ԱՄՆ-ն հայտարարել է այն 13 ռուսաստանցիների անունները, որոնք մեղադրվում են ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու համար
ԱՄՆ-ի 2016թ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննությունը վարող հատուկ դատախազը 13 ռուսաստանցիների մեղադրել է ԱՄՆ-ի դեմ դավադրության՝ երկրի արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունենալու համար, հաղորդում է CNN-ը:
Սրանք առաջին պաշտոնական մեղադրանքներն են, որոնք դատախազ Ռոբերտ Մյուլերն առաջադրել է Ռուսաստանի քաղաքացիներին:
Մեղադրական ցուցակում են «Համացանցային հետազոտությունների գործակալություն» կազմակերպության 12 աշխատակից ու հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժինը:
Պրիգոժինի մասին վաղուց է հայտնի, որ նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից է: 1980-ականներին այդ մարդն, ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկատվության, 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել ավազակության, խարդախության և անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար: Ռուսական և միջազգային լրատվամիջոցները վերջերս հաճախ են հիշատակում Պրիգոժինին որպես մի ընկերության սեփականատիրոջ, որը Ռուսաստանում վարձկանների է հավաքագրում Սիրիայում Բաշար Ասադի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար:
Ցուցակում ներառված ռուսաստանցիները մեղադրվում են նրա համար, որ «Համացանցային հետազոտությունների գործակալության» Սանկտ Պետերբուրգի գրասենյակում նրանք միտումնավոր կերպով երկարատև աշխատանք են վարել, որի նպատակը «նախագահի ընտրություններից առաջ ամերիկյան հասարակությունում պառակտում մտցնելն» է եղել:
12 մարդ, որոնց գործունեությունը հովանավորել է Պրիգոժինը, զբաղվել են նրանով, որ սոցցանցերում իբր ամերիկացիներին պատկանող կեղծ էջերից #HilIaryCIintonIsNotMyPresident (Հիլարի Քլինթոնն իմ նախագահը չէ), #Trump2016, #MAGA («Եկեք Ամերիկան կրկին հզոր դարձնենք» Թրամփի կարգախոսի հապավումը) հեշթեգերով գրառումներ են արել:
Գործակալության աշխատակիցները նաև համացանցային գովազդ են գնել, որը կոչ էր անում քվեարկել Թրամփի օգտին: Նրանք նույնիսկ փորձել են ԱՄՆ-ում ակցիաներ անցկացնել՝ ներկայանալով որպես ակտիվիստներ, որոնք այս կամ այն պատճառով չեն կարող մասնակցել միջոցառմանը:
Հետաքննության եզրակացությունների համաձայն՝ գործակալության աշխատակիցները չեն դադարել սոցցանցերի միջոցով ազդել ԱՄՆ քաղաքացիների տրամադրությունների վրա նաև ընտրություններից հետո:
Գործակալության գործունեությունն իրականացվել է կեղծ կամ գողացած փաստաթղթերի միջոցով, այդ պատճառով էլ Մյուլերի ցուցակից մի քանի հոգի մեղադրվում է նաև խարդախության և գողության համար:
ԱՄՆ Կոնգրեսն արդեն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ է կիրառել ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության համար: Սակայն Մյուլերի երեկ հրապարակված զեկույցն առաջին պաշտոնական մեղադրանքն է, որն ԱՄՆ-ն առաջադրել է ռուսաստանցիներին այդ գործի կապակցությամբ: