Հայաստանի ԱԺ-ն հրաժարվեց քննել լրագրողի հանդեպ իշխանական պատգամավորի վարքագիծը
Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով
Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը նախօրեին մերժեց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ Առաջարկով հանդես էին եկել ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Մարտ ամսին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից պահանջել էր կանգնել իր ուզած տեղում, սպառնացել էր հակառակ դեպքում մյուսներին էլ հարցազրույց չտալ։ Իշխանական պատգամավորը մեկնաբանություն էր արել նաև լրագրողի շուրթերի մասին՝ «շուրթերդ մաքրի՛ր»։
Ընդդիմադիր խմբակցությունների բնորոշմամբ՝ պատգամավորը լրագրողի հանդեպ անհարգալից և խտրական վերաբերմունք է դրսևորել։
Լրագրողական կազմակերպությունները նույնպես քննադատել են Անդրանիկ Քոչարյանի վարքագիծն ու իրենց հիասթափությունն արտահայտել առ այն, որ խորհրդարանականները «խուսափում են էթիկայի հանձնաժողով ունենալու գաղափարից»։
«Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը և գոնե դրա քննարկման համար էթիկայի հանձնաժողով չստեղծելը վկայում են, որ իշխող մեծամասնությունը ոչ մի արտառոց բան չի տեսնում նման կոնֆլիկտներում, նորմալ է համարում լրագրողներին վիրավորելը և դրանով իսկ կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար»,- ասված է կառույցների համատեղ հայտարարության մեջ։
- 10 մահ՝ 4 ամսում․ Հայաստանի բանտերում իրավիճակը մտահոգիչ է
- «Գյումրին՝ հակահեղափոխության պլացդարմ»․ ընդդիմության թեկնածուն քաղաքապետ ընտրվեց
- ՀՀ-ում մեկ տարում գրեթե եռակի ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը
«Ամոթ»․ բողոքի ակցիա խորհրդարանում
Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու հարցի քննարկմանը զուգահեռ ԱԺ-ում լրագրողները բողոքի ակցիա էին իրականացնում։ Նիստերի դահլիճի մուտքի մոտ փակցրել էին «Ամոթ» պաստառը, միջանցքում՝ նաև Անդրանիկ Քոչարյանի լուսանկարը։ Կողքին գրություն կար՝ «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր»։

Միջադեպից անցել է 1․5 ամիս։ Պատգամավորը, սակայն, չի շտապում լրագրողից ներողություն խնդրել։
«Ես կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը, որը շատ ավելի կոշտ է ասել՝ «բերանդ լվա»: Որևէ վիրավորական բան չեմ ասել, ես ասել եմ խոսքի մաքրության մասին»,- հայտարարում է Քոչարյանը։
Ավելի վաղ պատգամավորն ասել էր, թե ինքն ընդամենը արձանագրել է՝ պետք է խոսքը լինի մաքուր և հավելել՝ «եթե սխալ բան եք հասկացել, ամեն մարդ մտածում է իր փչացածության աստիճանով»:
«Բերանդ լվա» ձևակերպմամբ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսն ամիսներ առաջ պատասխանել էր Հռիփսիմե Ջեբեջյանի հարցին, երբ նա իշխող կուսակցության համակիրներից մեկի անունն էր հիշատակել: Հետո հոգևորականը ներողություն էր խնդրել ու բացատրել՝ «սատանաների անունն էր տվել», դրա համար է այդպես արտահայտվել։
Ինքը՝ Ջեբեջյանը պարբերաբար տարբեր ակցիաներ է իրականացնում, պատգամավորի վարքագիծը քննելու և դրան գնահատական տալու պահանջ բարձրացնում։ Նույն պահանջը պարունակող նամակ է հանձնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այն ստորագրել են 161 լրագրողներ։
«Պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել լրագրողների նկատմամբ»
Ընդդիմությունն առաջարկում էր ստեղծել 5 անդամից բաղկացած էթիկայի ժամանակավոր հանձնաժողով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու և եզրակացություն տալու համար և սահմանել մինչև 2 ամիս գործունեության առավելագույն ժամկետ։ Հայտարարում էր՝ նպատակը նման վարքի կրկնությունը բացառելն է։
Նախագիծը խորհրդարանում ներկայացրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը․
«Պատգամավորի գործունեության և երաշխիքների մասին օրենքը հստակ սահմանում է, որ պատգամավորը պարտավոր է հարգել հանրության բարոյական նորմերը, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորությունները իրացնելիս»։
