ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու դեմ պետական պաշտոն զբաղեցնելիս կոռուպցիայի մասնակից լինելու և Ուկրաինայում ժողովրդավարության և օրենքի գերակայության խաթարման համար։
Ինչպես հաղորդում է ուկրաինական Հրոմադսկոյե հեռուստաընկերությունը, ուկրաինացի օլիգարխի դեմ պատժամիջոցների մասին հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Կոլոմոյսկուն և նրա հարազատներին՝ կնոջը, դստերն ու որդուն, այժմ ագելվում է ԱՄՆ մուտք գործել։
- Մեկնաբանություն․ Սաակաշվիլիի երրորդ գալուստն Ուկրաինա
- Ուկրաինացիները կատակել են իշխանության հետ
- Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պատժամիջոցներ են սահմանել ռուս պաշտոնյաների դեմ Նավալնու կալանքի համար
Պետքարտուղարը հստակեցրել է, որ պատժամիջոցները կիրառվել են 2014-2015 թթ-ին Դնեպրոպետրովսկի շրջանում որպես վարչակազմի ղեկավար Կոլոմոյսկու աշխատելու տարիներին նրա ձեռնարկած գործողությունների համար։
«Կոլոմոյսկին մասնակցել է կոռուպցիոն գործողությունների, որոնք խաթարել են օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական ինստիտուտների և կառավարության ձեռնարկած հանրային գործընթացների նկատմամբ ուկրաինական հասարակության հավատը՝ այդ թվում, իր քաղաքական ազդեցությունն ու պաշտոնական իշխանությունն օգտագործելով իր անձնական շահերի համար», — ընդգծել է Բլինքենը։

Միաժամանակ, Պետդեպի ղեկավարն անհանգստություն է հայտնել «Կոլոմոյսկու՝ Ուկրաինայի ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների խաթարմանն ուղղված ներկա և շարունակական գործողությունների առթիվ, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում երկրի ապագայի համար»։
Բլինքենի խոսքով՝ այս որոշումը ցույց է տալիս ԱՄՆ ձգտումը՝ սատարելու քաղաքական, տնտեսական և դատական ոլորտների բարեփոխումները, որոնք առանցքային են Ուկրաինայի եվրաատլանտյան ուղու համար։
Պետքարտուղարը հավելել է, որ իր գերատեսչությունը հետագայում նույնպես կիրառելու է նման լիազորություններ և գործիքներ՝ «այդ տարածաշրջանում և ողջ աշխարհում կոռումպացված սուբյեկտների պատասխանատվությանը նպաստելու համար»։
Իգոր Կոլոմոյսկին Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու մերձավոր համախոհն էր համարվում։ Զելենսկին նրան բիզնես-գործընկեր էր անվանում, իսկ քննադատներն, այդ թվում՝ նախկին նախագահ Պորոշենկոն, հայտարարում էին օլիգարխից Զելենսկու կախվածության մասին։