Իրանը կամուրջ է գցում դեպի Ղարաբաղ․ ադրբեջանական սոցցանցերում վրդովված են, սակայն Բաքուն ասում է, որ նախագիծն իր համաձայնությամբ է իրականացվում
Ադրբեջանական սոցցանցերում վրդովմունք է առաջացրել նորությունն այն մասին, որ Իրանն Արաքս գետի վրա «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» երկու հիդրաէլեկտրակայանների շինարարություն է սկսել։
Բանն այն է, որ այդ կառույցների մեջ ներառված ամրակների և կամուրջների մի մասն Ջրական շրջան է հասնում, որն այժմ Հայաստանի վերահսկողության տակ է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հետևանքով։
Ադրբեջանում միշտ վրդովմունք է առաջացնում չճանաչված Ղարաբաղի Հանրապետության հետ հարևան երկրների ցանկացած կապ։ Եվ այս անգամ շատերին զայրացրել է, որ «Իրանը կամուրջներ է կառուցում Ադրբեջանի օկուպացված տարածքներում»։ Սակայն արտգործնախարարությունը վստահեցնում է, որ ամեն ինչ արվում է Ադրբեջանի կառավարության իմացությամբ և համաձայնությամբ։
Ադրբեջանի առավել հայրենասեր և ազգայնական տրամադրություններ ունեցող քաղաքացիներն, առանց այդ էլ Իրանի հետ մի շարք խնդիրներ ունեն։ Մասնավորապես, խոսքն այնտեղ բնակվող ադրբեջանական փոքրամասնության դրության և Իրանի ու Հայաստանի հարաբերությունների մասին է (ոմանք կարծում են, որ այդ հարաբերությունները չափազանց ջերմ են)։
Եվ այն բանից հետո, երբ շինարարության մասին հայտնի է դարձել, սոցցանցերում և լրատվամիջոցներում միանգամից սկսել են ծայր աստիճան զայրացած տեսակետներով հրապարակումներ հայտնվել։
Այսպես, օրինակ, լրագրող Մուբարիզ Ազերբայջանլին Իրանին հիշեցնում է, որ Ադրբեջանը նրան եղբայրաբար է վերաբերվել և ամեն հարցում սատարել է։ Իսկ Իրանն, ըստ լրագրողի, ապերախտ վերաբերմունք է դրսևորում։
«Իրանը, որը խոսքերի մակարդակում ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն գաղտնի Արազի վրայով նավթ և էլեկտրականություն է մատակարարում հայ անջատողականներին, չպետք է հայերի ոտքերի տակ գցի իր և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող տնտեսական, քաղաքական, կրոնական և մշակութային կամուրջները», – գրում է լրագրողը։
Սակայն, ըստ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի, ոչ մի «սարսափելի» բան տեղի չի ունենում, և Իրանի գործողությունները չեն վնասում Ադրբեջանի շահերին։
Դիվանագետն ասում է, որ Արաքս գետի վրա հիդրահանգույցների և ՀԷԿ–երի շինարարության շարունակման մասին համաձայնագիրն Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է 2016 թ–ին։
«Այդ համաձայնագիրը հիմնված է երկու պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքների վրա։ Ամրակների և կամուրջների մի մասը, որը հասնում է Ադրբեջանի տարածք, իրանական կողմն ընկալում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», – պարզաբանել է Խալաֆովը։