցությամբ և ներկայիս վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի համաձայնությամբ:

Լրագրողական հետաքննություններով զբաղվող Աֆղան Մուխտարլիին, որն Ադրբեջանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, երկու օրով բանտից ազատ են արձակել, որպեսզի նա կարողանա մասնակցել իր մոտ ազգականների սգո արարողությանը: Դեկտեմբերի վերջին Մուխտարլիի քրոջն ու վերջինիս երկու երեխաներին մահացած են գտել սեփական բնակարանում: Ողբերգության պաշտոնական պատճառն, ըստ քննության, շմոլ գազով թունավորումն է:

Երկու օրով ազատ արձակված Աֆղան Մուխտարլին հարցազրույց է տվել «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը: Նրա խոսքով, Թբիլիսիից իր առևանգումից առաջ նա զբաղվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բիձինա Իվանիշվիլիի համատեղ բիզնես-շահերի լրագրողական հետաքննությամբ:

«Վրաստանում լինելու ժամանակ ես ուսումնասիրում էի Ալիևի բիզնեսը: Վրաստանում նա մեծ հավակնություններ ունի զբոսաշրջային ոլորտում: Վրաստանում նա մի քանի հյուրանոց և հողատարածքներ ունի: Նրան է պատկանում Silk Way ավիաընկերությունն ու Silk Way Georgia կազմակերպությունը: Վրաստանում նրա գլխավոր գործընկերը Բիձինա Իվանիշվիլին է: Ես հենց նրանց բիզնես-շահերի զոհն եմ դարձել: Ինձ մոտ խնդիրներ առաջացան, երբ ես սկսեցի անդրադառնալ այդ թեմային», — հայտարարել է Մուխտարլին:

Լրագրողը պնդում է, որ իր առևանգումը Վրաստանից համաձայնեցված է եղել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

«Վրաստանում դատական գործունեությունը թափանցիկ է: Այդ պատճառով էլ, օրենքի տառին հետևելով, Վրաստանը չէր կարող ինձ Ադրբեջանին փոխանցել, այդ պատճառով էլ պետք եղավ առևանգել ինձ: Առանց վարչապետի թույլտվության ինձ չէին կարող սահմանով անցկացնել», — հայտարարել է Մուխտարլին:

Նրա խոսքով՝ ինքը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Կվիրիկաշվիլին պետք է պատասխան տա կատարվածի համար», — կարծում է Մուխտարլին:

Աֆղան Մուխտարլիի հայտարարություններն աննկատ չեն մնացել:

«Այդպիսի խոսքերից հետո Աֆղան Մուխտարլիի ճակատագիրն ինձ բացարձակ չի հուզում: Նա անպատիվ կերպով է վարվում իմ երկրի և նրա իշխանությունների հետ», — ասել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Զվիադ Կվաչանտիրաձեն:

«Ես քննադատորեն եմ վերաբերվում նաև նրան, որ առևանգման պատկերն այդպես էլ չպարզաբանվեց, և, հետևաբար, անհասկանալի է, թե ինչպես են նրան առևանգել և արդյո՞ք առևանգել են: Արդյո՞ք առևանգման որևէ ապացույց կա, որի մասին խոսում են Մուխտարլին ու իր կինը: Ապացույցներ չկան: Այդ պատճառով էլ բոլոր նրանց հայտարարություններն անպատասխանատու են», — ասել է Կվաչանտիրաձեն:

«Աֆղան Մուխտարլիի այն հայտարարությունները, թե իրեն առևանգել են և հանձնել ադրբեջանական կողմին գրեթե վարչապետի հրահանգով, աբսուրդային են», — ասում է եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Թամար Խուլորդավան: Նրա խոսքով՝ կասկածներ են առաջանում, որ բոլոր այդ հայտարարություների ետևում կանգնած են վրացադրբեջանական հարաբերությունների վատթարացմամբ շահագրգռված անձինք:

  • Աֆղան Մուխտարլին, որը Թբիլիսիում էր բնակվում 2014թ-ից, անհետացել էր Թբիլիսիից 2017թ-ի մայիսի 29-ին: Ավելի ուշ նա իր փաստաբանին հաղորդել էր, որ իրեն առևանգել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակցիները և նա գտնվում է Բաքվում:
  • Հունվարի 12-ին ադրբեջանական դատարանն Աֆղան Մուխտարլիի 6 տարվա ազատազրկման դատապարտեց սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության և իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցուցաբերելու համար:
  • Հունիսի 15-ին Եվրաոխրհրդարանը կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին «անհապաղ ազատ արձակել Աֆղան Մուխտարլիին և չեղարկել նրան առաջադրված բոլոր մեղադրանքները»:

Կարդալ ավելին JAMnews-ում