Անտառային հրդեհներ Կալիֆորնիայում. 17 զոհ
17 մարդ է զոհվել Հյուսիսային Կալիֆորնիայում անտառային հրդեհների արդյունքում: Հարյուրավոր հրշեջներ կրակի հետ պայքար են մղում, որը նախկինի պես սպառնում է հազարավոր մարդկանց:
Հրդեհման օջախների մեծ մասն առաջացել է կիրակի ուժեղ քամու և չոր եղանակի արդյունքում: Հաշվի առնելով այն, որ, կանխատեսումների համաձայն, տեղումներ չեն սպասվում, իսկ չորեքշաբթի ուժեղ քամի է սպասվում մինչև 70 կմ/ժ ուժգնությամբ, հրշեջների խնդիրը բարդանում է, հաղորդում է CNN—ը:
Երեքշաբթի երեկոյի տվյալներով՝ 20 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել: Իշխանությունները մնացածներին առաջարկել են հավաքել անհրաժեշտ ամեն ինչ՝ ներառյալ փաստաթղթեր ու դեղորայք արտակարգ տարհանման դեպքում:
Նախագահ Թրամփն իր հրամանով Հյուսիսային Կալիֆորնիայի տարածքը հայտարարել է խոշոր տարերային աղետի գոտի և նահանգին ֆինանսական աջակցություն է տրամադրել: