Ավելի քան հարյուր ուլտրաաջ է ձերբակալվել Թբիլիսիում երկու զուգահեռ ակցիաների ժամանակ
Ուլտրաաջ և հոմոֆոբ խմբերի ավելի քան 100 համախոհ է ձերբակալվել Թբիլիսիում հուլիսի 6-ին, այն բանի համար, որ քարեր, ապակի և շշեր են նետել խորհրդարանի մոտ անցկացվող ակցիայի մասնակիցների վրա, որի կարգախոսն էր՝ «Հանուն ազատության»։
Նրանցից 68-ն ազատ են արձակվել ստորագրությամբ, 32-ը ժամանակավորպես մեկուսարանում են, երկուսի դեմ քրեական գործեր են հարուցվել, հաղորդել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Այդ երկուսից մեկը՝ 32-ամյա Ի․Կ․-ն, մեղադրվում է PalitraNews հեռուստաալիքի օպերատորի վրա հարձակվելու համար։ Հետաքննությունը վարվում է քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ «լրագրողների պրոֆեսիոնալ գործունեության ապօրինի խոչընդոտում բռնության սպառնալիքով» և «բռնություն»։
56-ամյա Գ․Շ․-ն կոտրել է պարեկային ոստիկանության մեքենայի պատուհանը և մեղադրվում է իրերի և առարկաների միտումնավոր վնասման և ոչնչացման համար։
- Ի՞նչ է նշանակում Pride-ի կողմնակիցների և լրագրողների ծեծը Թբիլիսիում։ Վերլուծություն և ֆոտոռեպորտաժ
- Թբիլիսիում ոստիկանությունը փորձում է բաժանել բողոքի երկու հակընդդեմ ակցիաները
Արմատական խմբերի գործողությունների պատճառով տուժել է երեք ոստիկան, վնասվել են ոստիկանական մեքենաներ։
«Ռուսթավելու պողոտայում երկու ցույցերի ժամանակ ոստիկանությունը բոլոր անհրաժեշտ միջոցներն է ձեռնարկել՝ քաղաքացիներին թույլ տալու համար արտահայտել իրենց բողոքը։ Չնայած բազմաթիվ կոչերին՝ ցուցարարները դիմադրություն են ցուցաբերել ոստիկանությանն ու տարբեր առարկաներ նետել», — հայտարարել է ՆԳՆ-ն։
Խոստացվել է «հարկ եղած ձևով արձագանքել խախտման և հանցագործության յուրաքանչյուր դեպքին»։
«Հանուն ազատության» ակցիան հայտարարել էր «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիեն՝ ի պատասխան Թբիլիսիում հուլիսի 5-ին հոմոֆոբ ակցիաների ժամանակ լրագրողների և քաղակտիվիստների նկատմամբ կիրառված բռնության։ Ակցիային միացել են ընդդիմադիր քաղաքական գործիչներից շատերը։
Արմատականները փորձում էին ճեղքել շարասյուներն ու խանգարել ցույցին, որին միացել էին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները։ Նրանք ակցիայի մասնակիցների և ոստիկանների վրա քարեր, շշեր և ձվեր էին նետում։
Կեսգիշերն անց «Հանուն ազատության» ակցիայի մասնակիցներն ավարտել են իրենց ցույցն ու ցրվել։ Դրանից հետո խորհրդարանի դիմացի տարածքը զբաղեցրել են հոմոֆոբները տարբեր ուլտրապահպանողական և հակաարևմտյան կազմակերպություններից։
Նրանք պոկել և այրել են Եվրամիության դրոշը, որը տեղադրված էր խորհրդարանի մոտ։