Հայաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելառուս․ Վրաստանի մուտքը բաց է
Մարտի 1-ից պարզեցվել են ինքնաթիռով Վրաստան մուտք գործելու կանոնները Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։
Գլխավոր պայմանն այն է, որ ճամփորդողները պետք է ունենան կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, որը հանձնվել է թռիչքից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ, կամ պատվաստման մասին հավաստագիր։ Այդ պայմաններում կարելի է անարգել մուտք գործել երկիր՝ կարանտին չպահպանելով և չինքնամեկուսացվելով։
Սակայն հետո անհրաժեշտ է Վրաստան գալուց երեք օր անց սեփական հաշվին ՊՇՌ կրկնակի թեստ հանձնել։ Խախտման դեպքում 2 հազար լարի [մոտ $600] տուգանք է հասնում։
- Ծովափի տնօրենը, կամ զբոսաշրջությունը Վրաստանում համավարակի օրերին։ Տեսանյութ
- Ճոպանուղի՝ վրացական լեռներում․ տեսապատմություն գյուղից, որտեղ այն միակ փոխադրամիջոցն է
Դեպի Վրաստան ցամաքային ճանապարհները դեռևս բաց են միայն նրանց համար, ովքեր գործնական այցով են ժամանում և բիզնես հրավեր ունեն, ինչպես նաև նրանց համար, ովքեր Վրաստանի քաղաքացու հետ են ամուսնացած՝ նույնպես համապատասխան տեղեկանքի ներկայացման դեպքում։
Վրաստան մուտք գործելու նույնպիսի կանոններ են գործում փետրվարի սկզբից Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի քաղաքացիների համար։