«Այժմ պատասխան ես տալու սպանության համար»․ թե ինչպես Ռուսաստանում դեռահասներին շնորհավորեցին 14-ամյակի առթիվ
Ռուսաստանի սոցցանցերում գրում են այն մասին, թե որքան ցնցված են անսովոր տեսանյութով, որը հրապարակել է Ռուսաստանի քննչական կոմիտեն։ Կադրերում համազգեստով և տորթը ձեռքին կինը շնորհավորում է ռուսաստանցիներին, որոնք արդեն 14 տարեկան են։ Սակայն շնորհավորանքը նվազագույնը տարօրինակ է․ «14 տարեկանդ լրացե՞լ է։ Այսօրվանից հենց դու ես պատասխան տալու սպանության համար»։
«Իհարկե, ձեր ծնողները նախկինի պես պատասխանատվություն են կրում ձեզ համար, սակայն այս տարիքից դուք անձնական պատասխանատվություն եք կրում քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներով», — հավելում է սպան։
Այնուհետև, ըստ ամենայնի, դեռահասների համար պատրաստված տեսանյութում պարզաբանվում է, որ 14 տարեկանից նրանց կարելի է պատասխանատվության ենթարկել սպանության, բռնաբարության, կողոպուտի, շորթման, ահաբեկչության և պատանդ վերցնելու համար։
«Այժմ, երբ արդեն մեծացել եք, պետք է իմանաք, որ պատժվելու եք սեռական բռնության համար», — ասում է մյուս սպան։
Բացի այդ, կադրի անկյունում փոքր սմայլիկը տեղեկացնում է քրեական օրենսգրքի հստակ հոդվածի մասին, որը վերաբերում է հիշատակված յուրաքանչյուր հանցանքին։
Տեսանյութի վերջում քննչական կոմիտեն 14-ամյա դեռահասներին իրազեկում է, որ նրանց կյանքն իրենց պատասխանատվությունն է, և բարի տարեդարձ մաղթում նրանց։
- Լուսարձակներ, սեր և Նավալնի․ ֆոտոռեպորտաժ Ռուսաստանում ի աջակցություն նրա անցկացված ակցիաներից
- Մամեդով և Նավալնի․ առաջինն արդարության է հասել, արդյո՞ք երկրորդին էլ կհաջողվի
Տեսանյութը ոչ միայն վիրուսային է դարձել ռուսական սոցցանցերում, այլև բուռն քննարկումներ է առաջացրել։ Մեկնաբանություններն այսպիսին էին․
«Սա կատա՞կ է»
«Հենց նոր տեսա։ Սա պետք է ամենատարօրինակ տեսանյութը դառնա, որը երբևէ պատրաստել է Ռուսաստանի քննչական կոմիտեն»։
Ոմանք հոլովակին հումորով են մոտեցել և հիշել Վինի Թուխին։ «Կրակիր, Դնչի՜կ։ Ես արդեն 14 տարեկան եմ», — կատակում են օգտատերերը։
СК поздравил школьников с 14-летием "С этого дня тебе самому придется отвечать за убийство" pic.twitter.com/HdeXJJnfzL
— Прямой Демократор (@grtw3000) February 18, 2021
Մյուսները պատմել են, թե ինչպես են իրենց 14-ամյա երեխաները, եղբայրներն ու քույրերն արձագանքել շնորհավորանքին․
«Եղբայրս չգնահատեց :(», — մեկնաբանել է օգտատերերից մեկը, որի կրտսեր եղբայրը պարզապես ասել է․ «Գրողի ծոցը թող գնան»։
14-летний брат не оценил поздравление СК 😢 pic.twitter.com/e3brfVXi7a
— чрн крсн бл (@blck_rd_wht) February 18, 2021
Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թիմը Սամարայում հույս է հայտնել, որ լավ է՝ գոնե երեխաներին որպես ծննդյան նվեր «անվճար էքսկուրսիայի չեն տանելու բանտեր»։
Այնուամենայնիվ, տեսանյութը դրական արձագանքներ էլ է առաջացրել։ Մոսկվայի բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչ Նատալյա Ցիմբալենկոն, որը մասնակցել է տեսանյութի ստեղծմանը, գովել է «գործընկերներին» «անսովոր մոտեցման համար, որը մարդկանց թույլ կտա ավելի շատ բան իմանալ քրեական պատասխանատվության մասին և սովորեցնել իրենց երեխաներին»։
Տեսանյութը քննչական կոմիտեի կայքում ուղիղ մեկ օր է մնացել։ Այնուհետև անհետացել է այնտեղից։