Թովմասյանը շեշտել է՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի դրույթներները, իրենց հերթին, արգելում են լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը։
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորի պարտականությունն է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։ Ութ կանոնները սահմանված են մեկ այլ՝ «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքով»։ Էթիկայի կանոնների մեջ է մտնում ոչ միայն լրագրողների հանդեպ հարգալից վերաբերմունք ցուցաբերելը, այլև պատգամավորի՝ հանրության բարոյական նորմերը հարգելը, իր գործունեությամբ Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը նպաստելը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս պատգամավորին վայել վարքագիծ դրսևորելը։
Իշխող ուժ․ «Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը կարող է նոր խնդիրների պատճառ դառնալ»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով՝ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը կարող է խոչընդոտել մշտական հանձնաժողովի ձևավորմանը։ Ղազարյանի փոխանցմամբ՝ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը չի ապահովի իրապես արդյունավետ և հավասարակշռված քննարկում, քանի որ նման քննարկումն անհրաժեշտ է կազմակերպել բոլոր խմբակցությունների մասնակցությամբ։ Կարծում է՝ մեծամասնության կազմով ժամանակավոր հանձնաժողովը կարող է «ստվերել գործընթացը»․
«Մեր դիրքորոշումը հստակ է՝ այս նախագիծը ամբողջական լուծում չի տալիս, ավելին՝ այն կարող է նոր խնդիրների պատճառ դառնալ։ Նման հանձնաժողովը գործունակ չի լինի, քանի որ մեծամասնությունը կրկին գերակշռող կլինի՝ ստեղծելով անհավասար պայմաններ»։
Պատգամավորը տեղեկացրել է՝ արդեն իսկ մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած գործընթացը՝ ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու նպատակով։ Ըստ նրա՝ նպատակը կայուն ինստիտուցիոնալ մեխանիզմի ստեղծումն է, որն «անկախ կուսակցական պատկանելիությունից՝ օբյեկտիվ և արդար մոտեցում կցուցաբերի պատգամավորի վարքի հետ կապված հարցերում»։
«Գործող կարգավորումները բազմաթիվ բացեր ունեն, ինչը մեծացնում է սուբյեկտիվության ռիսկը։ Այդ իսկ պատճառով մեր կոչն է՝ կենտրոնանալ օրենքով ամրագրված, մշտական հանձնաժողովի ձևավորման վրա»,- նկատել է նա։
«Քաղաքական լայնախոհություն ենթադրող լուծումներ են պետք»․ մեկնաբանություն
Դեռևս հանձնաժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ և պնդել՝ խորհրդարանական մեծամասնությունը «կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար»։ Նկատել էին՝ գուցե դա է պատճառը, որ վերջին շրջանում պատգամավորների ու լրագրողների միջև ընդհարումները հաճախակի են դարձել։
«Դժվար է ասել, թե որն է ՔՊ-ական մեծամասնության՝ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ստեղծելուն դեմ լինելու հիմնական պատճառը․ այն, որ նախագիծը ներկայացրել էին ընդդիմադիր խմբակցություննե՞րը, որոնց առաջարկություններն իշխող ուժը որպես կանոն չի ընդունում, թե՞ սա կուսակցի նկատմամբ համերաշխության դրսևորում է՝ անկախ նրանից, թե ինչ վարքով է նա աչքի ընկել»,- ասված էր հայտարարության մեջ։
Լրագրողական կառույցների դիտարկմամբ՝ հենց ԱԺ-ից է պետք սկսել բևեռացված միջավայրում անպարկեշտ պահվածքի դեմ պայքարը։
Ասում են՝ ԱԺ-ում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ պատգամավորներ-լրագրողներ հարաբերությունների լարվածությունը շատ ավելի պատասխանատու և քաղաքական լայնախոհություն ենթադրող լուծումներ է պահանջում։ Մասնագիտական համայնքի համոզմամբ՝ թեև քաղաքական գործիչներն իրենք էլ բողոքում են անհանդուրժողականության մթնոլորտից, սակայն չեն ուզում ձեռնարկել քայլեր դրան անդրադառնալու համար և մերժում են էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը։
«Վերահաստատում ենք մեր պահանջը՝ օրենսդրական փոփոխություններ իրականացնել՝ այդ մարմնի ձևավորման գործընթացն առավել պարզեցնելու կամ, ինչը գերադասելի է, պատգամավորական էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու նպատակով»,- հայտարարել էին կազմակերպությունները։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով