Այսօր Հայաստանում նշում են Մայրության և գեղեցկության տոնը
Մայրության և գեղեցկության տոնով Հայաստանում ավարտվում է «Կանանց միամսյակը», որը սկսվում է Կանանց միջազգային օրից՝ մարտի 8-ից. այսպես են թե կատակով, թե լուրջ անվանում այն երկրի բոլոր բնակիչները:
1995 թվականից այս կրոնական տոնը ներառված է ազգային տոների շարքում: Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը (Գաբրիել հրեշտակապետը բերեց Մարիամ Աստվածածնին Հիսուս Քրիստոսի ծննդյան լուրը), բոլոր հայկական եկեղեցիներում կատարվում է մայրերի օրհնության արարողություն:
Երևանի քաղաքապետարանը, ինչպես միշտ, անակնկալներ է պատրաստել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար: Անակնկալներ են սպասվում նաև մայրաքաղաք ժամանող կանանց և աղջիկներին. վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորում են ծաղիկներով և շնորհավորական բացիկներով:
Օրվա ընթացքում Երևանի փողոցներում և մայրաքաղաքի մետրոպոլիտենում կանանց տարբեր անակնկալներ են սպասվում: Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, կազմակերպվել է ավտո—մոտո շոու, իսկ Հյուսիսային պողոտայում երեկոյան տեղի կունենա համերգ սիրելի աստղերի մասնակցությամբ, Շառլ Ազնավուրի հրապարակում տոնի առթիվ տեղի կունենա գալա—համերգ:
Հենց այսօր երեկոյան Երևանի գլխավոր հրապարակում տեղի կունենա երգող շատրվանների բացման հանդիսավոր արարողությունը, որոնք դարձել են մայրաքաղաքի սիրված տեսարժան վայրերից մեկը:
Մայրության և գեղեցկության օրվա առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվում նաև բոլոր մարզերում: